Ենթահանձնաժողովը որոշեց, որ Գանձասարի շրջապարսպի սալիկապատված հատվածը ենթակա է ապամոնտաժման և նախկին տեսքով վերականգնման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 22:33

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը  նոյեմբերի 14-ի իր նիստում

միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեց, որ Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով:

 

Ենթահանաձնաժողովը դիմելու է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ Հանրային խորհրդի նիստում հաստատման դնելու այս որոշումը: Այսօր ընդունված որոշման մեկ այլ կետով, պարսպի սալիկապատած հատվածը մասնագիտորեն ապամոնտաժելու և նախկին տեսքը վերականգնելու գործընթացին հետևելու համար Հանրային խորհրդի, ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կձևավորվի:

 

Ենթահանձնաժողովն այս որոշումը կայացրեց երկարատև քննարկումից, ինչպես նաև երկու հուշարձաններում ոչ մասնագիտական վերականգնման արդյունքն ուսումնասիրած մասնագետների աշխատանքային խմբի եզրակացությունն ու մյուսների կարծիքները լսելուց հետո:

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ Գանձասարի շրջապարսպի սալիկապատման անթույլատրելիության շուրջ իրենց դիրքորոշումը չի փոխվել, սակայն գրագետ ապամոնտաժմանը մասնագիտական մոտեցում է հարկավոր, ինչը ձեռնարկել են:

 

Ենթահանձնաժողովը գրեթե համանման որոշում կայացրեց Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու մասին, որում Ծմակահող գյուղի երիտասարդներն՝  առանց մասնագետի հսկողության, փորձել են իրենց ուժերով վերանորոգչական աշխատանքներ կատարել, բայց արդյունքում ակամայից վերացրել են եկեղեցու մի շարք արժեքներ:

 

Ենթահանձնաժողովի որոշումները՝ պաշտոնական տեսքով, առաջիկա օրերին կտեղադրվեն ՀԽ կայքէջի համապատասխան բաժնում:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply