Ուսուցիչների աշխատավարձերը կրճատվել են` չնայած բարձրացումների մասին խոստումներին
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | November 14, 2011 7:00
Ուսուցիչների աշխատավարձերը հանրապետության շատ դպրոցներում նվազել են: Նախապես հայտարարված մյուսների համեմատ 20% բարձր աշխատավարձի փոխարեն ավագ դպրոցի ուսուցիչները մինչև 25% պակաս են ստանում: Պատճառը դպրոցի ֆինանսավորման կարգն է: Ըստ գործող կարգի` դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Բայց եթե հիմնական դպրոցում դասարանի թույլատրելի խտությունը 35 աշակերտ է, ապա ավագ դպրոցում` 20: Այսինքն` նախկին մեկ դասարանն այժմ վերածվել է երկուսի, նույն թվով աշակերտների դասավանդման ժամաքանակը փաստորեն կրկնապատկվել է, իսկ ֆինանսավորումը մնացել է նույնը:
ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նադյա Պետրոսյանն ասում է, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման կարգում կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել, և հունվարի 1-ից ֆինանսավորման վերահաշվարկ կկատարվի: Ներկայիս ցածր աշխատավարձի համար, սակայն, ուսուցիչները փոխհատուցում չեն ստանա: «Մինչև ծրագիրը չգործի, թերությունները չեն երևա, նույնն էլ այս պարագայում, կանխատեսելի չէր, որ ֆինանսական խնդիր կառաջանա»:
Պետրոսյանը նշում է, որ ինչպես և հայտարարվել է, ավագ դպրոցի ուսուցիչներին 20% հավելավճար է հատկացվել, այլ հարց է, որ դպրոցում աշակերտների խտությունը քիչ է եղել, ու գումարը չի բավականացրել:
Ըստ ներկայիս գործող կարգի` անկախ այն հանգամանքից, թե աշակերտը որ դասարանում է սովորում, պետությունը յուրաքանչյուր աշակերտի տարեկան հատկացնում է 105 հազար դրամ (օրական պետությունը մեկ աշակերտի վրա ծախսում է 291,6 դրամ): Կառավարության նոր որոշմամբ տարրական, միջին և ավագ դպրոցների նկատմամբ տարբեր գործակիցներ կկիրառվեն, ուստի ֆինանսավորումն էլ, ըստ աշակերտների թվի, տարբեր կլինի: Այսպես, տարրական դպրոցի մեկ աշակերտին կհատկացվի 86 հազար դրամ, միջին դպրոցի աշակերտին` 120 հազար, իսկ ավագ դպրոցին` 124 հազար դրամ:
«Անկախը» փորձեց ճշտել տարբեր դպրոցներից, թե ինչպես են լուծել առկա ֆինանսական դժվարությունները և ինչ ակնկալիքներ ունեն հունվարյան վերահաշվարկից:
Մարտունու թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Վրույր Ավետիսյանն «Անկախի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցի բյուջեն հաստատվել է անցած տարի հունվարին, երբ դեռ կանխատեսելի չէր, որ ավագ դպրոց են դառնալու: Այժմ դպրոցն ունի հոսքային 6 դասարան` 107 աշակերտներով, ինչը, նախկին կարգի համաձայն, երեք դասարան էր կազմելու: Այսինքն` երեք դասարանի ֆինանսավորմամբ դպրոցը ունի կրկնակի ավելի ժամաքանակ:
Նախորդ տարվա համեմատ նվազել է նաև դպրոցի պահպանման համար հատկացվող գումարը: Մինչդեռ, տնօրենի խոսքով, գումար հատկացնելուց պետք է հաշվի առնեն նաև դպրոցի մեծությունը, շենքի վիճակը. «Օրինակ` մեր դպրոցի շենքը հին է, մեզ մոտ դպրոցը պահպանելու համար ավելի շատ միջոցներ են հարկավոր, քան, օրինակ` նորակառույց դպրոցներում»:
Ֆինանսական խնդիրը լուծելու համար դպրոցում նվազագույնի են հասցրել հնարավոր բոլոր ծախսերը. հանվել են 38 ժամ կիսվող դասաժամերը, 33 ժամ խմբակները: Ուսուցիչների աշխատավարձն էլ 6 տոկոսով նվազել է, սակայն անգամ այսքանից հետո գումարը չի բավականացնում. որոշել են դեկտեմբերին ջեռուցման համար չվճարել և 1 մլն դրամ պարտքը թողնել հաջորդ տարվան:
Ավետիսյանը նշում է, որ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման դեպքում նման խնդիրն անխուսափելի է: Հույս չունի նաև, որ հունվարից ֆինանսավորման վերահաշվարկի դեպքում խնդիրը կլուծվի. «Հունվարին ֆինանսավորման չափը կհաստատեն, մինչդեռ ես չգիտեմ, թե հաջորդ տարի քանի աշակերտ կունենամ, հետևաբար հայտնի չէ` արդյոք հատկացվող գումարը կբավականացնի՞, թե՞ ոչ»:
Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանը նշում է, որ գնաճի պայմաններում ֆինանսական խնդիրները բոլորին էլ ծանր դրության մեջ են դրել, բայց այլ ելք չկա. այստեղ ուսուցիչները չեն ստանում նախատեսված հավելավճարը (աշխատավարձի մոտ 20%-ը): «Կոլեկտիվը, ինչ արած, համակերպվել է, միայն մենք չենք այդ վիճակում, հանրապետության բոլոր ավագ դպրոցներն էլ նույն խնդրի առաջ են կանգնած»:
Բադալյանը նշում է, որ խնդիրը հենց օրենքի մեջ է, ըստ աշակերտների թվի ֆինանսավորման պարագայում ինչ փոփոխություններ էլ անեն, միևնույն է, գումարային խնդիրներ կլինեն. «Ներկայիս իրավիճակն անակնկալ չէր, կանխատեսելի էր, որ աշակերտների թվի պակասի պատճառով ֆինանսական խնդիրներ կառաջանան, քանի որ ըստ աշակերտների թվի է դպրոցը ֆինանսավորվում»:
Բադալյանը խնդրի պատճառների թվում նշում է նաև դպրոցի պահպանման համար հատկացվող ֆինանսավորումը. «Իմ դպրոցը 7 մասնաշենք ունի, 1000 հատ պատուհան կա շենքում, 10-ից ավելի հավաքարար եմ պահում: Բայց ինձ էլ, մեկհարկանի փոքր դպրոցին էլ պահպանման համար նույն գումարն են հատկացնում»:
Անդրադառնալով հունվարից ֆինանսավորման կարգի սպասվող վերահաշվարկին` Բադալյանը, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, նշում է, որ դա էլ լուծում չէ. «Եթե որակ ես ուզում, ուրեմն համապատասխան ֆինանսավորում պիտի լինի: Կամ էլ` 35 հոգանոց դասարաններ, որոնց դեպքում որակի մասին խոսք լինել չի կարող»:
Ֆինանսական խնդիրը չի շրջանցել նաև երևանյան դպրոցները: Երևանի թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը նշում է, որ գումարն իրենց էլ չի բավականացնում, սակայն ուսուցիչների աշխատավարձը չեն կրճատել. «Մի կերպ տեղավորվում ենք, բայց դպրոցի բյուջեում ճեղքվածք է առաջացել, հենց հիմա հաշվապահի հետ նստած հաշվարկ ենք անում, խնդիրն ենք քննարկում: Հույս ունենք, որ հունվարից խնդիրը կլուծվի»:
Մինչ պաշտոնապես հայտարարություններ են հնչում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին, գործնականում ակնհայտ է, որ տեղի է ունենում հակառակ գործընթացը. ուսուցիչների աշխատավարձը շատ դպրոցներում կրճատվել է, չնայած գնաճի պայմաններում անգամ չկրճատված աշխատավարձը դժվար թե բավարարեր ընտանիք պահելուն: Իրավիճակն առնվազն մտածելու տեղիք է տալիս. ի՞նչ ենք ուզում, որակյալ կրթությո՞ւն, թե՞ գումարի խնայողություն:






Facebook
Tweet This
Email This Post
