Հայաստանի ներկայացուցիչները ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեցին մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2009 15:38

Երեկ Երևանի մարզահամերգային համալիրում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը. Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երեք մեդալ և մեդալների թիմային հաշվարկով գրավեցին 9-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը: Մարզիչ Կարեն Սիմոնյանի սանը` Արտյոմը, եզրափակչում 2:0 հաշվով առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Դավիդ Թսոկուրիսի նկատմամբ: Պարգևատրման արարողության ժամանակ ոսկե մեդալը Արտյոմին հանձնեց և առաջինը շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Բաղդասարյանի այս հաջողությունը պատահական չէր. նա նախորդ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունունում դարձել էր փոխչեմպիոն: Ուշագրավն այն էր, որ 19-ամյա մարզիկն ընթացիկ մրցաշրջանում միջազգային երեք մրցաշարի էր մասնակցել և բոլորում էլ ճանաչվել էր երրորդը: «Հավանաբար տեխնիկական պատրաստականության մակարդակը բավարար չէր: Այս անգամ ամեն բան ստացվեց: Այժմ պետք է լավ նախապատրաստվեմ հոկտեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այս հաջողությունը պարտավորեցնում է»,-«Անկախ»-ին ասաց նորընծա չեմպիոնը: Ի դեպ, նախկինում հայ ձյուդոյիստներից ոչ մեկին չէր հաջողվել հաղթող ճանաչվել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնությանը կնախապատրաստվի նաև այս ստուգատեսի բրոնզե մեդալակիր, վանաձորցի Տիգրան Վարոսյանը (60 կգ): Իսկ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնած մեր երկրի մյուս ներկայացուցիչ, երևանցի Դավիթ Մկրտչյանը (55 կգ) պատրաստվում է տեղափոխվել 60 կգ քաշային կարգ և մասնակցել մեծահասակների մրցումների: Այդ է պատճառը, որ նա բաց կթողնի աշխարհի երիտասրդական առաջնությունը:

Ինչպես հայտնի է, առաջնության մասնակից 38 երկրների թվում էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները: Սահմանակից երկրի հավաքականի գերխնդիրն այն էր, որ անպայման ոսկե մեդալ նվաճեն և Հայաստանում հնչեցվի իրենց երկրի օրհներգը, բարձրացվի Ադրբեջանի դրոշը: Դա հաջողվեց անել 100 կգ քաշայինների մրցաշարի մասնակից Էլմար Գասիմովին: Ի դեպ, այդ երկրի ձյուդոյիստներն առաջնությունից տարան ևս մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply