Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց իր հրաժարականը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2011 13:23

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահը պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Արտահերթ ելույթում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վաղաժամ վայր է դնում Ազգային ժողովի նախագահի իր լիազորությունները, քանի որ գնում է` ղեկավարելու Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, որի աշխատանքների կազմակերպումն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ չափազանց կարևոր է:

Ըստ Հովիկ Աբրահամյանի`Հայաստանը  մտնում է խորհրդարանական ընտրությունների նախտընտրական փուլ, որն անցկացնելն ու կազմակերպելը  բոլորի, նաև իշխանությունների պատվի գործն է, քանի որ ընտրություների ցանկացած բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրի հեղինակությանը:

Իր պաշտոնավարման ընթացքում, ըստ խորհրդարանի ղեկավարի,ինքը փորձել է  Ազգային ժողովի աշխատանքը հնարավորինս դարձնել թափանցիկ, ապահովել բազմակարծությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` հենց օրենսդիրի ամբիոնն է, որ պետք է շարունակի լինել ոչ ստանդարտ կարծիքների հնարավորություն, որոնց համադրման ու հակադրման արդյունքում էլ ծնվում են օրենսդրական լուծումներ:

«Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով,-ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` չի պատարստվում խուսափել իր ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից ու պատգամավորական պարտականություներից»:

Ավարտելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի ու համագործակցության, խորհուրդների, առաջարկությունների և քննադատության համար. «Սա հատկապես վերաբերում է պարոն Ստյոպա Սաֆարյանին»,-կատակեց նա:

Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո «Ընդերքի մասին» օրենքի քննարկումն էր, որի համար ելույթ ունեցավ Ստյոպա Սաֆարյանը և օգտվելով առիթից` պատասխանեց Հովիկ Աբրահամյանի ելույթին` նշելով, որ «Ժռանգության» և Ազգային ժողովի նախագահության հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել, սաայն դա քաղաքական մրցակցության մի մասն է. «Ես «Ժառանգության» անունից շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Չեմ կարող հերքել, որ Ձեր նախագության օրոք եղել են դեպքեր, երբ ԱԺ-ն իրեն փորձել է պահել` որպես օրենսդիր մարմին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, հինգ օրվա ընթացքում եթե Խորհրդարանի ղեկավարը ետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, այն կհամարվի ընդունված:

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply