Հայ օլիգարխներն ընդամենը 3 թիկնապահ կունենան. օրինագիծն արդեն օրակարգում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 8:20

Հայաստանի Ազգային Ժողովն այս քառօրյայի օրակարգում ընդգրկել է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ թիկնապահների թիվը պետք է սահմանափակվի 3-ով, իսկ ուղեկցող մեքենաների թիվը` մեկով: Օրինագիծը հեղինակել են հանրապետական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Հովհաննես Սահակյանը:

Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրինագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել: Քննարկման արդյունքում նախագծին միացել են նաեւ դաշնակցական պատգամավորները: «Ընդհանուր հայտարարի գալով` համատեղ նախագիծ ենք ներկայացրել, որտեղ հաշվի է առնվել նաեւ կառավարության առաջարկները: Այսինքն մի ամբողջական, քաղաքական փաստաթուղթ է ստացվել: Ընդհանուր գաղափարախոսությունը կայանում է հետեւյալում. Մենք հիմք ենք ընդունել նախագահի ելույթը ՀՀԿ 20-ամյակի միջոցառման ժամանակ: Այո, նախագծում կա նման կետ, որ նման ծառայությունից օգտվող անձանց տրամադրվում է մեկ մեքենա եւ երեք թիկնապահ, այդ թվում վարորդը, եթե նա էլ գրանցված է որպես թիկնապահ»,- նշել է Սահակյանը:

Վերջինիս խոսքով, սա մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի առօրյայում երբ անձին տեսնում ենք այս կամ միջոցառման ժամանակ, այդ թիկնապահական շքախումբը, որ քայլում է փողոցներով, որոշակի անհարմարություն է ստեղծում, կամ խոչընդոտներ է առաջացնում: «Հիմնականում օրենսդրական դաշտ է բերվել կամ կանոնակարգվել է զենքի գործածությունը: Զենքի հետ կապված ցանկացած գործողություն պետք է կարգավորվի «Զենքի մասին» օրենքով: Կազմակերպությունները պետք է բարդեցված կարգով լիցենզիա ստանան, եւ այսկերպ կարգավորենք դաշտը»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

Դիտարկմանը, թե հիմնականում թիկնապահների մեծ բանակով շրջում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորների մի մասը, ինչպես են նրանք վերաբերում այս նախագծին, Սահակյանը պատասխանեց. «Օրենքը դեռեւս հանձնաժողովի մակարդակով է  քննարկվել եւ մտել է լիագումար նիստերի օրակարգ, դեռ լայն քննարկման առարկա չի դարձել: բայց չեմ կարծում, խնդիր պետք է լինի: Դա մի դաշտ է, որտեղ իսկապես խնդիր կա, եւ պետք է կանոնակարգվեն այդ հարաբերությունները: Կարծում եմ` ոչ միայն հանրապետական մեր գործընկերները, այլեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նաեւ անհատներ, որոնք քաղաքական ուժերի չեն հարում, դեմ չեն լինի, այլեւ կողջունեն, որովհետեւ մենք իրավական պետություն ենք»:

Օրինագիծն արդեն քառօրյայում է, եւ Հովհաննես Սահակյանն ակնկալում է, որ հարկային փաթեթի քննարկումից հետո, գոնե հինգշաբթի օրը կսկսվի օրենքի քննարկումներն առաջին ընթերցմամբ:

Հովհաննես Սահակյանը նաեւ չի կարծում, թե փոխզիջում լինի եւ մեքենաների ու պահնորդների քանակն ավելացվի:  «Հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է: Մենք միջազգային փորձը ուսումնասիրել ենք, եւ եկել եզրահանգման, որ մեկ մեքենան եւ երեք թիկնապահն ի զորու են որոշակի խնդիրներ լինել պահպանել տվյալ անձին: Չեմ կարծում, որ կլինեն լուրջ առաջարկություններ տվյալ պարագայում: Բոլորն են հասկանում տվյալ հոդվածի արժեքը»,- ամփոփեց պատգամավորը:

 

 

NEWS.am

 

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply