Վարչապետը պատգամավորներին ներկայացրեց 2012 թվականի պետբյուջեի հիմնական ուղղությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2011 13:28

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2012 թվականին պետական բյուջեի նախագիծը:

Վարչապետը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց 3 կարևորագույն գերակա խնդիրների վրա, որոնց լուծմանն է միտված 2012 թվականի պետական բյուջեն:

Առաջինն, ըստ նրա,  տնտեսական աճի և զարգացման խնդիրն է, ինչը ազգային անվտանգության նշաակություն ունի. «Մենք աշխարհի մի մասն ենք և կրում ենք գլոբալ զարգացումների հետևանքները, ուստի դրանց պետք է համարժեքորեն արձագանքենք,-ասաց վարչապետը` որպես այդ նպատակին ուղղված քայլ ներկայացնելով արդյունաբերության զարգացման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել արտահանման կարողությունները»:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի պատմության  մեջ առաջին անգամ է, որ ՀՀ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համատեղ մշակել է նման ծրագիր:

Տնտեսական աճի և զարգացման գործում հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ վարչապետի, բիզնես միջավայրի բարելավումն է, որը բիզնեսի համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ` որպես օրինակ ներկայացնելով հարկային նոր փաթեթը:

Տնտեսական աճի մյուս կարևորագույն պայմանները տնտեսական ազատ գոտիների ստեղծումն է, որը կխթանի ներդրումները Հայաստանում, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հանրապետության համագործակցությունը. «Այդ համագործակցության շրջանակներում մենք Հայաստանում իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք մեզ համար բացելու են եվրոպական շուկաները,-ասաց վարչապետը,-այդ նպատակին է ծառայում նաև Սանկտ-Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը, որը ստեղծում է ազատ առևտրի հնարավորություն ԱՊՀ երկրների համար` հեշտացնելով նաև ապրանքների արտահանումը»:

Հաջորդ գերակա խնդիրներն, ըստ վարչապետի, քաղաքական կայունությունն ու կայուն տնտեսական միջավայրն է, ինչպես նաև  կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կայացումը, որի կենտրոնում մարդն է:

Վարչապետն ընդգծեց, որ հենց այդ նպատակով է այս տարվա բյուջեն վերաբաշխվել` բարձր եկուտներ ունեցողներից գանձելով ավելի շատ հարկեր, քան փոքր եկամուտներ ունեցողներից, 10 տոկոսով ավելացնելով սոցիալական նպաստները` 100 000 ընտանիքի համար, թոշակները` 500 000 թոշակառուի համար, 120 000 պետծառայողների համար էլ մշակելով սոցիալական փաթեթ, ինչը 10 տոկոսով կավելացնի նրանց եկամուտները:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply