Ոչ միայն գաղտնի, այլև գերգաղտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 13, 2011 7:00

Ինչքան էլ կառավարությունը հայտարարում է բաց ու թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին, միևնույն է, պետական օղակներում կան որոշ կազմակերպություններ, որտեղ այդ թափանցիկությունը միայն աշխատողների անուններին, կազմակերպության գտնվելու վայրին և այս կարգի տեղեկություններին են վերաբերում: Խոսքն ամենևին էլ մեր բանակի, ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության մասին չէ, այլ, օրինակ, 2009 թ. օգոստոսի 7-ից գործող «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության: Այս, ըստ էության, պետական կազմակերպության նպատակը, ինչպես նշվում է կազմակերպության կայքէջում, Հայաստանի տնտեսության փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը օժանդակելն է`դառնալով  հուսալի և վստահելի գործընկեր փոքր և միջին ձեռնարկատերերի համար, ինչպես նաև ներկայիս հաճախորդների վստահությունը պահպանելն ու ամրապնդելը և պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դյուրին և հասանելի դարձնելը:

Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմել է 1 մլրդ 150 մլն 500 հազար դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից: Ասել է թե` յուրաքանչյուր հարկատուից վճարվող միջոցների հաշվին: Հետևաբար ենթադրվում է, որ հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե այդ միջոցները որտեղ, ինչ նպատակներով և ում կողմից են ծախսվում: Բայց երբ նույն նկատառումներով ցանկացանք պարզել, թե հիշյալ կազմակերպությունն իր ստեղծման օրվանից քանի ընկերության կամ անհատ ձեռներեցի է ֆինանսավորել, ովքեր են այդ իրավաբանական և ֆիզիկական անձինք, և յուրաքանչյուրին որքան գումար է հատկացվել, կազմակերպության իրավաբան Իրինա Իսպիրյանից ստացանք հետևյալ պատասխանը. «Մենք հիմնականում վարկեր ենք տրամադրում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Մենք չենք կարող տրամադրել տեղեկություններ, թե ովքեր են այդ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Մենք իրավասու չենք տրամադրելու այդ տեղեկատվությունը հաճախորդների վերաբերյալ: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը որ նայեք, կտեսնեք, որ մենք հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն իրավասու չենք տրամադրել»:

Հետևելով իրավաբանի խորհրդին` նայեցինք «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը: Դրա 4-րդ հոդվածը, որը սահմանում է բանկային գաղտնիքը, հստակ ձևակերպում է. «1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ մենք չենք հարցրել հաճախորդների հաշիվների վերաբերյալ տեղեկություններ, հաճախորդների հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդների կատարված գործառնությունների մասին նույնպես չենք հարցրել, առևտրային գաղտնիքի կամ ծրագրերի և մշակումների, գյուտերի, արդյունաբերական նմուշների մասին, առավել ևս, չենք հարցրել: Ընդամենը հարցրել ենք, թե որոնք են այդ կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անունները, ինչի մասին վերոհիշյալ օրենքը որևէ սահմանափակում չի առաջացնում, և պետական բյուջեից գոյացած միջոցների հաշվին ինչքան գումար են հատկացրել տվյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Քանի որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը գոյանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այն հարցին, թե արդյոք չե՞նք կարող իմանալ, թե ում  կամ ինչի վրա են ծախսվում հարկատուների հաշվին գոյացած գումարները, իրավաբանը նշեց, որ կազմակերպության կայքում ներկայացված են հաշվետվությունները: Սակայն կայքում ներկայացված հաշվետվություններից չի երևում` այդ գումարները հատկացվել են հայկակա՞ն, թե՞, ենթադրենք, ադրբեջանական ընկերություններին:

Մենք տեղեկատվություն ստանալու նպատակով, օրենքով սահմանված կարգով, արդեն դիմել ենք այս կազմակերպությանը: Ակնկալում ենք, որ օրենքով նախատեսված կարգով էլ կստանանք պատասխան, որի մասին կտեղեկացնենք հետագայում:

Հ.Գ. Ի դեպ, պետբյուջեից նույնիսկ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, դատախազությանը, բանակին տրամադրվող գումարների չափերը երբեք գաղտնիք չեն լինում, բայց արի ու տես, որ մեր «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ավելի գաղտնի կառույց է, քան մեր ուժային կառույցներն են:

 

Դիտվել է 2180 անգամ:
Print Friendly

Leave a Reply