«Դվին` Հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացում Իտալիայում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 10, 2011 18:53

Նոյեմբերի 8-ին Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում քաղաքի սրտում` Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում»,  տեղի ունեցավ «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ Մշակույթի նախարարության գործնական աջակցությամբ եւ  Պատմության թանգարանի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացված էին Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական,  տնտեսական եւ հոգեւոր արժեքները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրեցին Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Իր ելույթում Ումբերտո Բրոկոլլին նշեց, որ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարեւոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»: Նա ասաց, որ «մենք` իտալացիներս, հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր եւ հայերի մշակույթը մեկ միասնական մշակույթ է»: Պարոն Բրոկոլլին, բարձր գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, հատկապես առանձնացրեց ճարտարապետության, երաժշտության եւ մանրանկարչության ոլորտները:

Դեսպան Ռուբեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Դվին քաղաքը աշխարհի ամենահնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է դեռեւս մ.թ.ա 3 հազարամյակին եւ հանդիսացել է արվեստների ու մշակույթի քաղաք: «4-րդ դարում հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք` Դվինը վերածվեց խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի: Նա հիրավի դարձավ Արեւելքը Արեւմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաք»:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ «Հավերժական» քաղաքում առաջին անգամ նման ցուցադրության կազմակերպումը մեծաթիվ իտալացիների ու զբոսաշրջիկների համար փայլուն առիթ է Հայաստանի պատմության ու հայ ժողովրդի հոգեւոր մշակութային կյանքի հետ ծանոթանալու համար եւ բացառիկ իրադարձություն է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության բնագավառում:

Ցուցահանդեսին ներկայացված էին արժեքավոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ` արվեստների եւ մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:

Բացման արարողությանը հայկական ժողովրդական երաժշտության համերգով հանդես եկավ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, այնուհետեւ տեղի ունեցավ պաշտոնական ընդունելությունը:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 29-ը եւ այդ ընթացքում ծրագրվում  են մի շարք միջոցառումներ` հռոմեացիներին հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացնելու ուղղությամբ:

 

 

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply