Հայաստանի հանդբոլիստների հավաքականը` աննախադեպ կազմով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 12, 2011 14:53

Նոյեմբերի 12-14-ը մեր երկիրը հերթական անգամ կհյուրընկալի հանդբոլիստների «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի մասնակիցներին: Այս ստուգատեսը կազմակերպվելու է երրորդ անգամ: Իսկ նպատակը մեկն է` մեր մարզասերներին բարձրակարգ հանդբոլիստների մասնակցությամբ հանդիպումների ականատեսը դառնալու հնարավորություն տալ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում սպորտը, առավել ևս խաղային մարզաձևերը սիրված են, և  մարզասերներն անհամբերությամբ են սպասում, թե երբ է որևէ նշանակալի մրցաշար անցկացվելու: Եվ ահա, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, որի նախագահը Հայաստանի հանդբոլի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանն է, սեփական նախաձեռնությամբ և ֆինանսներով կրկին կազմակերպելու է միջազգային մրցաշար: Առաջին ստուգատեսում, որը երեք տարի առաջ չորս թիմերի մասնակցությամբ կայացավ մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում, հաղթեցին Իրանի հավաքականի խաղացողները: Քանի որ հանդբոլը տարածված է Լոռու մարզում, 2010-ին այդ մրցաշարը կազմակերպվեց Վանաձորում: Մրցատեղի էր դարձել տեղի մարզապալատը: Իրանցիները բավարարվեցին  միայն 3-րդ տեղով: Հայաստանի հավաքականը, հաղթելով Իրանի և Վրաստանի ներկայացուցիչներին, գրավեց  երկրորդ հորիզոնականը, իսկ հաղթող դարձավ Բելառուսի  ընտրանին:

Այս տարի արդեն միջազգային մրցաշարի մասնակիցները խաղալու են մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում: Մեր երկրի հավաքականից բացի, մրցասպարեզ դուրս կգան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Հնարավորն արվել է, որպեսզի ստուգատեսը շուքով անցնի: Մասնակիցներն իջևանելու են «Էրեբունի», իսկ պատվավոր հյուրերը` «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:

Ի դեպ, սպասվում է, որ նոյեմբերի 12-ին Երևան կայցելի Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը: Նա արդեն ուղերձ է հղել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային ու մարզասերներին, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը կազմակերպման հենց սկզբից ոգևորել է ոչ միայն Հայաստանի հանդբոլասեր հասարակությանը, այլև տարբեր, հատկապես զարգացող երկրների ներկայացուցիչներին: Եվ ահա, Երևանը կրկին հյուրընկալելու է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի հավաքականներին, որոնք Հայաստանի ընտրանու հետ միասին կներգրավվեն այս անկանխատեսելի իրադարձություններ խոստացող ուշագրավ մրցաշարի պայքարում: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել միջազգային այն մրցաշարերին, որոնք ամրապնդում են կապերը տարբեր երկրների հանդբոլի ֆեդերացիաների միջև: Արդեն ավանդական դարձած այս ստուգատեսի բարձր մակարդակով կազմակերպելու ձգտումը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ջանք չի խնայում Հայաստանում հանդբոլը զարգացնելու համար: Կասկած չկա, որ այս ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ մրցաշարում այս անգամ էլ պայքարը նոր թափ է ստանալու, և մեր մարզաձևն էլ եվրագոտում ավելի մասսայականություն է ձեռք բերելու: Ողջունում եմ Հայաստանի հանդբոլի սիրահարներին և որպես Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ` մաղթում նրանց, որ մրցաշարի ընթացքում ականատես դառնան մրցակցային հաճելի ակնթարթների, և հիշարժան օրերը Երևանում շատ լինեն: Իսկ մրցաշարում, թող հաղթի ուժեղագույնը...»:

Հավելենք, որ առաջին և երկրորդ միջազգային մրցաշարերի ժամանակ Հայաստան էին այցելել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Ֆեդերերը և Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան:

Ի դեպ, վերջինս շատ էր տպավորվել միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով, և Հայաստանի փորձն ի ցույց էր դրվել: Մասնավորապես, միջոցառումը ներկայացվեց  Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կայքի գլխավոր էջում, տեղադրվեցին լուսանկարներ: Ընդ որում, վանաձորյան մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հրավառությամբ ողողված մարզասրահում գավաթը, հանկարծակի հայտնվելով առաստաղի տակից, ատիճանաբար  ցած իջավ, և այն հաղթողին հանձնեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը: Նրանց կողքին էին մեր երկրի ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան այլ անձինք:

Միջազգային մրցաշարի կազմակերպիչներն այս անգամ էլ խոստացել են մի շարք անակնկալներ մատուցել: Պատրաստվել է մեծ, գեղեցիկ գավաթ, որը կհանձնվի հաղթողին: Գավաթներ կստանան նաև տարբեր անվանակարգերում լավագույն ճանաչված խաղացողները: Պատրաստվել են  նաև մեդալներ, որոնցով կպարգևատրվեն արժանավորները: Թողարկվել են ազդագրեր, հրատարակվել է  մրցաշարի պատկերազարդ  ծրագիրը, որում Եվրոպայի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների նախագահներ Թ. Լիանի և Ս. Գրիգորյանի ողջույնի խոսքերն են, մասնակից հավաքականների լուսանկարները, կազմերը, հայերեն և անգլերեն ներկայացված է մրցաշարի խաղացանկը:

Անկասկած, բոլորին հետաքրքրում է, թե ինչ ներուժ ունեն մրցաշարի մասնակիցները:

