Լիլիթ Գալստյանը դա համարում է ոչ արդարացված և ոչ առաջնահերթ ծախս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2011 17:10

Խորհրդարանում 2012 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ մշակութային ոլորտին` 2 հարց ուղղելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան. «Մշակույթի ոլորտի 6050 աշխատող ստանում է միջինը 56 000 դրամ, և արդյո՞ք մենք կարող ենք մարդակենտրոն հասարակություն ապահովել այս պայմաներում»,-հարցրեց պատգամավորը` հիշեցնելով այսօր խորհրդարանում վարչապետի հայտարարությունը, թե պետք է կերտել այնպիսի հասարակություն, որի կենտրոնում մարդն է և նրա կարողությունների բացահայտումը:

Այնուհետև Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման և տեխնիական վերազինման համար ավստրիական ընկերության կողմից հատկացվող 3 մլրդ 60 մլն դրամի հատկացմանը, որն իրականացվել է առանց մրցութային  կարգի և Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին պետբյուջեից պետք է հատկացնի 8 մլն դրամ:

Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ այդ ծրագիրը աջակցվում է Ավստրիայի կառավարության կողմից, և Հայաստանը այդ ֆինանսավորումը ստանում է խիստ արտոնյալ պայմաններում, ուստի ընտրվել է ոչ մրցութային տարբերակը, ինչը չի հակասում բյուջեի մասին օրենքին:

Գալստյանը մնաց այն կարծիքին, որ այս պահին այդ ծախսն առաջնահերթ չէ. «8 մլն դոլլար մեր պետբյուջեից երկու դահլիճների վերանորոգմանը տրամադրելը  ոչ առանջնային անհրաժեշտության ձայնային սարքավորումների համար ես դասում եմ ոչ արդարացված ծախսերի շարքում»,-ասաց նա:

Վաչե Գաբրիելյանը հակադարձեց` ասելով, թե դա ընդամենը երկու դահլիճների վերանորոգման հարց չէ, այլ ծախսը վերաբերում է բեմական ողջ մեխանիզմներին, որի վերանորոգումն արդեն անվտանգության խնդիր է:

Հիշեցնենք, որ 2012թ. պետական բյուջեի նախագծում 3 մլրդ դրամ (մոտ 8.1 մլն դոլար) է նախատեսված Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի  անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման համար, իսկ աշխատանքները վստահված են ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերությանը:

 

 

 

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply