Երբ մեծ ծախսեր չեն արվում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 13, 2011 15:07

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արծաթե և  բրոնզե մեդալակիրների հարցը վճռվեց վերջին` 28-րդ տուրում: Ստուգատեսի ավարտից առաջ հայտնի էր դարձել, որ վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկի» գերիշխանությանը վերջ է տրված, և  նա այս մրցաշրջանում ուժեղագույն չի ճանաչվելու: Եվ իր համար չեմպիոնի կոչումը ժամկետից շուտ  նվաճել էր «Ուլիսը»` անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Վերջին տուրը գոլառատ չէր, մրցակիցների դարպասը խփվեց ընդամենը 6 գնդակ: Ամենագոլառատը «Արարատ»-«Շիրակ» խաղն էր, որն ավարտվեց  1:3 հաշվով: Ընդ որում, այն ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ մրցում էին  աղյուսակի վերջին և նախավերջին հորիզանականներին ամուր կառչած թիմերը: «Արարատը» 12-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ի դեպ,  եթե «Արարատի» ներկայացուցիչները մրցաշրջանի սկզբից էլ իրենց առջև լուրջ խնդիր չէին դրել, նույնիսկ հանպատրաստից էին սկսել մասնակցել, ապա «Շիրակի» ներկայացուցիչներն ամեն ինչ արել էին, որ որևէ բանի հասնեն, բայց պարզվել է, որ քայլերը նպատակային չեն, համենայն դեպս` արդյունքն է այդ մասին վկայում:

«Իմպուլս»-«Ուլիս» (1:1) հանդիպման ելքից էլ ոչ մի բան կախված չէր, և այն ոչ-ոքի ավարտվեց: Իսկ ահա մյուս երկու` «Միկա»-«Փյունիկ» և «Բանանց»-«Գաձասար» հանդիպումները պետք է որոշեին երկու մրցանակակիրներին, այն թիմերին, որոնք  հաջորդ տարի մեր երկիրը պետք է ներկայացնեն Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Երկու խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, այնպես որ ոչինչ էլ չփոխվեց, և թիմերը մնացին նույն հորիզոնականներում, որոնք զբաղեցնում էին: Այսպիսով, վաստակած 53 միավորով  չեմպիոն դարձած «Ուլիսին» հաջորդեցին «Փյունիկը» (46) և «Գանձասարը» (46): 44-ական միավորով «Բանանցը» և «Միկան» անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Ի դեպ, վերջին խաղը «Միկայի» ֆուտբոլիստները լավ անցկացրին և մի շարք գոլային պահեր ունեցան:  Մինչդեռ «Փյունիկի» խաղացողները գամվել էին սեփական դարպասին և մտածում էին միայն այն անառիկ պահելու մասին: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին:

Ինչևէ, Հայաստանի հերթական առաջնությունն էլ անհետաքրքիր էր: Եթե մեր երկրի ազգային հավաքականի անցկացրած խաղերի ժամանակ  մարզադաշտ են այցելում մեծ թվով հանդիսականներ, ապա Հայաստանի ակումբային առաջնությունը շարունակում է ձանձրացնել: Մրցավարական սխալներն էլ քիչ չեն: Ի դեպ, այս առաջնությունում աննախադեպ իրադարձություն է արձանագրվել: Մրցավարի մեղավորության պատճառով խաղերից մեկի  արդյունքը չեղյալ է հայտարարվել, և այն կրկին էր անցկացվել: Մինչդեռ, եթե  պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ստեղծվեր, և մրցավարները ՀՖՖ-ից կախավածություն չունենային, թերևս շատ բան այլ ընթացք կունենար:

Իսկ միակ փոփոխությունն այն է լինելու, որ  Հայաստանի ֆուտբոլի գավաթի եկող տարվա խաղարկությունը կմեկնարկի առաջիկայում: Իսկ հաղթողը հայտնի կդառնա 2012-ին: Թե ինչ իմաստ ուներ այդպես անել, երբ գավաթային մրցաշարը սակավաթիվ` ընդամենը 8 թիմի մասնակցությամբ է անցնելու և դեռ չսկսված ավարտվելու է, պարզ չէ:

Փաստորեն, հայկական ֆուտբոլային ակումբների տերերին ֆուտբոլում միայն իրենց շահերն են հետաքրքրում, նրանք չեն ցանկանում  շատ փող ծախսել և բարձրակարգ խաղացողների հրավիրել:  Փաստն այն է, որ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան օրերս հրապարակել է աշխարհի  լավագույն 400 ֆուտբոլային ակումբների ցանկը, որոնցում հայկական որևէ թիմ չկա:

 

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply