Աղասի Խանջյանը ըմբոստ էր ու չէր կամենում Ստալին-Բերիա զույգի հլու կամակատարը լինել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 16, 2011 7:00

1930-1936 թթ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը Աղասի Խանջյանն էր: Հայաստանի համար այդ ծանր շրջանում իրականացվեցին կոլեկտիվացումը, արդյունաբերության ինդուստրացումը: Երկրում ընթանում էր համատարած էլեկտրաֆիկացում. կառուցվեցին Ձորահէկն ու Քանաքեռհէկը, արտադրանք տվեցին Վանաձորի քիմիական գործարանը, Արարատցեմենտը: Սկսվեց Երևանի կաուչուկի գործարանի շինարարությունը, առաջընթաց քայլեր արվեցին կրթության և անգրագիտության վերացման ոլորտում. մտցվեց պարտադիր յոթնամյա կրթություն:

Այս տարիներին սկսվեց նաև Երևանի կառուցապատումը Թամանյանի նախագծով:

Աղասի Խանջյանը ծնվել է 1901 թ. հունվարի 30-ին, Վանում: Սովորել Է Վանի Կենտրոնական վարժարանում: 1915 թ. ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան: Դեռ տակավին պատանի` 1917-ից Աղասի Խանջյանը հեղափոխական գործունեություն է ծավալում: 1921 թ. արդեն կուսակցական ղեկավար աշխատանքի է անցել Հայաստանում, 1923 թ. Ռուսաստանում` հաստատվելով Լենինգրադում: 1928 թ. Աղասի Խանջյանը Կենտկոմի որոշմամբ գործուղվում է Հայաստան, իսկ 1930 թ. ընտրվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար: Նա առաջիններից էր, որ լրջորեն մտածեց հայրենադարձության գաղափարը կյանքի կոչելու մասին:

Սակայն զարգացման հետ մեկտեղ Խանջյանի կառավարման տարիներին ավելի էր ամրապնդվում վարչահրամայական ապարատը, տեռորը սեփական ժողովրդի հանդեպ, անհատի պաշտամունքը: Ամենուր սարսափ էր տարածված կուսակցության և ՆԳ Ժողկոմի նկատմամբ: Եվ այդ ամենը նաև Աղասի Խանջյանի շնորհիվ, որ Հայաստանում «զորանոցային սոցիալիզմի» ամրապնդման ջատագովներից էր:

Այնուամենայնիվ, Աղասի Խանջյանը ժողովրդի սիրելին էր` շնորհիվ իր անհնազանդ բնավորության: Նա ժամանակի բոլշևիկ այն եզակի գործիչներից էր, որոնց համար ազգային արժեքները առավել կարևոր էին, քան նեղ կուսակցական շահերը:

Աղասի Խանջյանը համապատասխան բարձրագույն կրթություն չուներ, բայց ուներ իր ուղեցույցն ու հավատամքը` կուսակցությունը: Չնայած  երբեմն փորձում էր շտկումներ մտցնել Կենտկոմի հրահանգների մեջ և երբեմն, ի պատիվ իրեն, նաև ըմբոստանում էր: Եվ շատերը նրան զգուշացնում էին գլխին կախված դամոկլյան սրի մասին:

Կրեմլում վաղուց քննարկումներ էին ընթանում Խանջյանին մեկուսացնելու հարցի շուրջ: Սակայն Բերիան ու Ստալինը դեռևս համապատասխան փաստարկ չունեին «Ժողովրդի թշնամիների» բանակը մի նոր անունով համալրելու համար: Չունեին, որովհետև Խանջյանը մեծ կալիբրի գործիչ էր, այն էլ` անհանգիստ Կովկասում: Կար նաև աքսորի տարբերակ` նոր աշխատանքի նշանակում Ուրալից այն կողմ:

Նա նաև մի մեծ «բաց» ուներ` հայ մտավորականության հովանավորն էր: Հատկապես մտերիմ էր Եղիշե Չարենցի հետ: Հետագայում, Խանջյանի մահից ցնցված, Չարենցը գրեց «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը: Խանջյանն առանձնակի մտերմություն ուներ իր համաքաղաքացու (նաև հեռավոր ազգականի)` Գուրգեն Մահարու հետ, որին ամենուր պաշտպանում էր հարձակումներից: Երբ Մահարուն արդեն երկրորդ անգամ վտարեցին Հայաստանի պրոլետգրողների միությունից, նա ահավոր անկումային տրամադրություն ուներ և ծանր էր տանում: Նա նաև մեկ այլ մեծ հայի` Վարդան Աճեմյանի մորաքրոջ տղան էր: Նա իրեն շրջապատել էր անվանի գրողներով, մտավորականներով և հաճախ էր նրանց հետ գրական երեկոներ կազմակերպում:

Մի խոսքով, Խանջյանից դժգոհ էին հանրապետության ներսում, քանի որ նա Մոսկվայի դրածոն էր և նրա քաղաքականությունն իրականացնողը, դժգոհ էին նաև Կենտրոնում, քանի որ նա ըմբոստ էր ու չէր կամենում Ստալին-Բերիա զույգի հլու կամակատարը լինել: Նրա  նկատմամբ նույնիսկ երկու անգամ «հեղաշրջում» կազմակերպեցին, սակայն հաջողություն չունեցան:

Ամեն դեպքում, զգալով իր գլխին կախված սուրը, Խանջյանը ստիպված էր ընդառաջ գնալ ՆԳ Ժողկոմ Մուղդուսուն և ստորագրել «Ժողովրդի թշնամիների» ցուցակի տակ: Ստորագրություն, որով նա հարյուրավորների մահվան ուղարկեց:

Խանջյանից հեռու չէին մարդկային թուլությունները: Նա ևս վարակված էր «Ժամանակի ախտով»` քծնանքով: Եվ իր բոլոր ելույթները սկսում ու վերջացնում էր Բերիայի գովքով: Բայց դա չփրկեց նրան: 1936 թ. մայիսին Խանջյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու Կոմկուսի կենտկոմի պլենումին: Նրա բացակայության ժամանակ Բերիայի անմիջական ցուցումով Խաչիկ Մուղդուսին, Ակոպովը, Համո Ամատունին ձերբակալությունների շարք սկսեցին Հայաստանում, այն էլ Խանջյանի մերձակա շրջապատի մարդկանցից: Եվ խոշտանգումների միջոցով ցուցմունք կորզեցին նրանցից Աղասի Խանջյանի գլխավորած տրոցկիստական, հակահեղափոխական, ազգայնական խմբակի գոյության մասին: Այս տխրահռչակ եռյակը դեռ ցանկանում էր հաշվեհարդար տեսնել Բակունցի, Ալազանի, Չարենցի հետ ևս, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց վճիռը հետաձգվեց:

Շուտով Խանջյանին կանչեցին Թիֆլիս: Լավրենտի Բերիան իր աշխատասենյակում Խանջյանի դեմ դրեց կորզած ցուցմունքներն ու բացատրություն պահանջեց: Հենց Բերիայի աշխատասենյակում էլ 1936 թ. հուլիսի 9-ին Աղասի Խանջյանը կասկածելի հանգամանքներում ինքնասպան եղավ: Բերիան ու նրա շրջապատը տարածեցին, թե Խանջյանի ցուցադրական ինքնասպանությունը միտված էր հայ և վրացի ժողովուրդներին գժտեցմանը:

Հետագա օրերին, երբ Խանջյանի դին Երևան բերեցին և դրեցին նրա տանը, նրա անձնական բժիշկ Սաղյանն ու հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, զննելով նրա քունքի վերքերը, եկան եզրակացության, որ դրանք ինքնասպանության արդյունք չեն, այլ կրակել են որոշակի հեռավորությունից: Շատ չանցած նրանք ձերբակալվեցին ու իրենց վախճանը գտան բանտում:

