Բաժանում չինական ձևով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 10:21

Չինաստանում գնալով լայն տարածում են գտնում «հակախնամախոսական»  ծառայությունները: Վճարելով 100 յուան`  կարելի է  դյուրին կերպով  սրտի տիրուհուց կամ էլ  նախկին սիրեկանից ազատվել: Ձեր փոխարեն ողջ «կեղտոտ» գործը կատարում են «հակախնամախոսները»: Նրանց գտնելն էլ շատ հեշտ է. բավական է ինտերնետում համապատասխան հարցում տեղադրելը, և իսկույն բազմաթիվ առաջարկներ կարվեն: Նմանատիպ ծառայություններ տրամադրողներից մեկը` 26-ամյա Գե Բանշանը,  պատմում է, որ հիմնականում օգնության են դիմում երիտասարդ կանայք, որոնք տառապում են նախկին ընկերոջ հետապնդումներից: «Ես նրանց փոխարեն նամակ եմ գրում ինտերնետում» ,- ասում է նա: Իսկ երբեմն նա ստիպված է լինում հանդես գալ  դետեկտիվի դերում: Օրինակ, մի երիտասարդ կին  սպառնացել է նախկին ընկերոջը, որ ինքնասպան կլինի, սակայն, ինչպես պարզվել է, նա ընդամենը սովորական բլեֆ էր արել:

«Հակախնամախոսներն»  իրենց կանոններն ունեն. ասենք` հաճախորդը պետք է 20 տարեկանից բարձր լինի ու չամուսնացած: Բացի այդ, նրանք խուսափում են ընտանեկան   հարաբերություններ պարզելու գլխացավից, «չեն վերադարձնում» ամուսիններին: Համենայն դեպս, Գեն իր գործակալությունում նման կանոնների է հետևում: Ի դեպ, այս աշխատանքը ևս ունի իր վատ կողմերը, օրինակ` մի քանի անգամ Գեն հեռախոսով սպառնալիքներ է լսել իր հասցեին: Հետաքրքիր է, որ չնայած Չինաստանում շատ է կարևորվում ընտանիքի դերը, միևնույն է , երիտասարդներն  ավելի ու ավելի շատ են ազատ` առանց կնիքի հարաբերությունների ձգտում: Կան նաև այնպիսիք, ովքեր զբաղվածության պատճառով չեն կարողանում զույգ գտնել. տարբեր գնահատականներով նրանց թիվը 180 մլն է: Ու, չնայած այս ամենին, նման գործակալությունների ծառայությունները պահանջված են:

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply