Թուրքիայում հերթական երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 30–ի է հասել. փրկարարական աշխատանքները դադարեցվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 11:29
Թուրքիայի Վան քաղաքում չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հերթական երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 30–ի է հասել։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, փլատակների տակից վերջինը դուրս է բերվել «Դոհան» տեղեկատվական գործակալության թղթակից Ջեմ Էմիրի մարմինը։
Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին։
Թուրքիայում հերթական երկրաշարժը (5,9 մագնիտուդով) տեղի ունեցավ նոյեմբերի 9–ին։ Երկրաշարժի հետևանքով 25 շենք էր փլվել (դրանցից 22–ում մարդ չէր բնակվում), այդ թվում երկու հյուրանոց։ Ավելի մեծ թվով մարդիկ զոհվել են «Բայրամ» հյուրանոցի փլուզման հետևանքով. այնտեղ մոտ 70 մարդ էր ապրում, այդ թվում, լրագրողներ և Կարմիր խաչ կազմակերպության թուրքական մասնաճյուղի ներկայացուցիչները։
CNN-Turk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երկրաշարժի վայրում փրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան դադարեցվել են։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23–ին 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է 600–ից։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