Երբ Խանջյանի դին գնացքով Երևան բերին, Երևանի երկաթուղային կայարանում հազարավոր մարդիկ էին հավաքվել, որոնք, չնայած ոստիկանության արգելքին, դագաղն ուսերի վրա տարան մինչև Խանջյանի տուն ու մի ամբողջ օր սգացին:

Խանջյանն իսկապես ժողովրդի սիրելին էր: Նրա վերջին ճանապարհի ուղեկիցներն էին ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Վահրամ Ալազանը, շատ ուրիշներ…

Հուղարկավորությունը «փառահեղ էր»: Հունիսի 12-ի «Խորհրդային Հայաստան» թերթում տեղադրված մահազդը կարծես թե վերաբերում էր մի շարքային քաղաքացու, ոչ թե պետության ղեկավարին: Խանջյանին  նրա իսկ դիակի մոտ բազմիցս պիտակավորեցին որպես «ժողովրդի թշնամի», «դաշնակցական լրտես», «տրոցկիստ», «նացիոնալիստ»… Նրան պաշտոնում փոխարինած Համո Ամատունին անգամ չխորշեց և իր ելույթներից մեկում Խանջյանին անվանեց «վիժվածք»: Նրանից հետ չմնացին Խաչիկ Մուղդուսին և Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գալոյանը:  Ավելորդ չէ նշել, որ Խաչիկ Մուղդուսու պատվերով Խանջյանի դիակի մոտ անգամ պատվո պահակ չկանգնեցվեց: Դրա փոխարեն Խանջյանի տունը շրջափակված էր ոստիկանության հոծ շղթայով, և հասարակ ժողովրդի մուտքն արգելված էր: Սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, ճեղքեցին ոստիկանների շղթան և տուն լցվեցին: Հոգեհանգիստը տարերային բնույթ ընդունեց: Անգամ երեխաները` անչափահաս պիոներները կարողացան ներս մտնել ու դագաղը պատել ծաղիկներով: Խանջյանի դիակի քունքերին գնդակների տեղը ծածկելու համար երկու մեծ վարդ էր դրված…

Տեսնելով, որ ժողովրդական հուզումը հասնում է գագաթնակետին` զայրացած Խաչիկ Մուղդուսին կարգադրեց դագաղը վերցնել և դուրս հանել տնից:

Դիակը տնից դուրս հանելուց առաջ հանգուցյալի հայրը` Ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, ի լուր ժողովրդի հայտարարեց, որ Աղասին ապրել է ցարի ժամանակ, պայքարել է Դաշնակցության իշխանության օրոք և աննկուն կամք ուներ. ոչ ոք և ոչինչ չէր կարող նրան ստիպել ինքնասպան լինել: Նա հայտարարեց, որ իր որդուն գնդակահարել են:

Երբ դիակը դուրս բերեցին տնից, թաղման թափորը փոթորկվեց, հուզվեց…

Ամբոխն արդեն անկառավարելի էր դառնում: Ոստիկանությունն այլևս չէր կարողանում զսպել ժողովրդական պոռթկումը:

Իշխանությունները դիմեցին ծայրահեղ միջոցի. Խաչիկ Մուղդուսու հրամանով Մամռի ջրանցքի ջրերը բաց թողեցին ուղիղ փողոց` մարդկանց վրա: Սակայն դա չխանգարեց թափորին` հարգանքի վերջին տուրքը մատուցելու սիրելի գործչին:

Նրա դին ամփոփեցին Կոնդի Կոզեռն գերեզմանատանը:

Խանջյանի մահից հետո Հայաստանում կրքերը չհանդարտվեցին: Ամատունին և Խաչիկ Մուղդուսին տարերքի մեջ էին. նրանք ձերբակալում էին ում ասես: Մեղադրանքը մեկն էր` ափսոսել էին, ասել է թե` համակիր էին Խանջյանին:  Նրանք ասպարեզից վերացրին նաև իրենց տասնյակ հակառակորդների և ընդդիմախոսների:

Մի քանի ամսում հանրապետությունում «Խանջյանի գործով» բանտարկվեց ավելի քան 8 հարյուր մարդ:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 4281 անգամ:
Print Friendly

Leave a Reply