Դեսպան Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 11, 2011 12:47

Նոյեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին:

Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Ավստրիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման դրական առաջընթացի առնչությամբ: Ընդգծելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` Ավստրիայի դաշնային նախագահը կարեւորել է տնտեսական ոլորտում հարաբերությունների նշանակությունը եւ դրանք ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-ավստրիական ավանդական բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորում է ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ: Հայաստանի դեսպանն անդրադարձել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը եւ երկու երկրների զարգացման գործակալությունների միջեւ ստեղծված համագործակցությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր:

 

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply