Սիմոն Վրացյանի վարչապետության շրջանը ամենածանրն էր Հայաստանի Հանրապետության համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 24, 2011 7:00

Սիմոն Վրացյանը (Գռուզինյան) ծնվել է 1884 թ. Դոնի Մեծ Մալա գյուղում, որ գտնվում է այժմյան Դոնի Ռոստովից ոչ հեռու: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, միջնակարգն ավարտել է Նոր Նախիջևանում, ապա մեկնել է Էջմիածին և ընդունվել Գևորգյան ճեմարան: Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կոմիտասը, որի մասին հետագայում մեծ ակնածանքով հուշեր է գրել: Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո 1908-1910 թթ. որպես ունկնդիր մասնակցել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության և մանկավարժության դասընթացներին:

Դեռ Գևորգյան ճեմարանի նստարանից Սիմոն Վրացյանը հարում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, անդամակցում ու դառնում նրա ակտիվիստը` խմբակ ստեղծելով նաև ճեմարանի ուսանողների շրջանում: Նա զբաղվում է զենքի հայթայթմամբ, Երկիր մեկնող խմբերի զինմամբ: Կարճ ժամանակում նա այնքան հեղինակություն է ձեռք բերում, որ արդեն 1907 թ. ընտրվում ՀՅԴ 4-րդ Ընդհանուր ժողովի պատգամավոր, որ տեղի ունեցավ Վիեննայում:

Այնուհետև Վրացյանը ակտիվ գրական գործունեություն է ծավալում: 1910 թ. Մոսկվայում լույս է ընծայում «Հասկ» ժողովածուն, որն իր ազատական գաղափարախոսության պատճառով համարյա ամբողջովին բռնագրավվում է ռուսական կայսերական իշխանությունների կողմից, իսկ Վրացյանը, խույս տալով հետապնդումից, Բաթումով անցնում է Պոլիս, այնտեղից` ԱՄՆ, ուր ևս զբաղվում է կուսակցական գործունեությամբ: ԱՄՆ-ում 1911-1913 թթ. Վրացյանը խմբագրում էր «Հայրենիք» օրաթերթը:

Շուտով վրա է հասնում մեծ արհավիրքը` Առաջին համաշխարհային պատերազմը, և հայության գլխին կախվում է ոչնչացման սպառնալիքը: Վրացյանն անմիջապես անդամագրվում է կամավորական շարժմանն ու վերադառնում հայրենիք: Այստեղ շարունակում է հրատարակչական գործունեությունը, Թիֆլիսում խմբագրում է «Հորիզոն» թերթը:

Վրացյանը ակտիվորեն ներգրավվում է քաղաքական կյանքում և արագ կարերիա է ապահովում: 1918 թ. նա ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո նշանակվում է Հարավռուսական կամավորական բանակին կից ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավար: 1919-ին ընտրվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ապա նաև` ՀՀ խորհրդարանի անդամ, 1920 թ.` Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 թ. նոյեմբերից` ՀՀ վարչապետ:

Սիմոն Վրացյանի վարչապետության շրջանը ամենածանրն էր Հայաստանի Հանրապետության համար: Երկիրը բզկտվում էր թուրք-ադրբեջանա-ռուսական աքցանի մեջ: Մոլեգնում էին սովը, համաճարակները: Հայ բոլշևիկներն էլ իրենց գործունեությամբ պառակտում էին առանց այն էլ ջլատված ուժերը: Այս պայմաններում Վրացյանի կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ և 1920 թ. դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնել Հայհեղկոմին:

Սակայն, շատ չանցած, տեսնելով Հայհեղկոմի կատարած վայրագությունները երկրում` բզկտված հայրենիքը փրկելու հույսով Սիմոն Վրացյանը գլուխ կանգնեց Հայրենիքի փրկության կոմիտեին ու 1921  թ. փետրվարին ապստամբության դրոշ բարձրացրեց: Ցավոք, ապստամբությունը պարտվեց, և Հայրենիքի փրկության կոմիտեն ստիպված էր լքել երկիրը:

Տարագրության մեջ Վրացյանը պայքարը չդադարեցրեց ու հայկական գաղթօջախներում ակտիվ հասարակական կյանք էր վարում: Նա տարագրության մեջ թափառական կյանք էր վարում. բնակվեց նախ Ֆրանսիայում, ապա անցավ ԱՄՆ, ի վերջո հաստատվեց Լիբանանում:

1945 թ. Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր վեհաժողովում Վրացյանը վերջնագիր ներկայացրեց աշխարհի գերտերություններին` ուշադրություն հրավիրելով Հայկական հարցի վրա:

1951 թ. հաստատվելով Լիբանանում` Բեյրութում` նա ստանձնեց «Նշան Պալաջյան» վարժարանի տնօրինությունը:

Սիմոն Վրացյանը  խմբագրել է ՀՅԴ «Դրոշակ», «Հայրենիք», «Վեմ», «Հորիզոն» թերթերը: Թղթակցել է Լիբանանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում լույս տեսնող հայ պարբերականներին: Նաև բազում հրապարակախոսական, պատմագիտական աշխատությունների հեղինակ է, որոնք լուսաբանում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը անցյալ դարասկզբի թոհուբոհում: Նրա գրչին են պատկանում արժեքավոր աշխատություններ` «Հայաստանի Հանրապետությունը», «Կյանքի ուղիներով», «Հայկական հարցը», «Հայաստանը բոլշևիկյան մուրճի ու թուրքական սալի արանքում»:

Կյանքի մայրամուտին գրած հուշերում Վրացյանը մտքեր է հայտնում, որ հանուն Բոլշևիկյան Ռուսաստանին հակադրվելու հայությունը պետք է դաշնակցի Թուրքիայի հետ: Սակայն պետք է նշել, որ սա Դաշնակցության պաշտոնական տեսակետը չէր, ամեն դեպքում, սա շատ ուսումնասիրողների  հնարավորություն տվեց տարաբնույթ որակումներ տալու Վրացյանին և առհասարակ ՀՅԴ-ին: Ամեն դեպքում, Վրացյանի տեսակետները հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերությունների բնույթի մասին ավելի քան տարակուսելի են: Տեղին է նշել նաև, որ Սիմոն Վրացյանի հայացքներն ու գործունեությունը միանշանակ չեն ընդունվել նաև նրա ՀՅԴ ընկերների կողմից: Մասնավորապես, 1921 թ. ՀՅԴ անվանի գործիչներից Ավետիս Օհանջանյանը կուսակցական Գերագույն դատական ատյան հրավիրեց` մեղադրելով Սիմոն Վրացյանին ֆինանսական զեղծարարության և քաղաքական սխալ քայլերի մեջ…

Սիմոն Վրացյանը վախճանվեց 1969 թ. մայիսի 21-ին, 87 տարեկան հասակում, Բեյրութի Համազգային ճեմարանի իր աշխատասենյակում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 1899 անգամ:
Print Friendly

Leave a Reply