Ռուսաստանի պատիվը պաշտպանող հավաքականի կորիզն են կազմում Կրասնոդարի ՖԻՄԱ-ի հանդբոլիստները: Այս ակումբը հեղինակավոր է. 24 անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն, այդ երկրի քառակի գավաթակիր է, 1990-ին դարձել է Եվրոպայի գավաթակիր: Ի դեպ,  ՖԻՄԱ-ի կազմում տարբեր տարիներ հանդես եկած անվանի խաղացողների թվում է նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, դարպասապահ Պավել Սուքիասյանը: Իսկ նախկին խաղացողներից ամենաճանաչվածն Անդրեյ Լավրովն է, որը դարձել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Ներկայումս ՖԻՄԱ-ի կազմում են խաղում Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների հանդբոլիստներ: Այնպես որ, Ռուսաստանի ներկայացուցիչները  համարվում են այս ստուգատեսի հաղթողի հիմնական հավակնորդ:

Հանդբոլի Վրաստանի ֆեդերացիան լրջորեն է քննարկել է, թե ինչու է թիմը  միջազգային նախորդ մրցաշարում զբաղեցրել  4-րդ տեղը:  Ուստի այս անգամ մեր հարևանները մարտական կազմով են մրցավայր ներկայանալու, որպեսզի վերականգնեն  սասանված հեղինակությունը: Իսկ վրացական հանդբոլը ավանդույթներ, նաև հավաքականի համար խաղացողներ ընտրելու լավ հնարավորություններ ունի:

Ի դեպ,  առաջին տուրի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ներկայացուցիչների հետ: Մեկնարկային մյուս հանդիպումում խաղալու են Ռուսաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Վերջիններիս մասին քիչ բան է հայտնի: Փաստն այն է, որ Ուզբեկստանի ներկայացուցիչները Ասիայի առաջնություններում բարձրակարգ տեղեր են գրավում: Ընդ որում, մարզիչները թիմի կազմում հայտավորել են մի շարք երիտասարդ խաղացողների: Մի բան է պարզ, որ Ուզբեկստանի ընտրանին երևանյան միջազգային մրցաշարում ամենևին էլ վիճակագրի դերում լինելու մտադրություն չի ունենալու, և  այդ թիմից ինչ անակնկալ ասես սպասելի է:

Ինքնին հարց կարող է ծագել, թե ինչի՞ է ունակ  Հայաստանի հավաքականը: Այն այս անգամ աննախադեպ կազմ է ունենալու: Հավաքականում, Հայաստանում  մարզվող խաղացողներից բացի,  ընդգրկվել են  Ֆրանսիայի տարբեր ակումբներում հանդես եկող մեր մի խումբ հայրենակիցներ: Իսկ այդ երկրում  հանդբոլի խաղամակարդակը շատ բարձր է: Հանդբոլիստների Ֆրանսիայի հավաքականը աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն է: Ռուսաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Չեխովսկիե մեդվեդի» թիմի առաջատար խաղացող Սամվել Ասլանյանը, որ ամռանը Հայաստան այցելեց, նախկինում ապրել է Չարենցավանում և խոստացել է  օգնել Հայաստանի հավաքականին: Եվ ահա, նա ևս կրելու է Հայաստանի հավաքականի մարզազգեստը: Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությունում տևական ժամանակահատված խաղալու փորձ կուտակած Հայկ և Հովհաննես Կարապետյան եղբայրները նույնպես համալրելու են մեր երկրի ընտրանին: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա,  ինչպես նախորդ տարվա միջազգային մրցաշարում, այս անգամ էլ մեր թիմը խաղահրապարկ դուրս կբերեն  Էդուարդ Օհանյանը (Հայաստան) և Պատրիկ Օթամյանը(Ֆրանսիա):

Խաղերը սպասարկող մրցավարների թվում  լինելու են Ավստրիայից հրավիրված մասնագետներ: Այնպես որ անաչառությունն ապահովվելու է: Հանդիպումների ընթացքում շարունակ հնչելու է տրամադրող երաժշտություն, տոնական և բարձր տրամադրություն է տիրելու:

Ներկայացնենք Հայաստանի հանդբոլի հավաքականի կազմը. դարպասապահներ` Ռեմի Ստամբուլյան, Վիլյամ Գուլ (Ֆրանսիա), Հովհաննես Կարապետյան (Գերմանիա), մարզահրապարակի խաղացողներ` Կիրիլ Բաբիկյան, Ֆրանկ Ֆեներլյան,Գիյոմ Գարմիրյան, Սեդրի Ռեյնե, Հրայր Սալաթյան, Ալեքսանդր Կումրյան, Օլիվյե Բրուան (բոլորն էլ Ֆրանսիայից), Սամվել Ասլանյան (Ռուսաստան), Հայկ Կարապետյան, (Գերմանիա), Արման Իսրայելյան, Հայկ Երանոսյան, Արտակ Բայրամյան, Ստեփան Ղազարյան, Վահագն Դարբինյան, Գոռ Ղանադյան, Նարեկ Մատինյան, Ստեփան Մարգարյան, Տիգրան Թադևոսյան (բոլորն էլ հայաստանցի): «Անկախ այն բանից, թե որ թիմը կհաղթի, ինչպիսի արդյունքի կհասնի Հայաստանի հավաքականը, համոզված ենք, որ այս մրցաշարի կազմակերպումը կծառայի իր նպատակին` կնպաստի մեր երկրում հանդբոլի զարգացմանը, այն բանին, որ ավելի շատ պատանիներ և աղջիկներ  զբաղվեն այս գրավիչ մարզաձևով: Կարծում ենք, որ միջոցառումը կխթանի նաև մասնակից երկրների հանդբոլի ֆեդերացիաների կապերի էլ ավելի սերտացումը  և այդ ժողովուրդների բարեկամական կապերի հաստատման գործում նոր կամուրջ կհանդիսանա»,- ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply