10-ամյա Միքայելը շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին տուրում կրած պարտությունից լաց է եղել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 12, 2009 14:58
Սամվել Տեր-Սահակյան
Այսօր Երևանում լրագրողներին հանդիպեցին Իտալիայի Ֆերմո քաղաքում օրերս անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում իրենց լավագույնս դրսևորած Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը և Միքայել Մկրտչյանը:
15-ամյա Սամվելը չեմպիոն էր դարձել մինչև 18 տարեկանների մրցաշարում, իսկ Վահեն և Միքայելը, հանդես գալով մինչև 16 և 10 տարեկանների մրցաշարերում, համապատասխանաբար զբաղեցրել էին 4-րդ և 5-րդ տեղերը:
Ի դեպ, վերջին երկուսը վերջին տուրից առաջ հնարավորություններ էին պահպանում մրցանակային տեղի արժանանալու, սակայն նրանք պարտություն կրեցին: Բայց տղաները դրանից թևաթափ չէին. ի դեպ, փոքրիկ Միքայելը խոսում էր շատ տրամաբանված և հարցերին պատասխանում էր ինչպես հասուն մարդը: Նա նշեց, որ դա իր առաջին մեծ փորձությունն էր միջազգային ստուգատեսում և հույս ունի, որ հետագայում ավելի լավ կխաղա: Պատանի շախմատիստը հայտնեց, որ ինքն այս մարզաձևում կուռքեր չունի և միայն մտածում է, որ լավ շախմատիստ դառնա: Դրա համար նա տևական պարապում է, իսկ միշտ լավ մարզավիճակում մնալու համար ֆուտբոլ և սեղանի թենիս է խաղում: «Անկախ»-ի այն հարցին, թե Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին տուրում կրած պարտությունից հետո նա շա՞տ է արտասվել, Միքայելն անկեղծորեն պատասխայնեց.«Մի քիչ, հետո ամեն բան անցավ»: Պատանի շախմատիստն ասաց նաև,որ պատրաստվելը դժվար էր, քանի որ մրցակիցների նախկինում խաղացած պարտիաներին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:
Վահե Բաղդասարյանը նշեց, որ այժմ նախապատրաստվում էՀայաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելու սեպտեմբերի վերջին Թուրքիայում կայանալիք շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադային: Սամվել Տեր-Սահակյանը նշեց, որ թեև իր վարկանիշով 8-րդն էր, սակայն ոչ այնքան հաջող մեկնարկից հետո մտածում էր հաղթելու մասին, և բախտն իր հետ էր: Պատանի գրոասմայստերը հայտնեց, որ վերջին մեկ ամիսը մարզվել է Տիգրան Նալբանդյանի գլխավորությամբ: Սամվելը ևս մասնակցելու է շախմատի պատանեկան օլիմպիադային և վստահ է, որ Հայաստանի ընտրանին կպայքարի՝ բարձր տեղ զբաղեցնելու համար: Չեմպիոնը նշեց, որ պատրաստվում է առաջիկայում իր հայրենի Վանաձորից տեղափոխվել Երևան, որպեսզի հետագայում ուսումը շարունակի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:






Facebook
Tweet This
Email This Post
