Սնկային վարակներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2011 7:00

Ձեզ տանջում են հաճախակի անգինաներն ու մրսածությունը,  նույնիսկ դիետիկ սնունդն է  դժվարությամբ  յուրացվում, կամ էլ ասթմայի նոպաները թույլ չեն տալիս շունչ առնել: Որտեղի՞ց են  այդ հիվանդությունները: Եթե ավանդական բուժումները ձեզ օգուտ չեն տալիս, ուրեմն հարկավոր է պատճառն այլ տեղ փնտրել: Շատ հավանական է, որ  դուք միկրոօրգանիզմների, այլ կերպ ասած` սնկերի զոհ եք դարձել:

Աշխարհում սնկային հիվանդությունների ու հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է: Բժշկական վիճակագրության տվյալներն ասում են, որ ամեն տարի սնկային սպորներով հիվանդանում է  մոտ 2 մլն մարդ: Սնկերի սպորները սերմերի նման   տարածվում ու ծլարձակում են այլ օրգաններում: Բորբոսասնկերը մակաբույծի պես ապրում են այլ կենդանի օրգանիզմների հաշվին կամ սնվում են  մեռած օրգանական նյութերով:

Սրացած ասթմա

Մասնագետներն ուշադրություն են դարձրել, որ  ասպերհիլամ  սնկերով են պայմանավորված հաճախ հանդիպող  շնչուղիների ու թոքերի հիվանդությունները: Դրանցից է բրոնխիալ ասթման: Սնկերը կարող են բրոնխիտի, ասթմայի, անգինայի պնևմոնիայի և նույնիսկ ուռուցքային նորագոյացությունների պատճառ դառնալ: Պետք է սկզբից ևեթ ասել, որ սնկային հիվանդությունները դժվար են ենթարկվում բուժման, ինչը կրկին ապացուցում է, որ հիվանդության հարուցիչը սնկերն են:

Դրա համար հարկավոր է հավասար քանակությամբ եղեսպակ (շալֆեյ), կատվալեզու (չերեդա), երկտուն եղինջ ու մասուր խառնել իրար ու վերցնել այդ խառնուրդից 1 ճաշի գդալ, վրան 0,5 լ եռացրած ջուր լցնել, թերմոսում 2 ժամ թրմել, ապա քամել: Ընդունել 2 ճաշի գդալ թուրմ օրական 2-3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ:  Կարելի է եռացրած ջրի մեջ եղեսպակի յուղ կաթեցնել ու ինհալյացիա անել այդ լուծույթի գոլորշիով (5 կաթիլ յուղը մեկ բաժակ ջրի հաշվարկով):

Կարելի է այդ լուծույթով նաև  բնակարանի հատակը մաքրել կամ էլ 1 լ ջրին 10 կաթիլ սոճու կամ եղևնու, նիվենու (էվկալիպտի) յուղի կաթիլներ ավելացնել ու լավ խառնել, որ լուծվի ջրի մեջ: Նման լուծույթը ցողելով օդում` փաստորեն կախտահանեք նաև սենյակի օդը:

Խռռացող անգինա

Թերևս զարմանաք, եթե իմանաք, որ սնկերը շատ են սիրում խռռացնող ու քրոնիկ հարբուխով տառապող մարդկանց, քանի որ նրանք քնում են բաց բերանով: Ընդ որում, առատ թքարտադրություն է կատարվում, շուրթերը միշտ խոնավ են, ինչը հրաշալի նպաստավոր պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների բազմացման համար: Դրանց ակտիվ գործունեության պատճառով բերանի անկյուններում ճեղքեր են առաջանում: Ու վիտամինների պակասը չէ պատճառը, ինչպես ընդունված է կարծել: Ավաղ, այդ դեպքում  նման վիճակը դժվար առանց անգինայի, կոկորդացավի ու բարձր ջերմության  անցնի:

Դրա համար հարկավոր է 12-15 կաթիլ թեյածառի յուղ խառնել տաք ջրի հետ ու օգտագործել այն կոկորդը օրական մի քանի անգամ  ողողելու համար: Ու բերանի անկյունների ճեղքերն էլ կվերանան, եթե այդ լուծույթը մի քանի անգամ քսեք:

Կիտրոնային օտիտ

Սնկերը գրոհելով իսկույն ախտահարում են ոչ միայն նշագեղձերը, այլև մյուս` քիթ-կոկորդ-ականջ շղթայի օրգանները: Ու հաճախ հարվածի տակ է հայտնվում միջին ականջը, որի բորբոքումը կոչվում է օտիտ:

Դրա սնկային տարբերակը ավելի հաճախ է հանդիպում, քան կարելի է ենթադրել: Ականջի համար առավել վտանգավոր են սև ասպերհիլները, որոնք կիտրոնաթթու են մշակում: Այդ դեպքում մարդը տանջվում է քորից, որը նույնպես սնկային  վարակի «այցեքարտերից» է: Սնկային վարակի հետևանք օտիտը կայուն բնույթ ունի, ու հակաբիոտիկներն էլ գրեթե չեն օգնում կամ էլ միայն փոքր-ինչ թեթևացնում են հիվանդի վիճակը, մեղմում ցավը: Դրա համար հարկավոր է պատրաստել սխտորաէվկալիպտային յուղ:  Պատրաստման համար մեկ գլուխ սխտորը ճզմել, խառնել 1/2 բաժակ ռաֆինացված ձեթի  ու  նիվենու 20 կաթիլ յուղի հետ: Հիվանդ ականջի մեջ կաթացնել օրական 2 անգամ` 2-4-ական կաթիլ:

Ոտնաթաթերի ու եղունգների սնկային հիվանդություն

Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդություն ունի մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը, ինչը հիմնականում կապում են  ցածր իմունիտետի հետ: Ու դա այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Սակայն այդ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ նաև այլ`  ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները: Հաճախ այդպիսի հիվանդություններ են երակների լայնացումը և անեմիան: Վտանգավոր են նաև գոտկատեղի խաչաձև ռադիկուլիտն ու հաճախակի վնասվածքները, որոնք, կարելի է ասել, հատուկ են  մարզիկներին:

Ի՞նչ անել: Շատ է կարևոր է հիմնական հիվանդության` սակավարյունության կամ ռադիկուլիտի բուժումը: Դրանից հետո միայն պետք է հակասնկային թերապիա անցնել:

Դիսբակտերիոզ

Ներքին օրգանների սնկային հիվանդությունների հակում ունեն միլիոնավոր մարդիկ: Այդ շարքում ամենատարածվածը աղիքային դիսբակտերիոզն է` կանդիդոզը: Աղիքներում առկա սնկերի մասին են խոսում նաև զանազան ալերգիաները: Դրանք առաջանում են, ասենք, մրսածությունից, սթրեսներից  կամ հակաբիոտիկներով բուժման պատճառով:  Ուստի հարկավոր է փոխել սննդակարգը: Առաջին հերթին հրաժարվեք քաղցրից, սնկերը պարզապես պաշտում են այն: Մի տարվեք նաև աղի, կծու ու թթու, ինչպես նաև տապակած սննդամթերքով: Խուսափեք նաև քացախից, տաքդեղից, մանանեխից, ձվի դեղնուցից: Ալկոհոլի ցանկացած տեսակ չի թույլատրվում: Արգելված  մթերքների շարքը համալրում  են ցիտրուսները, ընկույզները, կարմիր-նարնջագույն մրգերն ու բանջարեղենը:

Նոր բնակարանի հակասնկային կանխարգելիչ մաքրություն պետք է կատարել տարվա մեջ 1-2 անգամ, իսկ եթե հին բնակարան է, ապա տարեկան 2-3 անգամ:

Խոնավության ու բորբոսի դեպքում   հարկավոր է նորոգել բնակարանը:

Տանը պետք է պարբերաբար տակից-գլուխ մաքրություն կատարել: Ընդ որում, հատուկ  ուշադրություն դարձրեք նախասենյակին: Բանն այն է , որ շատ սնկեր բնակվում են հողի մեջ ու կոշիկների հետ տուն են մտնում: Տան շեմի ձորձը նույնպես թրջեք եթերայուղ ավելացրած ջրով:

 

Դիտվել է 6572 անգամ:
Print Friendly

Leave a Reply