Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. մեդալներով վարագուրված բացթողումներ, հանդիսականի ավելցուկ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 14, 2009 18:01

mhm43651-copy1Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը չնայած մերոնք մեդալներ նվաճեցին, սակայն արձանագրվեցին նաև տխուր իրողություններ, բացթողումներ:

Նախ, մտավախություն կար, որ առաջնության բացման հանդիսության ժամանակ մարզասրահը կարող է չլցվել հանդիսականներով: Եվ դրա համար կատարված գովազդն էլ բավարար չէր: Երևանում գրեթե չկային ստուգատեսին վերաբերող ազդագրեր: Իսկ մարզահամերգային համալիրի մուտքի մոտ երկու անշուք պաստառ էր փակցված: Թերևս, հույսը դրվել էր փորձված հնարքի վրա` պարզապես հանդիսականներ բերել մրցումների: Մեր երկրում դա ավադույթ է: Եթե բնակչությանը կարելի է ավտոբուսներվ տարբեր կարգի ընտրությունների տանել, ապա ինչու չի կարելի պարտադրել, որ տարբեր խավերի ներկայացուցիչները մրցումներ դիտեն` անկախ այն բանից, թե նրանք սպորտը, տվյալ դեպքում ձյուդոն սիրո±ւմ են, թե± ոչ:

Առաջնության բացման օրը մարզահամերգային համալիրի աստիճանների առջև կուտակվել էին մարդկանց հանդիսության բերած, հիմնականում ուժային կառույցների համարանիշերով ավտոբուսները:

Բացման արարողությանը կայացավ ոչ թե մեկնարկի օրը, ինչպես ընդունված է անել, այլ` մեկ օր անց:

Սովորաբար բացումը կազմակերպվում է, մրցումները սկսվելուց մի քանի ժամ անց, որպեսզի ոչ հաղթողներ լինեն, ոչ պարտվողներ, բոլորը ուրախ տրամադրությամբ մասնակցեն հանդիսությանը: Բայց, ինչպես ասում են` մերն ուրիշ է:Դժվար է ասել, թե ինչու էր այդպես ծրագրվել: Հավանաբար, ելակետն այն էր, որ եթե այդ ամենը երկրորդ` շաբաթ օրը կայանա, հանդիսականների թիվն ավելի շատ կլինի: Եվ կենտրոնացվել էին ուժերը` զինվորականներ էին բերվել, ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների, նաև բուհերի, դպրոցների սովորողներ: Ընդ որում, ոմանք ցուցապաստառներ էին ձեռքերին բռնել, որոնց վրա գրված էին հանրակրթական տարբեր դպրոցների համարները:

Մարզահամերգայինի մուտքի մոտ կանգնած մի աղջիկ` հավանաբար ուսանողուհի, ընկերուհու հետ բջջային հեռախոսով զրուցելով, ասում էր, որ նա կարող է այլևս չգալ, քանի որ ներկաբացակա չեն անում: Եվ իրոք, դրա կարիքը չկար, քանի որ կազմակերպիչներն արել էին ավելին, քան իրենցից պահանջվում է: Այսինքն, ավելի շատ մարդ էր բերվել, քան տեղավորում է հանդիսասրահը: Եվ ստիպված էին մարզահամերգայինի դռները փակել, որ այլևս ներս մտնողներ չինեն:

Իսկ իսկական մարզասերները չկարողացան մտնել դահլիճ ու գլխիկոր հետ գնացին, քանի որ դռները նրանց առաջ փակել էին:

Երբ ՄՀՀի ճեմասրահում առաջնության բացման արարողությունից կես ժամ առաջ «Անկախի» թղթակիցը հանդիպեց ՀԱՕԿի պատասխանատու աշխատողներ Անժիկ Միրզոյանին և Ժաննա Այվազյանին, նրանք զարմանքով շտապեցին տեղեկացնել, որ այլևս ազատ տեղ չկա: Եվ իրոք, մարզասրահը լեփլեցուն էր: Բայց հանդիսությունը սկսելուց կարճ ժամանակ անց նստատեղերի մեկ սեկցիա ամբողջովին ազատվեց. Հայաստանի ոստիկանական ակեդեմիայի սովորողները հեռացան իրենց զբաղեցրած հատվածից: Բանն այն է, որ բախում էր առաջացել ապագա օրենքի պահապանների և տեղում կարգուկանոն հաստատող ոստիկանների միջև: Եվ այն կանխելու մի քանի անհաջող փորձերից հետո, ստիպված համազգեստավոր ուսանողությանն` առանց «պարդոն» ասելու, դուրս հրավիրեցին մարզահամերգայինից:

Բացմանը ներկա չէր ՀՀ նախագահը, թեև նրա այցին սպասում էին, նախապատրաստվել էին, և անվտանգության նկատառումներով մուտքի մոտ մետաղորսիչ սարքեր էին տեղադրել: Եկել էր միայն ՀՀ վարչապետը, ով առաջնության կազկոմիտեի նախագահն էր: Բայց նա բացումից հետո անմիջապես հեռացավ մարզասրահից` չսպասելով, որ թեկուզ մեկ գոտեմարտ դիտի: Հավանաբար Տիգրան Սարգսյանին դուր չէին եկել հանդիսության ժամանակ տեղի ունեցած տեխնիկական անհարթությունները, գուցե նա սպասում էր, որ իրեն ևս ձայն կտան, քանի որ ի վերջո այդ միջոցառման կազմկոմիտեի նախագահն է` և դրանից վիրավորվել էր: Հնարավոր է, որ վարչապետին ոչ բոլոր մարզաձևերն են հոգեհարզատ: Հայտնի է, որ նա շախմատի սիրահար է, այդ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահը:

Գարնանը Երևանում, երբ անցկացվում էր ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային մրցաշարը, վարչապետը, կրկին սառը վերաբերմունք դրսևորելով, բացման և փակման արարողություններն նպատակարհարմար չհամարեց ներկա գտնվել:

Սուլոցներ` սահմանակից երկրների պատվիրակներին

Ինչ վերաբերում է առաջնության բացմանը, ապա սկզբում մարզասրահ բերվեցին մասնակից 38 երկրների դրոշները: Այդ պատիվը վստահվել էր ամեն երկրի հավաքականի առաջատար ձյուդոյիստին: Սուլոցներ հնչեցին, երբ դահլիճում հայտնվեցին Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների դրոշակակիրները: Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը, երբ ողջունեց ստուգատեսի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի պատվիրակությանը, որը տևական ընդմիջումից հետո Երևան է եկել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանում առաջիկայում կազմակերպել խոշորամասշտաբ մարզական այլ ստուգատեսներ: Նա նշեց, որ Ցյուրիխում օրերս ՄՕԿի ղեկավարությանն է հանդիպել և պայմանավորվել է, որ 2018-ի կամ 2020-ի Եվրոպայի օլիմպիական երիտասարդական օրեր փառատոնն անցկացվի Երևանում: Իսկ երբ Ծառուկյանը առաջնությունը բացված հայտարեց, եղավ նաև գեղարվեստական մաս` մնջախաղ, երգ, պար, օդային ակրոբատիկա, որոնց կատարման ժամանակ ավելի շատ մտապահվեցին մի շարք տեխնիկական թերություններ: Լավն այն էր, որ այդ «գեղարվեստական մաս» կոչվածը կարճատև էր: Ընդ որում, խոսակցություններ կային, որ վարչապետը հեռացել է, քանի որ գեղարվեստական մասը չի հավանել:mhm43650-copy

Երբ տատամի հրավիրվեցին 57 կգ քաշային ձյուդոյիստների եզրափակչի մասնակիցներ հունգարացի Հեդվիգ Կարակասն և ուկրինացի Լյուդմիլա Մարչենկոն, բեմահարթակի վրա մնացած դհոլահարների խումբը սկսեց նվագակցել: Բավականին ժամանակ անցավ մինչև կազմակերպիչները նրանց հասկացրին, որ սա Հայաստանի կոխի առաջնություն չէ, այլ` ձյուդոյի եվրոպական ստուգատես, և մրցմանն ավելորդ է դհոլի նվագակցությամբ շուք տալը, ավելին` այն խանգարում է մարզիկներին և մրցավարներին:

Նոր էջ` հայկական սպորտի տարեգրությունում

Առաջնության երկրորդ օրը կատարվեց այն, ինչը մեզ համար նորություն էր: Հայկական սպորտի տարեգրության ընթացքում առաջին անգամ մեր երկրի երիտասարդ ձյուդոյիստը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Դա հաջողվեց 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանին, ով պարտության մատնելով Գերմանիայի, Լատվիայի, Պորտուգալիայի, Իտալիայի,Հունաստանի ձյուդոիստներին կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Նրա անցկացրած եզրափակիչ հանդիպումը հույն Դավիդ Թսոկուրիսի հետ դժվարին էր, այն ընթացավ տակտիկական պայքարում, և մեր մարզիկը հաղթեց փոքր առավելությամբ` 2:0: Գյումրեցի 19-ամյա ձյուդոյիստը մարզիչ Կարեն Սիմոնյանի աշակերտն է, ով նաև Հայաստանի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչն է:

«2008-ին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել էի փոխչեմպիոն: Այս տարի Սանկտ Պտերբուրգում, Բեռլինում, Պրահայում միջազգային մրցաշարերի էի մասնակցել և բոլորում էլ երրորդ տեղ էի գրավել»,- ասում է նորընծա չեմպիոնը,-միշտ մի բան պակասում էր, երևի տեխնիկական ոչ այնքան լավ մակարդակ էի դրսևորում: Այս անգամ ամեն բան ստացվեց: Կփորձեմ լավ հանդես գալ հոկտեմբերին`Փարիզում կայանալիք աշխարհի եիտասարդական առաջնությունում: Իսկ երազանքս է դառնալ օլիմպիական խաղերի հաղթող»:

Հայաստանից Դավիթ Մկրտչյանը (55 կգ) և Տիգրան Վարոսյանը (60 կգ) ստացան բրոնզ: Նրանք պարտվեցին միայն իրենց քաշային կարգերում չեմպիոն դարձած Ռուսաստանը ներկայացնող վրացի Վիկտոր Աշկինաձեին և Վրաստանի հավաքականի անդամ Պաատա Մերաբիշվիլիին:

dzyudo1 ՀՀ երիտասարաական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը ուրախ էր այս մարզիկների մրցելույթից ու նաև դժգոհ, որ նրանք ինչոր տեղ չեն կատարել առաջադրանքը և պարտվել են: Մասնավորոպես, իր աշակերտ Մկրտչյանի մասին նա ասաց. «Դավիթն այս տարի Իրանում անցկացված միջազգային ստուգատեսում 2-րդ մրցանակակիր էր դարձել, Վրաստանում, Չեխիայում կազմակերպված միջազգային մրցաշարերում էլ` հաղթող: Ի դեպ, Պրահայում կայացած մրցումներում Դավիթը մեծ առավելությամբ հաղթել էր երևանյան առաջնության չեմպիոնին` Աշկինաձեին: Իմ կարծիքով, մրցավարները կողմնակալ գտնվեցին: Նախ, բարձր միավոր չշնորհվեց մեր մարզիկին կատարած բարդ հնարքի համար, հետո Մկրտչյանին նկատողություն հայտարարվեց, և մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Այսուհանդերձ, գոհ ենք, որ մեդալ ունեցանք: Դժվարանում եմ ասել, եթե Դավիթը եզրափակիչ մտներ ռուսաստանցու փոխարեն, ինչպես կպայքարեր ադրբեջանցի մարզիկի հետ: Ադրբեջանցի այդ ձյուդոյիստի հետ Դավիթը նախկինում երբեք չէր մրցել»:

Ադրբեջանցիները Հայաստանում` ինչպես իրենց տանը. Ղարաբաղի դրոշը հանվել է նրանց ցանկությամբ

Ադրբեջանցիները Հայաստանում արժանացան1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալի: Չեմպիոն դարձավ Էլմար Գասիմովը (100 կգ), արծաթ նվաճեց Իլդար Մուշկիևը (55 կգ), Իսկ բրոնզ`Ռասիմ Ասադուլաևը (60 կգ), Ֆագան Էմինօղլուն (66 կգ), Ռամին Կուրբանովը (81 կգ): Դոպինգի հսկողություն իրականացնող Հայաստանի մասնագետները նշեցին, որ Ադրբեջանի պատվիարակության կազմում է եղել դոպինգի միջազգային մեծ փորձ ունեցող մասնագետ, որն ուղեկցել է մարզիկներին փորձաքննությունների ենթարկվելու ժամանակ:

mhm43658-copyԱդրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Ագայար Ախունզադեն, «Անկախ»-ին հայտնեց, որ Երևանում դժգոհելու ոչ մի առիթ չունեն: Նա վստահ էր իր թիմի ուժին և

Էլմար Գասիմովի (100 կգ) հաղթանակի մասին ասաց, որ սպասելի էր, քանի որ նա աշխարհի մեծահասակաների առաջնությունում 5-րդ տեղ էր գրավել: Իսկ եթե իր սաներից ոմանց ինչոր բան չի բավականացրել, կամ էլ մրցավարը որևէ հնարք չի գնահատել, միայն մեկ բացատրություն ունի` սպորտ է, ամեն բան հնարավոր է:

Ադրբեջանցի մասնագետը հայտնեց, որ Թբիլիսից, երբ սովորական չվերթով, հայերի հետ Երևան են եկել, ուղևորները շատ են զարմացել: Ախունզադեն, ով նախկինում միայն մեկ անգամ էր որպես մարզիկ եղել Հայաստանում, ասաց, որ թեև երկու տասնամյակ է ադրբեջանցիները Հայաստան չեն եկել, սակայն դրսում հայ ձյուդոյիստների հետ միշտ էլ ողջագուրվել են, լավ հարաբերություններ պահպանել:

Չնայած նրա գոհունակությանը, առաջնության օրերին ադրբեջանական մամուլում բացասական անդրադարձներ են եղել, թե, իբր, Ղարաբաղի դրոշներ են դրվել` հատուկ ադրբեջանցիների, ավտոբուսներում:

Ախունզադեն պարզաբանեց, որ միայն մի միջադեպ է եղել. առաջին օրը, երբ իրենց սպասարկող ավտոբուսն են նստել, վարորդի առջև տեսել են Հայաստանի, Վրաստանի, Ղարաբաղի փոքրիկ հուշադրոշներ և խնդրել են, որ հանեն դրանք, ինչն անմիջապես կատարվել է: Եվ քանի որ իրենց հետ լրագրող կար, նա գույները խտացրել և իր ուզածով է ներկայացրել, մինչդեռ, դրա կարիքն ամենևին էլ չի եղել:

Ադրբեջանցիներն իրենց շատ անկաշկանդ էին զգում: Հանգիստ, ուզած տեղը գնում էին, նստում դահլիճում, բարձրաձայն խորհուրդներ տալիս իրենց հայրենակիցներին, ծափահարում և քաջալերում նրանց: Ասես, նրանք իրենց տանն էին: Ամենակարևորը նրանք իրենց առջև նպատակ էին դրել, որ ի պատիվ իրենց մարզիկի հաղթանակի, Երևանում հնչի Ադրբեջանի օրհներգը և հասան դրան: Դահլիճի հանդիսականները ոտքի կանգնած, լուռ ու մունջ հետևեցին այդ արարողությանը:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply