Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում կառուցվող հեղեղատարների շինհրապարակներ և մասնակցել ծառատունկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 15:39

Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը նախ այցելել և տեղերում ծանոթացել է քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր հեղեղատար ցանցերի  շինարարական աշխատանքների ընթացքին: Մայրաքաղաքի հեղեղատար ցանցի վերակառուցումն  ու բարեփոխումն անհետաձգելի պահանջ էր դարձել, հաշվի առնելով հատկապես վերջին տարիներին անձրևի և ձյան հալոցքի ջրերի կուտակումները, որոնք դժվարանցանելի էին դարձնում մայրաքաղաքի որոշ հատվածներ:

Խորենացի փողոցում շինարարները Տարոն Մարգարյանին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի: Աշխատանքների մեկնարկային փուլում հանձնարարվել էր խստագույն հետևել ինչպես սահմանված ժամանակացույցին, այնպես էլ հաստատված նախագծի պահանջերին, որպեսզի լիարժեք ապահովվի հեղեղատարների ֆունկցիոնալ նշանակությունը:

Տարոն Մարգարյանը հետևել է նաև Լենինգրադյան փողոցում ավարտական փուլ մտած հեղեղատար ցանցի շինարարության ընթացքին: Այստեղ խողովակաշարերն արդեն տեղադրված են,ընթանում են անձրևատարների տեղադրման աշխատանքները:

Համապատասխան մրցույթների անցկացումից հետո, հոկտեմբերի 30 ից սկսած, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են ընթանում  նաև Ռուբինյանց, Սևանի և Թևոսյան փողոցնորում: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 224 միլիոն դրամ է: Միջոցները հատկացվել են Երևանի համաքաղաքային բյուջեից: Թևոսյան և Սևանի փողոցների հեղեղատարների շահագործման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը, մյուս 3 փողոցներում աշխատանքները  կավարտվեն դեկտեմբերի 25-ին: Շինարարները, սակայն, վստահեցրել են, որ աշխատանքները կավարտեն ժամանակից շուտ:  Հեղեղատարների կառուցման ծրագիրը կշարունակվի նաև 2012 թ. ին:

Այս տարի “Երևան ջուր” ՓԲԸ կողմից ևս 5 նոր հեղեղատարներ արդեն գործարկվել են Մյասնիկյան պողոտայում, Աբովյան պուրակ-Հերացի փողոցի թունել հատվածում, Կորյուն-Չարենց-Ալեք Մանուկյան փողոցների հանգույցում, Գյուրջյան և Հալաբյան փողոցներում:

Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը այցելել և ծանոթացել է նաև մայրաքաղաքի մուտքերի բարեկարգման և կանաչապատման ծրագրով արդեն պատշաճ տեսք ստացած Արգավանդի տրանսպորտային հանգույցի և նոր միջնաշերտ ունեցող Բաբաջանյան փողոցի հարակից տարածքներում կատարված աշխատանքներին: Ներկրված սևահողում ցանվել է սիզախոտ , ինչի արդյունքում արդեն գարնանը տարածքը կանաչ տեսք կունենա: Վերոհիշյալ հատվածներում անցկացվել է նաև ոռոգման ցանց: Շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում մաքրվել, ճմապատվել ու բարկարգվել են  Բաբաջանյան փողոցով անցնող կամրջին հարող հատվածները: Տարածքն ասֆալտապատվել է, ճանապարհի եզրաքարերն էլ փոխարինվել են նորերով:

Մայրաքաղաքի նոր` Իսակովի պողոտայում կառուցված հեծանվահրապարակի նպատակային նշանակության բնույթից ելնելով, մարզակառույցի շահագործման հանձնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան կառույցներին հանձնարարվեց մշակել ու ներկայացնել պողոտայի տվյալ հատվածում վերգետնյա անցում կառուցելու նախագիծ: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խնդիրը ներառել 2012 թվականի համայնքային բյուջեի նախագծում` որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց:

Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը այցելել է նաև Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգի, որտեղ մասնակցել է աշնանային ծառատունկին: 2011 թվականի աշնանային ծառատունկի շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում կտնկվի  8000 դեկորատիվ ծառ, որոնցից 3000-ը թույա, 2000- ը սոսի, 1000 հացենի և 2000 դեկորատիվ թուփ: Այս խմբաքանակն, ըստ նախապես ներկայացված հայտերի, արդեն բաշխվել է վարչական շրջաններին:

Զրուցելով տարածքի բնակիչներ հետª Տարոն Մարգարյանը նշել է, որ գարնանը այգու տարածքը ամբողջությամբ կբարեկարգվի, կկառուցվեն բաց և փակ զրուցարաններ, վնասված սալաքարերն էլ կփոխարինվեն ասֆալտե ծածկույթով: Ծրագրի իրականացման ուղղությամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել են հստակ  հանձնարարականներ:

Ի դեպ, ծառատունկին մասնակցել են նաև ՀՀԿ Էրեբունու երիտասարդական կառույցի ներկայացուցիչները, ովքեր պարտավորվել են ստանձնել այգու խնամքը, ինչը ողջունվել է Տարոն Մարգարյանի կողմից:

Աշնանային ծառատունկի ընթացքում ևս 3000 ծառ կտնկվի Եռաբլուրի տարածքի բարեկարգման ծրագրով: 2000 դկորատիվ ծառ էլ, բացի վերոհիշյալ 8000-ից, ձեռք է բերվել Նոր Նորք վարչական շրջանի կողմից ու կտնկվի Նոր Նորքի այգիներում, պուրակներում և բակերում:

Հարկ է նշել, որ ինչպես այս, այնպես էլ գարնանային ծառատունկը կազմակերպվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Ի դեպ, ապրիլից սկսված, գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15300 տերևավոր և 17200 մշտադալար ծառ ու թուփ: Մշտադալարներն այս տարի մայրաքաղաք ներկրվեցին առաջին անգամ և, բարենպաստ եղանակի շնորհիվ, տնկվեցին մինչև հուլիս£ Մասնագետների վկայությամբ կպչողականության ընդհանուր ցուցանիշը կազմել է 75 տոկոս:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply