Վիկտոր Դալլաքյանը` Հովիկ Աբրահամյանի և ապագա խորհրդարանի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2011 16:47

ՀՀ ազգային ժողովի «ամենահնաբնակ» պատգամավորներից մեկը` անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Անկախ»-ին ներկայացրեց ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև ապագա խորհրդարանի վերաբերյալ իր կարծիքը: Նշելով, որ գնացողների հետևից կամ միայն լավն են ասում կամ միայն վատը, Դալլաքյանը խոստացավ զերծ մնալ երկու ծայրահեղ մոտեցումներից և ներկայացնել իր օբյեկտիվ վերաբերմունքը:

Դալլաքյանը մի փոքր զարմացած է, որ Աբրահամյանը, նախկինում լինելով պետական կառույցների պաշտոնյա, կարողացավ իրեն հաջող դրսևորել խորհրդարանում. «Ես Աբրահամյանին համարում եմ կայացած չինովնիկ, քանի որ նա հիմնականում աշխատել է գործադիր իշխանությունում,-ասաց նա,-ինչ վերաբերում է պառլամենտում նրա գործունեությանը, ապա ինձ համար զարմանալի էր, որ լինելով բյուրոկրատիայի ներկայացուցիչ, որտեղ ավելի շատ ընդունված է հրամայելու, հրամանները և որոշումներն անվերապահ կատարելու մթնոլորտը, նրան հաջողվեց հանդուրժող լինել պառլամենտում»:

Դալլաքյանը հիշեցնում է, որ «պառլամենտը ազատության շատ մեծ դոզա ունի», և այնտեղ պետք է լինել հանդուրժող, անգամ, անձնական վիրավորանքների նկատմամբ:

Ինչ վերաբերում է Աբրահամյանի քաղաքական գործունեությանը խորհրդարանում, ապա Դալլաքյանի խոսքով, նրա օրոք ևս խորհրդարանը լուրջ քաղաքական դեբատների կառույց չդարձավ` միաժամանակ նկատելով, որ խորհրդարանն այդպիսին չէ 1995 թվականից ի վեր:

Նրա գնահատականով, այդ առումով մինչ օրս անգերազանցելի է առաջին խորհրդարանը (1990-1995). «Նախ այն գործել է էքստրեմալ պայմաններում` պատերազմական իրավիճակ, փլուզված ԽՍՀՄ, Հայաստանի շրջափակում և այլն: Բացի այդ,  քննարկվում և ընդունվում էին որոշումներ, որոնք իրավիճակային խնդիրներ էին լուծում, մի խոսքով, այդ պառլամենտն իսկապես առանցքային նշանակություն ուներ և կատարում էր իր դերը»,-ասաց պատգամավորը:

Դալլաքյանը նաև նկատում է, որ առաջին խորհրդարանն ինչ որ առումով դարձել է կադրերի պատրաստման դարբնոց. «Այդ պառլամենտի անդամ են եղել Հայաստանի 3 նախագահները` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան: Այդ պառլամենտի անդամներ են եղել մեր 12 վարչապետերի զգալի մասը` Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունան, Հրանտ Բագրատյան, Վազգեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան»,-թվարկում է պատգամավորը` ցավով արձանագրելով, որ 95-ից հետո խորհրդարանի պրոֆեսիոնալ և քաղաքական մակարդակն աստիճանաբար ընկել է, այնինչ պետք է հակառակը լիներ:

Ապագա խորհրդարանի վերաբերյալ Դալլաքյանը մի պարզ ցանկություն ունի. «Թող այն նմանվի 1990-95 թվականների պառլամենտին, ես բավարարված կլինեմ»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը վերջին խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատը ստացել է չորրորդ անգամ:

 

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply