Հայաստան- Վրաստան`33:22

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2011 21:14

Երևանի «Միկա» մարզասրահում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ: Առաջին խաղակեսում մերոնք արդեն առջևում էին 20:8 հաշվով:  Թերևս, այդ է պատճառը, որ հանգստից հետո մեր թիմի կազմում խաղացին հիմնականում այն հանդբոլիստները, ովքեր պահեստային են: Հիմնական կազմից բացակայում էր նաև մերձմոսկովյան «Չեխովսկիե մեդվեդի» թիմի խաղացող Սամվել Ասլանյանը: Երբ 33:22 հաշվով ավարտված խաղից հետո վերջինիս հարցրինք, թե ինչու երկրորդ կեսում  խաղահարապարակ դուրս չեկավ, նա պատասխանեց, որ իմաստ չկար վրացիներին ավելի մեծ հաշվի տարբերությամբ հաղթել, բացի այդ, վաղը Ռուսաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ ցանկալի էր խնայել ուժերը:

Ի  դեպ, առաջին կեսում Սամվելը բարձրակարգ հանդբոլ ցուցադրեց: Նույնը կարելի է ասել նաև Գերմանիայից ժամանած Հայկ Կարապետյանի  և դարպասը հուսալի պաշտպանած նրա եղբոր` նույնպես Գերմանիայից եկած Հովհաննես Կարապետյանի մասին: Վստահ խաղացին նաև մեր թիմի մյուս երկու դարպասապահները` Ֆրանսիայում բնակվող Ռեմի Ստամբուլյանը, Վիլյամ Գուլը:

Հայաստանի hավաքականի խաղացողներից ամենից շատ գնդակ մրցակցի դարպասը խփեց Հայկ Կարապետյանը` 9: 6-ական անգամ աչքի ընկան Ֆրանկ Ֆեներլյանը և Սամվել Ասլանյանը, 3-ական անգամ` Սիրիլ Բաբիկյանը, Գիյոմ Գարմիրյանը, 2-ական անգամ` Արման Իսրայելյանը, Հրայր Սալաթյանը, 1-ական անգամ` Նարեկ Մատինյանը և Սեդրիկ Ռենեն:

Խաղից հետո մեր հավաքականի բոլոր խաղացողները տրիբունայում  էին տեղ զբաղեցրել և հետևում էին Ռուսաստանի և Ուզբեկստանի թիմերի մրցամարտին: Մեր երկրի հավաքականի մարզիչ, Ֆրանսիայում բնակվող Պատրիկ Օթամյանին խնդրեցինք իր տպավորությունը հայտնել Հայաստանի առաջիկա մրցակիցների մասին: «Ռուսաստանի թիմն ակնհայտորեն ուժեղ է այնպես որ, վաղը դժվար խաղ է մեզ սպասում»,- ասաց նա:

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեկարի Օրջոնիկիձեն հայտնեց, որ Հայաստանի հավաքականն ուժեղ կազմ ունի և արժանիորեն այն հաղթել է: Նա նաև նշեց, որ Վրաստանի հավաքականի կազմում ընդգրկել են մի շարք երիտասարդ խաղացողնորի և նրանց համար կատարվածն ուսանելի դաս էր, իսկ մրցաշարն ընդհանուր առումով կարող է շատ օգտակար լինել:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply