Կկազմակերպվի պետական վիճակախաղ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2011 15:37

Նոյեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և “Ամայա գեյմինգ գրուպ” (AMAYA GAYMING GROUP) կանադական կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրեցին պայմանագիր, որով նախատեսվում է մեր երկրում ներդնել շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ և կազմակերպել պետական վիճակախաղ:

Վերահսկողական համակարգի ներդրման նպատակն է ապահովել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, ունենալ հստակ հաշվետվողա­կան համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեութ­յուններից: Շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգի ներդրման համար կորպորացիան Հայաստանի Հանրապետությանը  անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ և տեխնոլոգիաներ:

Համակարգը համակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն է, որը հավաքագրում և ֆինանսների նախարարությունում գտնվող կենտրոնական սերվերին փոխանցում է տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալներն ու գործողութ­յունները և տրամադրում բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները և հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ:

Երկկողմ համաձայնության արդյունքում կստեղծվի նաև “Պետական լոտո” փակ բաժնետիրական ընկերություն` 50%-50% մասնաբաժիններով, որն էլ “Ամայա գեյմինգ գրուպ”-ի ներդրումներով կկազմակերպի վիճակախաղ: Վիճակախաղից ստացված շահույթը հավասարապես կբաշխվի Հայաստանի Հանրապետության և “Ամայա գեյմինգ գրուպ”-ի միջև: Պետական վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերին բաժին

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply