Կանայք ամուսնու դավաճանությունը ներում են, որ… ընտանիքը չքայքայվի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | November 11, 2011 14:38

Հայկական շատ ընտանիքներում այնքան ընդունված է տղամարդու կողմից դավաճանությունը, որ կանայք դա չեն համարում ամուսնուց բաժանվելու լուրջ պատճառ. ավելին, նրանք կարծում են, որ բաժանվելով կքայքայեն իրենց ընտանիքը` առանց գիտակցելու, որ եթե ամուսինն իրենց արհամարհում է, ծեծի ենթարկում սիրուհիների պատճառով, ապա իրենց ընտանիքն արդեն քայքայված է…

Ներկայացնում ենք 4 պատմություն:

Սիրուհին սպառնաց սպանել սիրեցյալի օրինական կնոջը, եթե խառնվի իրենց գործերին

«Ամուսնացել եմ 15 տարի առաջ, ունեմ 3 երեխա: Ամուսնուս հետ շատ լավ հարաբերությունների մեջ էի այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէր դարձել, որ նա սիրուհի ունի: Վերջինս աշխատում է ամուսնուս մոտ` խանութում:

Վերջին երեք տարիների ընթացքում փորձում էի ամեն կերպ ամուսնուս հետ պահել այդ կյանքից, բայց ապարդյուն: Ամեն անգամ, երբ այդ թեմայով խոսակցությու էի սկսում, ծեծի էի ենթարկվում: Վերջին շրջանում նա բռնություն էր գործադրում նաև երեխաների ներկայությամբ: Պատահել է նաև, որ ամուսինս հեռացել է տնից  մեկ-երկու օրով, հետո եկել է, ներողություն խնդրել, ասել, որ նման բան չի կրկնվի, ու ես ներել եմ: Մի օր փորձեցի խոսել նաև սիրուհու հետ, սակայն վերջինս սպառնաց, որ կսպանի ինձ, եթե խառնվեմ իրենց գործերին:

Ամուսնուս շատ եմ սիրում և չեմ պատկերացնում առանց նրա: Չեմ ուզում, որ ընտանիքս քայքայվի, և երեք երեխաներս մնան առանց հայրական խնամքի և դաստիարակության: Բայց ինձ արդեն սկսում է թվալ, որ մոտս հոգեկան շեղումներ են առաջանում և կպչուն մտքեր»:

 

«Ներս մտա և ամուսնուս տեսա հարևանի անկողնում»

«Նույն դպրոցում էինք սովորում, սիրում էինք իրար և ամուսնացանք: Ծնվեց դուստրս: Երեխայի ծնվելուց հետո զգում էի, որ ամուսինս ինձանից խուսափում է: Նրա անտարբերությունն ինձ հունից հանում էր, բայց ոչինչ չէի ձեռնարկում: Մի օր էլ մեր հարևանին հեռախոսի մոտ կանչելու համար գնացի, որ դուռը թակեմ, տեսա դուռը բաց է: Ներս մտա և ամուսնուս տեսա հարևանի անկողնում: Մի պահ քարացա, հետո ճչացի և վազեցի տուն: Ես այդ ժամանակ հղի էի:

Բայց ամենաանտանելին այն է, որ ինձ համոզում էին, թե հոգեկան շեղում ունեմ, և աչքիս է երևացել: Նրա ծնողներն ինձ սկսեցին հոգեբույժի մոտ տանել: Ոչ ոք ինձ չէր հավատում: Մենք բաժանվեցինք այն ժամանակ, երբ  սկեսուրս մեր տան մեջ տեսավ տղային հարևանի հետ` իր անկողնում: Իսկ ես արդեն իսկապես հոգեկան խանգարում էի ստացել»:

 

Հանուն որդու տարավ ամուսնու դավաճանությունները, բայց…

«Արդեն 77 տարեկան եմ: Երիտասարդ տարիներիս էլ էի տառապում, հիմա էլ: Այն ժամանակ ամուսնուս կողմից մշտապես արհամարհված էի, ամեն անգամ իմանում էի հերթական սիրուհու մասին, բայց հենց մի խոսք էի ասում, բերանս փակում էր. «Դուրդ չի գալիս, թող գնա»: Ստիպված լռում էի, որ երեխաս որբ չմնար: Ամուսինս արդեն 78 տարեկան է, 4 տարի է` կուրացել է: Իմ առողջությունն էլ է շատ վատ, գլուխս անընդհատ պտտվում է, բայց այս վիճակում էլ նա ինձ հանգիստ չի թողնում, անընդհատ ստիպում է, որ իրեն դուրս տանեմ ու ժամերով քայլեմ հետը: Պատկերացրեք, թե ինչքան դժվար է կույր մարդուն  ձմռանը դուրս տանելը: Մի քանի օր առաջ այնպես ընկանք, որ դեմքս լրիվ ջախջխվեց: Երկու օր չէի կարողանում գլուխս բարձրացնել: Ով դեմքս տեսնում էր, սարսափում էր: Իսկ ինքը չի տեսնում և ինձ նախատում էր, թե դիտմամբ եմ անում, որ իրեն դուրս չտանեմ:

Սենյակում մենակ մնալու իրավունք չունեմ, անընդհատ գոռում է, որ իր կողքին լինեմ: Վերջը ինձ ավելի շուտ գերեզման կիջեցնի և լրիվ անտեր կմնա: Իսկ որդիս, որի համար ամբողջ կյանքս զոհեցի և տարա ամուսնուս դավաճանությունները, չի էլ հիշում մեր գոյության մասին. կնոջ հետ ամեն ինչ վաճառեցին ու գնացին Ռուսաստան: Իսկ մենք մի կերպ ենք ապրում` մի օր սոված, մի օր կուշտ»:

 

«Դու լավ պլաստինկա չես, քո նմանին պետք է նվագես ու շպրտես»

«Երբ հանդիպեցինք, նոր էի ինստիտուտն ավարտել: Ամուսնացանք: Հղիությունը շատ ծանր էի տանում: Այդ ինը ամսվա ընթացքում նա ինձ համար անտանելի էր դարձել, քանի որ նրանից տհաճ հոտ էի զգում: Այդպես ծնվեցին 3 զավակներս: Հետո զգացի, որ ամուսինս սկսել է խուսափել ինձանից: Տուն էր գալիս կեսգիշերին, ինչը խոսակցությունների և վեճերի առիթ էր դառնում: Աստիճանաբար վեճերը վերածվեցին ծեծկռտուքի: Իսկ սկեսուրս ամեն անգամ միջամտում էր ու ասում. «Աղջի, ամեն անգամ նույն բորշը կուտե՞ն»: Ես վիրավորված լռում էի և արցունքներս խեղդելով` փակվում իմ սենյակում:

Մի անգամ էլ ամուսինս 3 օր տուն չգալուց հետո հայտնվեց, սկսեց ինձ քաշքշել ու ասաց. «Դու լավ պլաստինկա չես, քո նմանին պետք է նվագես ու շպրտես, ես ո՞նց եմ մինչև հիմա քեզ պահել»: Կանացի արժանապատվությունս ոտնահարված` հեռացա տնից:
Ինձ շատերն են մեղադրում, թե կարելի՞ է «երկու հիմար բառի համար» ընտանիքը քայքայել: Այո´, լքել եմ նրան, որպեսզի երեխաներս մեծանան առողջ մթնոլորտում, նրան չընդօրինակեն ու նրա նման չդառնան»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Դիտվել է 2872 անգամ:
Print Friendly

Leave a Reply