Հայկական սուրճը գերիշխում է վրացական շուկայում` վրացական ընկերությունները սնանկանում են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2011 7:26

Ամերիկյան The Financial հանդեսն իր հոկտեմբերի 14-ի համարում հոդված է տպագրել Վրաստանի սուրճի շուկայի մասին, հայկական ընկերություններին մեղադրելով շուկայի մենաշնորհացման մեջ: Այս հանդեսը առաջին անգամը չէ տնտեսական թեմաներով հակահայկական հոդվածներ տպագրում: Պատճառն այն է, որ այդ թերթի տարածաշրջանային կենտրոններից մեկը գտնվում է Վրաստանում, ու հոդվածների հեղինակներն էլ վրացիներ են:

Այս անգամ Մարիամ Պապիձե անունով հոդվածագիրը մեջբերում է Kazbegi Coffee բրենդի սեփականատիրոջ` Վաժա Բուրդուլիի խոսքերը, ըստ որի` այս բրենդը շուկայից դուրս է մղվում Հայաստանից ներմուծված սուրճի հետ մրցակցությանը չդիմանալով:

Սա այն դեպքում, որ ըստ նույն հոդվածում մեջ բերված վիճակագրության` Հայաստանից Վրաստան ներմուծված սուրճի քանակությունը նվազել է: Այսպես` եթե 2009 թ. Վրաստանը Հայաստանից ներմուծել էր 1180 տոննա սուրճ, ապա 2011 թ.` 680 տոննա:

Նշենք, որ Հայաստանի սուրճի շուկան նույնպես ունի գերիշխող դիրք գրավողներ: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցուցակի` 2011 թ. հունիսի դրությամբ սուրճի շուկայում գերիշխող են հետեւյալ ընկերությունները.

– Հատիկավոր սուրճի շուկայում` «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ քենդի» եւ «Վիվա Ագռո»,

– Աղացած սուրճի շուկայում` «Ալեքս Գրիգ», «Արմեն-Համիկ», «Ռոյալ Արմենիա»,

– Լուծվող սուրճի շուկայում` «Մոկոնաթ», «Նյու ֆորս», «Մարսերալ»:

Այս շուկաներում ու ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն մեկ անգամ չէ, որ վարույթ է հարուցել` անբարեխիղճ մրցակցության տարաբնույթ դրսեւորումների համար: Չենք բացառում, որ մուտք գործելով հարեւան շուկա` այս ընկերությունները նույնպես գայթակղվեն անբարեխիղճ մրցակցությամբ: Սակայն դրա ուսումնասիրությունը հակամենաշնորհային մարմնի գործն է:

Իր հոդվածում վրացի հոդվածագիրը նշում է, որ Վրաստանում հակամենաշնորհային մարմինը լուծարվել է 2005 թ., ու մենաշնորհների դեմ քաղաքականություն չի տարվում:

Սակայն խնդիրը, կարծում ենք, այլ է: Մեր տեղեկություններով` Վրաստանում փաթեթավորված սուրճը չափազանց անորակ է, ու վտանգավոր առողջության համար: Այդ պատճառով վրացի սպառողները նախընտրում են հայկական փաթեթավորմամբ սուրճը, որ թեեւ էլի անթերրի չէ, սակայն անհամեմատելի է վրացական սուրճի հետ:

Փաստորեն` վրացական պետական մարմինները չեն կարողանում պատշաճ վերահսկողություն սահմանել շուկաների նկատմամբ, իսկ վրացական ընկերությունները բավական կեղտոտ հնարքներ են բանեցնում իրենց մրցակիցներին վնասելու համար:

 

Սամվել Ավագյան

 

NEWS.am

 

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply