ՀՅԴ-ն պնդում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2011 15:45

Խորհրդարանում այսօր քննարկման դրվեց Դաշնակցության կողմից ներկայացված և կառավարության կողմից մերժված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնվի գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը` նվազագույն աշխատավարձը 32500-ի փոխարեն սահմանելով 63 000 դրամ, իսկ քաղծառայողներինը` 75 800:

Նախագծի հիմնական զեկուցող, պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեկ անգամ ևս ներկայացրեց օրինագծի հիմնավորումներն ու առաջարկվող փոփոխությունները` ընդգծելով, որ անկախացումից վեր Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի սահմանման հիմնավորված մեխանիզմեր չեն գործել. «Մեր Սահմանանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր աշխատող պետք է ստանա նվազագույնից ոչ ցածր, արդար վարձատրություն,-ասաց Մինասյանը,- և որպեսզի այդ երկու չափանիշները ապահովվեն, մենք առաջարկում ենք օրենսդրական փոփոխության շրջանակներում ամրագրել հետևյալ քաղաքականությունը` աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող պակաս լինել.  1.12-ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից, 2.կենսաապահովման նվազագույն բյուջեից և 3.միջին ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից»:

Մինասյանին զարմացնում է այն, որ կառավարությունը, մերժելով նախագիծը, չի նշում ժամկետներ, թե մոտավորապես երբ է հնարավոր դա իրականացնել.«Կառավարությունն ընդհանրապես մոտ չի գալիս այս գաղափարին, և ստացվում է, որ այստեղ գաղափարական վեճ կա»,-ասաց նա:

ՀՅԴ հաշվարկներով այդ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար կպահանջվի 34 մլրդ դրամ, ինչը հնարավոր է այսօրվա բյուջեով ապահովել, եթե լինի քաղաքականա կամք և ցանկություն: Մինչդեռ Վաչե Գաբրիելյանի խոսքով, այդ թիվը ոչ թե 34 միլիարդ է, այլ 153 միլիարդ:

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply