Ադրբեջանահայերն առաջարկում են իրենց ուժերով քաղաք կառուցել Կովսականում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2011 10:28

Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարն առաջարկում է քաղաք կառուցել ԼՂՀ-ի Կովսականի (նախկինում Զանգելան) տարածքում Ադրբեջանից բռնագաղթած փախստականների համար: 20 հազար ընտանիքի համար նախատեսված քաղաքը ադրբեջանահայ փախստականները պատրաստ են կառուցել իրենց միջոցներով, հարկավոր է միայն, որ ԼՂՀ իշխանությունները համապատասխան տարածք հատկացնեն:

Համագումարը հարցի հանրային քննարկում ապահովելու համար դիմել է ՀԽ: Երեկ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրացման հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացվեցին համագումարի ստեղծման նպատակները և քաղաք կառուցելու ծրագիրը:

Համագումարի իրավախորհրդատու Անդեաս Ղուկասյանն ասում է, որ ադրբեջանահայ 100 հազար ընտանիք  անօրինական կերպով զրկվել է  քաղաքացիությունից, ինքնորոշման իրավունքից, սեփականությունից և դրա համար Ադրբեջանն է պատասխանատու, մինչդեռ վերջինս չի էլ պատրաստվում ստանձնել պատասխանատվությունը: Ուստի Ադրբեջանահայերը փորձում են ինքնակազմակերպվել և ստեղծել մի այնպիսի կառուց, որը իրավասու կլինի ներկայացնել նրանց շահերը միջազգային կառույցներում և պահանջել միջազգային իրավունքի իրականացում: «Միջազգային իրավունքը ենթադրում է, որ այդ մարդիկ կարող են իրենց բնակավայրեր վերադառնալ, սակայն հասարակությունների ռեինտեգրացիան հնարավոր չէ ադրբեջանական հասարակության հակահայկական ֆոբիայի պատճառով: Արդյոք սա նշանակում է, որ այդ մարդիկ պետք է հրաժարվեն իրենց իրավունքներից: Ոչ: Կարծում եմ, որ իրավունք ունեն վերադառնալ Խորհրդային Ադրբեջանի ցանկացած տարածք և այնտեղ համայնք հիմնադրել»,- ասում է համագումարի իրավախորհրդատու Անդեաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, քաղաքի կառուցումը չի նշանակում, որ իրենք էլ պահանջատեր չեն լինելու: Պարզապես այսպիսով կլուծվի խնդրի հումանիտար կողմը, կմնա քաղաքականը. «Մարդիկ 20 տարի կրում են իրենց ոտնահարված իրավունքների հետևանքները, որքան երկարում է ժամկետը, այնքն հայցագինը մեծանում է»:

Ղուկասյանը նշում է, որ 20 տարվա ընթացքում ադրբեջանահայերը զրոյից նորից ունեցվածք են կուտակել և հասել են մի պահի, երբ կարող են իրենց ուժերով ձեռնարկն իրականացնել. «Քաղաքի հիմնադրումը մեսիջ է, որ այս մարդիկ կորսված ու կոտրված չեն, այլ ինքնակազմակերպված են: Ի վերջո Բաքուն հայերի հիմնած քաղաքն է: Ի՞նչ է, կորցրե՞լ ենք նորը հիմնադրելու կարողությունը»:

Համագումարը քաղաքի համար որպես վայր պատահական չէ ընտրել Կովսականը. այն սահմանակից է Իրանին, ուստի քաղաքի կառուցումից հետո այն կապող օղակ կդառնա Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Իրանի միջև, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն:  Բացի այդ, իրանական այդ տարածքները հարուստ են նավթով և գազով, իսկ ադրբեջանահայերը նավթի և գազի վերամշակման ոլորտում մեծ փորձ ունեն:

Ղուկասյանը նշում է, որ փախստականներով Կովսականի   բնակեցումը նաև քաղաքական տեսակետից դրական կողմ ունի. այժմ  միջազգային հանրության կողմից «գրավյալ» համարվող ազատագրված տարածքները բնակեցումից հետո կդառնան «վիճելի» տարածքներ, քանի որ ադրբեջանական զտումներից փրկված անձանց որևէ մեկը չի կարող պարտադրել ապրել Ադրբեջանի իշխանության տակ:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ադրբեջանն էլ նման պահանջով հանդես գա իր փախստականներիի համար, Ղուկսայանը նշում է, թե դրա համար բավարար իրավական հիմքեր չկան.  Հայաստանից հեռացել է 32 հազար ադրբեջանական ընտանիք, որից 28 հազարը վաճառել կամ փոխանակել է իր բնակարանը, իսկ մնացյալ 4000-ի գույքը վնասվել է երկրաշարժից,  և նրանք Խորհրդային Հայաստանից ստացել են շուրջ 70 հազար ռուբլի փոխհատուցում: Բացի այդ, Ադրբեջանը բնակավայր է կառուցում օկուպացված հայկական Արծվաշենում և դրա համար որևէ մեկից թույլտվություն չի հարցրել:

Ըստ իրավաբանի` քաղաքի կառուցման համար 5 տարվա ընթացքում հարկավոր է 3 մլրդ ներդրում. «Ծրագիրն իրատեսական է, եթե կոռուպցիոն և այլ գործոնները չխոչընդոտեն»:

 

 

 

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply