Շահումյանի գաղթի ճամփաներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 14, 2011 15:38

2012 թ. հունիսի 13-ին կլրանա Շահումյանի բռնագաղթի 20 տարին, ինչի մասին, մեր ղեկավարները, ցավոք, գրեթե չեն խոսում: Ադրբեջանական հրեշավոր հարձակումից ու բնաջնջումից փրկվելու համար XXI դարաշեմին այս անգամ արդեն շահումյանցին բռնեց գաղթի ճամփան:

Ասում են` մնալու հնարավորությունն արդեն սպառվել էր, մնալն արդեն մահ էր: Շահումյանն ընկավ, երբ ամիսներ առաջ Շուշին ազատագրեցինք, երբ արդեն պլանավորված էր «Գետաշեն» օպերացիան: Իսկ թե ինչու ընկավ, արդեն այլ խոսակցության թեմա է:

Երբ տարբեր առիթներով Շահումյան անունն եմ լսում, ակամա հիշում եմ այդ տառապանքի ուղին անցած վերիշենցի Արփիկ մայրիկի ընտանիքի գողգոթան, իսկ երբ Արփիկ մայրիկին եմ հանդիպում, վերհիշում եմ, թե ինչպես ընկավ Արցախ աշխարհի կողպեքն ու փշուր-փշուր եղավ:

Գաղթականների քարավանի մեջ էր նաև Արփիկ մայրիկի 15 հոգանոց ընտանիքը: Բացակա էին միայն Երվանդ ամուսինն ու Սանասար որդին: Փախեփախն այնքան անակնկալ եղավ, որ նրանց գտնել չկարողացան: Շահումյանցիք թողեցին իրենց շեները` իրենց հետ վերցնելով միայն  կողպված դռների բանալիները: Օրերը մռայլ ու անձրևոտ էին, ինչն առավել դժվարացնում էր գաղթի քարքարոտ, լեռնոտ, անտառապատ երկար ու ձիգ ճամփան: Տարբեր տեղերից աղեկտուր ձայներ էին լսվում, հարազատների փնտրտուքի ձայներ, փոքր երեխաների կամակոր լաց: Ի՞նչ կարող ես անել, փոքր երեխաները են չեն հասկանում` ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում, ի՞նչ է իրենց գլխի գալիքը: Իբր մեծերը հասկանո՞ւմ էին, որ գնում են անվերադարձ:

Ճանապարհին Արփիկ մայրիկը  կորցնում  է հարազատներին: «Նապատում երկու օր գիշերեցինք գյուղ վերադառնալու հույսով, բայց երրորդ օրը այստեղ եկավ Շահեն Մեղրյանն ու ասաց, որ թուրքն արդեն մեր տեղը գիտի, բացի այդ, Նապատի շրջանը օդից ռմբակոծում էին արդեն: Այստեղ կորցրեցի 17-ամյա աջկաս` Վեհանուշին և 7, 10-ամյա թոռներիս: Շահեն Մեղրյանն  ասաց` դեպի Հաթերք շարժվենք: Պողոս որդիս ուզում էր գյուղ վերադառնալ հորն ու եղբորը գտնելու հույսով, բայց չթողեցին, որովհետև գյուղն արդեն թուրքը գրավել էր»,- լացակումած ասում է Արփիկ մայրիկն ու սրբում խոնավ աչքերը: Մեր ծանոթությունից արդեն 15 տարի է անցել, շատ բան է փոխվել, սակայն Արփիկ մայրիկը նույնն է մնացել` արցունքն աչքերին: Ասես նոր-նոր է կորցրել զավակներին, ամուսնուն ու հարազատ Վերիշեն գյուղը:

Ասեմ, որ նրանք ոչ միայն երեխաներին կորցրին, այլև Հաթերքի ճանապարհը: Երեք երեխաների հետ, փոքրը` 8-ամսական,  գիշերային խավարում ճանապարհը կորցրին ու սկզբում Թալիշում, այնուհետև Մատաղիսում հայտնվեցին, որն արդեն դատարկ էր:  Մատաղիսի բնակիչները կողպել էին իրենց դռներն ու գյուղից հեռացել դեպի Հաթերք: Որ դուռը թակում են, բացող չկա, բարի մարդիկ այս ու այնտեղից,  փայտի կտորներ են ճարում, կրակ վառում, մի փոքր տաքանում  ու գիշերը լուսացնում տրակտորի կցասայլի տակ` անձրևից պատսպարվելու համար: Առավոտյան Մատաղիսում պատսպարվածներին արդեն  բեռնատարներով Հաթերք են հասցնում, ուր տեղ ու դադար չկար: «Մինչև հասանք Հաթերք, ո՛չ դպրոցում, ո՛չ ակումբում, ո՛չ էլ տներում մի ազատ տեղ չկար: Օրն արդեն իրիկնանում է, չկան նաև երեխաների հետևից գնացած Պողոսը,  Երվանդն ու Սանասարը: Թե որ անտառում, որ պահակակետում մնացին նրանք, չգիտեմ: Հաթերքից Ստեփանակերտ տեղափոխվեցինք: Մեկ շաբաթ անց գտանք երեխաներին: Մնացինք Ստեփանակերտում, որ հետո Շահումյան վերադառնանք»,- շարունակում է որդեկորույս մայրը: Բայց, ինչպես հետագա կյանքն ապացուցեց, Շահումյան այլևս  վերադարձ չեղավ:

Արդեն հունիսի վերջին շահումյանցիք ցաքուցրիվ եղան աշխարհով մեկ: Շատերը, այդ թվում նաև Արփիկ մայրիկը, Հայաստանի ճանապարհը բռնեցին: Ուր ասես` չապրեցին` հանրակացարան, կանանց գաղութ, այնուհետև  Արագածի շրջանի Ծաղկահովիտ գյուղ: Իսկ Պողոսի ուշքն ու միտքը Ղարաբաղ մեկնելն էր: Մոր հորդորները չլսեց, գնաց, որպեսզի հորն ու եղբորը գտնի, սակայն ոչ միայն չգտավ, այլ ինքն էլ մահկանացուն կնքեց: 1993 թ. ապրիլի 17-ին զոհվեց Շահեն Մեղրյանի հետ, ուղղաթիռի վթարից:

Հայաստանյան երկարատև դեգերումներից, Պողոս որդու կորստից հետո, որը  վերջնական հանգրվան գտավ Եռաբլուրում, մշտական հասցե ունեցան Լուկաշեն թաղամասի մանկապարտեզում, որը դատարկ չորս պատ էր հիշեցնում:  Բազմաթիվ դժվարություններ հարկ եղավ հաղթահարել: «Ապրել չէր դա, այլ գոյատևել, ոչ տղամարդ է եղել, ոչ էլ աշխատող ձեռք, մի հիվանդ հարս ու երեխեք: Անտառից փայտ բերում, այգիներից խաղող պաշար անում ու օղի քաշում, մասուր, փշատ  հավաքում, կոպեկներով վաճառում ու մի կերպ ապրում էինք: Իսկ արդեն 2000 թ., թոշակից ու եղածից  կոպեկ-կոպեկ հետ գցելով, տունը կարգի բերեցինք ու թշվառ վիճակից դուս եկանք»: Աշխարհի դարդն ու ցավն ասես Արփիկ մայրիկին է Աստված տվել ու ասել` տար եթե կարող ես: Ու հլու-հնազանդ տարել է:

«…Իմ պապիկը, հայրս և հորեղբայրս զոհվել են պատերազմում: Տատիկս անսահման ցավ է ապրում նրանց կորստից, բայց ես, քույրս ու եղբայրս, որ մեր տան տղամարդն է, հպարտանում ենք մեր տատիկով, մխիթարում նրան: Նա էլ մեզանով է ուրախանում, մխիթարվում: Իսկ մայրս և՛ հայր,  և՛ մայր է եղել: Ես խոնարհվում եմ հորս և բոլոր նահատակների հիշատակի առջև: Պատերազմը մեզ անբուժելի վերք թողեց, որը դեռ չի սպիացել և  կսպիանա՞ արդյոք…»: Սա  մի պատառիկ էր Պողոսի դստեր` 6-րդ դասարանցի Վեհանուշի դպրոցական «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» շարադրությունից, որը ժամանակին մրցանակի է արժանացել, տպագրվել մամուլում: Վեհանուշն արդեն ավարտել է գյուղակադեմիան, որտեղ շուտով աշխատանքի կանցնի:

Վերքերը ոչ միայն չսպիացան, այլև  նորերը գումարվեցին: Մշտական ռմբակոծություններն ու գաղթի ճանապարհի դժվարությունները, ի վերջո, ծանր անդրադարձան թոռան վրա, որն այսօր հոգեբուժարանում է, մի թոռն էլ աչքի լույսը կորցրեց: Ոչ միայն տատը, այլև բոլոր հարազատներն անհամբեր սպասում էին Պողոսի միակ որդու ամուսնանալուն, որպեսզի մի լավ հարսանիք անեն ու քեֆ-ուրախությամբ վերջ դնեն անհաջողություններին: Հարսանիքի օրն այս հոկտեմբերի 25-ն էր ընտրված, բայց քեռու դժբախտ մահվան գույժը հարսանիքից առաջ հասավ: Հարսն արդեն նոր օջախ եկավ սուսուփուս…

Արփիկ մայրիկի հոգսին ևս երկուսը ավելացան. թոռները մասնագիտություն ունեն, բայց աշխատանք չունեն: «Հայբուսակն» ավարտած ատամնատեխնկ Իսակը օրը 2 հազար դրամով բանվորություն է անում, իսկ բժշկական ուսումնարան ավարտած Ոսկեհատն անգործ է: Աշխատանք գտնելու հույսն օր օրի մարում է, թեև 73-ամյա Արփիկ մայրիկը հուսը չի կորցնում: Հավատացած է, որ գոնե մի օր մի լույս կբացվի: Տա Աստված, որ մեր հրապարակումն էլ օգնի, արձագանք գտնի առողջապահության նախարարությունում,  ու հույսի մի դուռ բացվի: Հա, լուծելու մի խնդիր էլ. «Փարոս»-ի օգնությունն են կտրել: Դատարանով պետք է ապացուցի իր կորուստներն ու անցած ճանապարհը: Աբսուրդ է, բայց դատը դեկտեմբերի 5-ին է նշանակված:

Սա Շահումյանի և շահումյանցու գլխով անցած պատմությունների մի չնչին մասն է: Նրանց լեփ-լեցուն տները մնացին Շահումյանում: Նրանք դուրս եկան` իրենց հետ տանելով այնքան հող, որքան կպել էր ոտնամաններին, ու շատերը մինչև օրս որպես մասունք պահում են այդ ոտնամանները: Ծնողներից որդիներին է փոխանցվում հայրենի երկրի կարոտի կանչը: Ու չգիտեն` մինչև երբ:

Բայց համոզված եմ, որ Շահումյանը շահումյանցու շուրթերին որպես մրմունջ չի մնա, քանի որ շատ կարևոր է, թե ով կապրի այդ հողում, փափախը դիք դնող շահումյանցի՞ն, թե՞ «բերանն արնոտ մարդակեր էն անբանը»:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply