Հանդբոլային օրեր Երևանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 11, 2011 16:09
Նոյեմբերի 11-ին Երևանի «Ուրբաթ» ակումբում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Խոսակցության թեման էր` նոյեմբերի 12-14-ը Երևանի «Միկա» մարզասրահում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Ի դեպ, առաջին երեք թիմերն արդեն մեր երկրում են, իսկ ռուսաստանցիները ժամանելու են այսօր:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից Հայաստանի հավաքականի խաղընկերներին են արդեն միացել մեր բոլոր հայրենակիցները:
Ի դեպ, ասուլիսին ներկա էին մերձմոսկովյան «Չեխովսկիե մեդվեդի» թիմի առաջատար խաղացող Սամվել Ասլանյանը և Գերմանիայի առաջնության մասնակից «Քոմբուրգ» թիմի խաղացող Հայկ Կարապետյանը:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հայտնեց, որ 3-րդ անգամ է միջազգային այս մրցաշարն անցկացվում մեր երկրում: Իսկ կազմակերպման հիմնական նպատակն է, որ մարզասերները ուշագրավ իրադարձությունների հետևեն, մեր երկրի պատանի և երիտասարդ հանդբոլիստները բարձրակարգ խաղացողների մասնակցությամբ հանդիպումների ականատեսը դառնան, վարակվեն և ավելի նպատակային շարունակեն զբաղվել նախասիրած մարզաձևով: «Հանդբոլը գրավիչ խաղ է, ամեն հանդիպման ընթացքում մի քանի տասնյակ գնդակ են մրցակիցներն իրար դարպասները խփում: Ստացվում է, որ մեկ րոպեի ընթացքում գնդակը հայտնվում է դարպասում: Խաղաձևը հետաքրքիր է նաև այն առումով, որ յուրաքանչյուր թիմ ամբողջ կազմով պաշտպանվում է և նույն սկզբունքով էլ` հարձակվում»,- ասաց բանախոսը:
Նշվեց, որ 2010-ին մերոնք հաջող են հանդես եկել այս մրցաշարում` հաղթելով Իրանի և Վրաստանի ուժեղ թիմերին: Հայաստանի հավաքականը լուրջ մտադրություններ ունի նաև առաջիկա մրցաշարում: Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի հավաքականի պատիվը պաշտպանելու է Կրասնոդարի ՖԻՄԱ թիմի խաղացողներից կազմված ընտրանին: ՖԻՄԱ-ն միջազգային մրցաշարերի մասնակցելու մեծ փորձ ունի, դարձել է Եվրոպայի գավաթակիր, այնպես որ, այն համարվում է հաղթողի հիմնական հավակնորդ: Ուզբեկստանի հավաքականն առեղծվածային է այն առումով, որ քիչ բան է հայտնի այդ թիմի մասին: Փաստն այն է,, որ այն լավ համբավ ունի Ասիայի առաջնություններում: Հնարավոր է, որ այն շատ ավելի ուժեղ լինի, քան պատկերացնում ենք: Վրաստանի հավաքականն էլ նախորդ տարվա համեմատ փոփոխված կազմով է ներկայացել մրցավայր, որպեսզի սասանված հեղինակությունը վերականգնի:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա Ֆրանսիայից 9 խաղացողներ են եկել: Կարևորվեց, որ լեգեոնականներին է միացել Սամվել Ասլանյանը: Քանի որ մրցաշարն ընկերական է, նա կարող է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Դա դժվարությամբ է հաջողվել իրականացնել, քանի որ Ասլանյանը նախապատրաստվում և խաղերի է մասնակցում հատուկ ծրագրով: ՀՀՖ նախագահը հայտնեց, որ մեր մարզասերների համար լավ նվեր է, որ նրանք բարձրակարգ այդ հանդբոլիստի խաղին հետևելու հնարավորություն են ունենալու: Հայաստանում են նաև ստորջրյա լողի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարպետյանի եղբոր, նույնպես ճանաչված լողորդ Անատոլիի որդիները` Գերմանաիայում բնակվող Հայկ և Հովհաննես Կարապետյանները: Ի դեպ, ուշագրավն այն է, որ նրանք իրենց մոր` Լյուբայի ճանապարհն են նախընտրել: Նա նախկինում հանդբոլիստուհի է եղել, Հայաստանի բազմակի չեմպիոն, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի: Նշվեց, որ Հայասատանի հավաքականն ուժեղ կազմ ունի և այս տարի էլ փորձելու է ուրախացնել մեր մարզասերներին: Իսկ ուժեղ մրցակիցներ են հրավիրվել, որպեսզի մարզաձևը զարգանա: Ընդ որում, ամեն բան ֆեդերացիան անում է իր միջոցներով, հովանավորների աջակցությամբ: Այս անգամ էլ ֆեդերացիայի հետ հանագործակցում են Սյունիքի մսամթերքների ֆաբրիկան, Երևանի քաղաքապետարանը, «Հայռուսգազարդը», «Տիգրան մեծ» հրատարակչությունը, «Նուշիկյան ընկերությունը»: Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլորին: Ասվեց, որ շատ դժվար է միջոցառում կազմակերպելը, քանի որ Հայասատանում հյուրանոցների համարները մատչելի գներով վարձակալել հնարավոր չէ, ծախսերը մեծ են` սկսում են 100 դոլարից: Իսկ ամենամեծ խնդիրը համարվեց, որ մեր երկրում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող հանդբոլի խաղահրապարակ` 20 x 40 քառակուսի մետր չափի: Ընդ որում , համապատասխան մարզասրահ կարել է կառուցել, և այն կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ դեպքում, հարավորություն կունենաք մեր երկրում անցկացնել Եվրոպայի, աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ: Ընդ որում, ըստ Գրիգորյանի, մարզասրահը պետք է պետությանը պատկանի, քանի որ եթե այն սեփականություն լինի, ապա տերը շահագործման համար բարձր գումարներ է պահանջելու: Իսկ ներկայումս, մեր երկրի ազգային հավաքականը դպրոցների և բուհերի մարզասրահներում է պարապում, որոնք փոքր չափերի են և հետագայում մեր մարզիկները դժվարությունների են հանդիպում: Ինչ վերաբերում է «Միկա» մարզասրահին, ապա այն նույնպես հանդբոլի համար փոքր է, սակայն քանի որ մրցաշարն ընկերական է, ապա միջազգային կազմակերպությունները թույլատրել են խաղեր անցկացնել: Ի դեպ, խաղերը սպասարկելու են որ միայն Հայաստանի, այլև Ավստրիայից հրավիրված մրցավարներ:
Նշվեց նաև, որ մրցաշարի օրերին Հայաստան են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր, այդ թվում նաև Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:
Սամվել Ասլանյանին հարց ուղղվեց, թե նա ինչով կարող է օգտակար լինել հայկական հանդբոլին:
Ճանաչված խաղացողը հայտնեց, որ շնորհակալ է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային, որը հրավիրել է իրեն: Նա ասաց, որ արդեն ծանոթացել է հավաքականի խաղընկերներին, նրանց հետ միասին առաջին պարապմունքն անցկացրել: Հայտնվեց, որ իրենից կախվածը կանի, որ Հայաստանի ընտրանին հաղթի բոլոր մրցակիցներին: Ընդ որում, այդ հարցում նա Ռուսաստանի թիմին բացառություն չարեց: «Հայաստանի հավաքականն իմ կարծիքով արժանի մրցակցություն ցույց կտա բոլոր թիմերին, այդ թվում նաև Ռուսաստանը ներկայացնող ՖԻՄԱ-ին: Իսկ եթե հաղթելու մասին չմտածենք, այդ դեպքում անիմաստ է մեր այստեղ հավաքվելը: Հնարավոր է ինչ-որ բան չստացվի մեր խաղում, կարևորն առավելագույնն անելու ցանկությունն է: Միայն այդ դեպքում վաղ թև ուշ հաջողությունն ուղեկից կլինի:»,- ասաց Ասլանյանը:
Հայկ Կարապետյանն էլ հայտնեց, որ թեև Հայաստանի հավաքականի մեկ մարզման է մասնակցել, սակայն լավ տպավորություն է ստացել, թիմն ուժեղ է և եղածը պետք է փորձել զարգացնել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի հավաքականն ավելի հաճախակի միջազգային մրցաշարերի մասնակցի:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն էլ նշեց, որ առաջիկա օրերը Երևանում հանդբոլային են լինելու, քանի որ «Միկա» և ՖԻՄԱ-ի մարզասրահներում զուգահեռ կայանալու են Հայաստանի մինչև 17 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչները: «Դա կանխամտածված է արվել, որպեսզի ոչ միայն Երևանում բնակվող այդ տարիքի խաղացողները ներկա գտնվեն միջազգային մրցաշարի հանդիպումներին, այլև Վանաձորի, Ալավերդու, Արցախի և այլ վայրերի»,- ասաց Մելքոնյանը:






Facebook
Tweet This
Email This Post
