ՀՅԴ-ն հացադուլ կսկսի`ի նշան բողոքի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2009 15:14

Երկրների միջև սահմանները, ըստ Հովհաննիսյանի, կարգավորվում են հատուկ պայմանագրերով, մինչդեռ Հայաստանի պարագայում Թուրքիան սահմանների հարցի լուծման է փորձում հասնել արձանագրությունների մեջ որոշակի կետեր ընդգրկելով: «Արձանագրությունում ընդգրկված նախապայմանները և կետերը հակասում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթին»,-ասում է Հովհաննիսյանը:

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը կատարվում է 1961-ի Վիեննայի կոնվենցիայով, որտեղ խոսք չկա սահմանների ճանաչման մասին: Հովհաննիսյանն ասում է, որ դիվանագիտական ճանաչման դեպքում երկու երկրները ճանաչում են միմյանց կառավարությունը և պետականությունը, ոչ թե սահմանները:

ՀՅԴ-ն, ըստ Հովհաննիսյանի, դեմ չէ սահմանի բացմանը, պարզապես այն պրոբլեմներ կառաջացնի: Ըստ նրա`բիզնեսի ոլորտի թուրքական օրենսդրությունը պաշտպանում է թուրք գործարարի շահերը, ինչը չկա հայաստանյան օրենսդրությունում: «Առաջարկել ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել` մատնանշելով մեր օրենսդրության բոլոր թերի կետերը»,- ասում է Հովհաննիսյանը:

Դաշնակցությունը շարունակելու է պահանջել արտգործնախարարի հրաժարականը, սակայն բացառված չէ, որ առաջիկայում պահանջեն նաև նախագահի հրաժարականը: Ըստ Հովհաննիսյանի` երկրի արտաքին քաղաքականության ուրվագիծը կազմում է նախագահը, սակայն այն կյանքի է կոչում արտաքին գործերի նախարարությունը: «Նախագահը առաջարկել է հասնել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների, իսկ նախարարը բանակցությունների արդյունքում ստորագրման է ներկայացրել Հայաստանի ազգային անվտանգությանը հակասող փաստաթուղթ»,- իրենց պահանջը մեկնաբանում է Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի` դեռ ուշ չէ և նախագահը հասարակության ճնշման ներքո կարող է շտկել սխալը: «Այսօր արվում է ամեն ինչ` քայքայելու և թուլացնելու ուժերին, որոնք կարող են ճնշում գործադրել նախագահի վրա»,- այսպես է մեկնաբանում Հովհաննիսյանը Ժառանգությունում տեղի ունեցող գործընթացները: Ըստ նրա` ՀԱԿ-ին և իշխանությանը ձեռնտու է Ժառանգության թուլացումը: Ճնշումներ են իրականացվում նաև ՀՅԴ-ի նկատմամբ, սակայն «ՀՅԴ-ն` որպես հին և ավելի ուժեղ քաղաքական ուժ, դիմանում է այդ ճնշումներին»:

Հովհաննիսյանն ասում է, որ արձանագրությունների հարցում համընկնում են իշխանության և ՀԱԿ-ի տեսակետերը: «Թուրքիան և իր հովանավորները փորձում են հիմա հասնել նրան, ինչը չստացվեց 15 տարի առաջ. այն ժամանակ Հայաստանում ներքին ճնշումների արդյունքում կասեցվեց գործընթացը»,- ասում է Հովհաննիսյանը: Իսկ այն, որ ՀԱԿ-ի կողմից որոշակի քննադատություն է եղել արձանագրությունների վերաբերյալ, բացատրում է իրողությամբ, որ «ՀԱԿ-ում էլ ներքին տարակարծություններ կան, սակայն ՀԱԿ-ի ղեկավարության և իշխանությունների տեսակետերը համընկնում են»:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply