Հայի կառուցած եւ Աթաթուրքի սիրելի հյուրանոցը քանդվում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 11, 2011 8:33
Ժամանակակից Թուրքիայի հիմնադրի սիրելի հյուրանոց, լեգենդար ստամբուլյան «Թոքաթլյան Փերան» շարունակում է ունենալ մշուշոտ ապագա` կապված կիսաքանդ շենքի վերականգնման ծրագրի բացակայության հետ: Այդ մասին գրում է «Hurriyet Daily News and Economic Review»-ն:
«Այստեղ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ոչ միայն պարահանդեսներ էր կազմակերպում, այլեւ հյուրերի էր ընդունում թեյի հարուստ սեղանի շուրջ: Ցավալի է, որ հյուրանոցն այժմ գտնվում է քանդված վիճակում », – ասում է Ստամբուլի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետության պատմության մասնագետ Աֆիֆե Բաթուրը:
«Հյուրանոցի շենքը մի շարք ուղղություններով նորարական էր: Թուրքիայում առաջին հյուրանոցային պոստերները պատկանում էին «Թոքաթլյան Փերային»», – ավելացնում է նա:
«Թոքաթլյան Փերան» գիտնականները համարում են նշանակալի ճարտարապետական նվաճում եւ 19-րդ դարավերջի Թուրքիայի ճարտարապետության լավագույն նմուշներից:
Հյուրանոցը պատկանում է Հայկական եկեղեցու «Üç Horan» հիմնադրամին, որը Թուրքիայի հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամներից մեկն է:
Հիմնադրամի ավելի քան 30 տարի անփոփոխ մնացող վարչակազմը որոշել է չընդունել վերականգնման բազմաթիվ առաջարկներից եւ ոչ մեկը:
Հյուրանոցը կառուցել է օսմանահպատակ հայ Մկրտիչ Թոքաթլյանը, որը գաղթել է հյուսիսային Թոքաթ նահանգից եւ ընդունել է Թոքաթլյան ազգանունը: Հյուրանոցը բացվել է 1897-ին եւ ուներ 160 համար: Այն ընդունում էր բազմաթիվ հայտնի մարդկանց, իսկ հետագայում դարձավ Աթաթուրքի նախընտրելի հյուրանոցը:
«Այդ հյուրանոցն այնքան հռչակավոր էր, որ «Արեւելյան ճեպընթացը» բարձրաշխարհիկ Եվրոպայի բոլոր ներկայացուցիչներին եւ վերնախավին բերում էր այդ հյուրանոց գեղեցիկ պարահանդեսների: Այդ պարահանդեսները հարուստ նյութ էին տալիս համաշխարհային եւ թուրքական մամուլին»,- ասում է Բաթուրը:
«Թոքաթլյան Փերայի» մասնաճյուղը` «Թոքաթլյան Թերաբիան» գտնվում էր Բոսֆորի ափին, այժմյան «Թարաբիա» հյուրանոցի տեղում:
Ճարտարապետության պատմության մասնագետ, դոկտոր Ֆաթմա Սեդեսն ասում է, որ «Թոքաթլյան Փերան» Ստամբուլի եւ եվրոպական վերնախավի, քաղաքական գործիչների սիրելի վայրն էր: «Դա բացառիկ շենք էր, որն իր հետքն է թողել Ստամբուլի ճարտարապետության վրա», – ավելացնում է նա:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
