Սկսվել է երկու անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 16:24

Երեւանի քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության  թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դեռեւս 2010թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ռադիոկենտրոնի հանգստյան սենյակում վերակարգի անդամներ, թիվ N զորամասի ենթասպաներ Ա. Զախարյանի եւ Ա. Ենոքյանի դիակները հայտնաբերելու դեպքի առթիվ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ 2-րդ մասի «ա» կետով: Նկատի ունենալով որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, իսկ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ՌԴ դատախազությունը քրեական գործն ուղարկել է Հայաստանի դատախազություն, որով նախաքննության հետագա կատարումը ՀՀ գլխավոր դատախազի` 2010թ. նոյեմբերի 4-ի  ցուցումով հանձնարարվել է  ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Մ. Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաեւ բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:

Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը եւ այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Մ.Բաշչկովը, նախօրոք իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչեւ 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի  ինժեներատեխնիկական արգելքները, ներխուժել է զորամասի տարածք, մուտք  գործել ռադիոկենտրոնի շենք եւ մտնելով ննջասենյակ` հարձակվել է Ա. Զախարյանի վրա:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Մ. Բաշչկովը ծակող–կտրող գործիքով Արմեն Զախարյանի մարմնի  տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով` սպանել է նրան: Այնուհետեւ նույն գործիքով սպանել է նաեւ սենյակում հանգստացող  եւ այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Միխայիլ Բաշչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը):
Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից եւ այն ըստ էության քննելու համար 20.10.2011թ. ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Միխայիլ Բաշչկովն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Քրեական գործով դատական նիստը նշանակված է 2011թ. նոյեմբերի 17-ին:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply