Մասնագիտությամբ պարուհի Ֆլորա Աղաբաբյանը հաղթել է հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 11:16

Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցի հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը վերջերս Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահեց գլխավոր մրցանակը: Նա հաղթեց հարսանեկան տորթեր ձևավորող լավագույն վարպետներին, ովքեր այստեղ էին եկել մոլորակի տարբեր անկյուններից: Այս մասին գրում է «Ազգ» օրաթերթը:

Ֆլորան Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցում իբրև հրուշակագործ աշխատել է 2007 թվականից, պատրաստել է տորթեր ու այլ կարգի թխվածքեղեն այստեղ կազմակերպվող հարսանիքների և հատուկ միջոցառումների համար: «Աղաբաբյանի հրաշալի տաղանդն ու սուր երևակայությունը ստեղծել են ալյուրից ու շաքարից, ձվից ու սիրուց շաղախված գլուխգործոցներ», այսպիսի տողեր գրեց նրա մասին ամերիկյան թերթերից մեկը մրցույթից անմիջապես հետո:

Ֆլորան ԱՄՆ է եկել Հայաստանից 2000 թվականին, և ինչպես Նևադայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց, երբևէ որևէ կարգի կրթություն ու դպրոց չի անցել հրուշակագործության վերաբերյալ ոչ ԱՄՆ-ում, ոչ Հայաստանում: Ամեն ինչ սովորել է ինքնուրույն, կարդալով և անվերջ պատրաստելով, ձևավորելով ու ձևափոխելով տարբեր նախշեր ու դետալներ: Նա մասնագիտությամբ պարուհի է, իսկ տորթեր թխելն ու ձևավորելը պարզապես մանկության տարիների հոբբի են եղել: Ավելի ուշ, արդեն Ամերիկայում, հրուշակային արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունը իսկական ստեղծագործական կրքի վերածվեց: Սկզբում Հոլիվուդի, հետո Լաս Վեգասի տարբեր հրուշակատներում նրա տաղանդն ի հայտ եկավ` կյանք տալով հրուշակային արվեստի կրկնակը չունեցող գործերի` տորթերի ու զանազան թխվածքների տեսքով:

Ֆլորան պատմում է, որ աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի անգամ զվարճալի դեպքեր են եղել, երբ պատվիրատուները նրա ձևավորած տորթը հաջորդ օրը հետ են բերել, ասելով, թե պարզապես չեն կարողացել կտրել ու ճաշակել, այնքան մեծ են եղել նրանց հիացմունքն ու զարմանքը… Ֆլորայի տորթերն իսկապես հիշեցնում են կերամիկական արվեստի նրբաճաշակ ստեղծագործություններ, գույների, գծերի ու հղացման ներդաշնակ համատեղումներով:

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply