Հեռուստասերիալներ. հակահայկական դիվերսիա` հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների միջոցով
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | November 12, 2011 7:00
«Ներկա հեռուստաընկերությունների քաղաքականությունը ես անվանում եմ հակապետական և հակահայկական դիվերսիա և պատրաստ եմ ստորագրել ասածիս տակ»,- հայտարարում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը` ավելացնելով, որ այսօրվա հեռուստասերիալներն ավելի մեծ վնաս են հասցնում մեր երկրին, քան թուրքական ու ադրբեջանական ամբողջ քարոզչությունը` միասին վերցրած:
Սա պարզապես հայտարարություն չէ. հեռուստասերիալների` հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի վրա ունեցած խիստ բացասական հետևանքները Վահրամը հիմնավորել է շուրջ 25 էջանոց «Ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը լրատվամիջոցներով» գիտական հոդվածում, որը տպագրվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «XXI դար» գիտական ամսագրում:
Հայաստանի ամենահեղինակավոր սերիալների մոնիթորինգն իրականացվել է մոտ մեկ ամսվա ընթացքում՝ 2011 թ. հունվարի 17-ից փետրվարի 12-ը: Ուսումնասիրվել է տվյալ ժամանակահատվածում ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 հեռուստասերիալ` «Աննա 2», «Ժառանգներ» և «Վերադարձ»: Պարզվել է, որ այդ հեռուստասերիալներում գերակշռում է ագրեսիվ բովանդակությունը, ինչը կարող է ձևավորել ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ: «Այդ սերիալներում միմյանց նկատմաբ ագրեսիա էին դրսևորում սոցիալական և սեռական բոլոր խմբերը՝ երեխան` ծնողների նկատմամբ, ծնողները՝ երեխաների, եղբայրը՝ քրոջ, ղեկավարը՝ աշխատակցի, տղամարդը` կնոջ և այլն,- ասում է նա,- իսկ այդ ագրեսիվ կամ դեպրեսիվ հուզական տրամադրվածությունը փոխանցվում է նաև լսարանին` հասարակության կոնֆլիկտայնության մակարդակը բարձրացնող պոտենցիալով»:
Ուսումնասիրության շրջանում «Աննա 2» սերիալում ներկայացվող 170 ագրեսիվ դրվագներից 118-ը, «Ժառանգներում»՝ 246-ից 154-ը, իսկ «Վերադարձում»՝ 111-ից 54-ը, եղել են ընտանիքի անդամների, հարազատների միջև: «Ընտանեկան նման հարաբերությունների ներկայացումը, հատկապես` սոցիալ-հոգեբանորեն դեռևս լիովին չձևավորված, ոչ հասուն անձանց շրջանում, կարող է առաջ բերել ընտանեկան, ընկերական խեղված հարաբերություններ և հակասոցիալական արժեքներ և որպես հետևանք՝ Հայաստանում ընտանեկան ինստիտուտի որոշակի թուլացում և այլասերում»,-ասում է փորձագետը:
Տեղին է հիշել, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջերս մի ռեպորտաժ պատրաստեց, որում հնչում էր այն միտքը, թե երեխաների ագրեսիայի համար ոչ թե հեռուստատեսությունն է մեղավոր, այլ` ծնողները: Վահրամը բացարձակապես համամիտ չէ այդ տեսակետին, ընդհակառակը, նա հիշեցնում է, որ հեռուստատեսությունը ոչ ֆորմալ կրթական ինստիտուտ է, որը պետք է իրականացնի կրթադաստիարակչական գործառույթ. «Սակայն, մեր հեռուստաընկերությունների սեփականատերերի գլխավոր նպատակը փող աշխատելն է, և այստեղ էլ առաջանում է կոնֆլիկտը»:
Արևմտյան երկրներում այդ կոնֆլիկտն առաջ է եկել դեռևս 1950-60-ական թթ., որի լուծման եղանակներից մեկն էլ եղել է հանրային հեռուստաընկերությունների ստեղծումը: «Մեր հանրայինն այդ առումով աբսուրդ է,- ասում է Վահրամը,- նման հանրային չկա ոչ մի տեղ: Բոլոր կոմերցիոն, էժանագին պրոեկտները դուրս են գալիս հանրայինից` սկսած հումորային հաղորդումներից, վերջացրած սերիալներով»:
Փաստորեն, առաջին գործիքը, ինչի միջոցով Արևմուտքը պայքարում է քայքայիչ հեռուստաընկերությունների դեմ, Հայաստանում չեզոքանում է:
Երկրորդ գործիքը, ըստ Վահրամի, հստակ չափորոշիչների սահմանումն է: «Մեզ մոտ ևս կան չափանիշներ, բայց ամեն ինչ արված է, որ այդ չափանիշները խախտվեն,- ասում է նա` որպես օրինակ նշելով այն չափանիշը, որով հեռուստատեսությամբ գռեհկաբանություն չի թույլատրվում,- բայց սահմանված չէ ամենակարևորը` ի՞նչ է գռեհկաբանությունը: Արդյունքում մենք տեսնում ենք, օրինակ` «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, հայհոյանքներով ֆիլմ»:
Անժխտելի է, որ հեռուստասերիալների պահանջարկ իսկապես կա, հակառակ դեպքում, «ապրանքն» այդքան եռանդով չէր սպառվի: Բայց հաճախ հենց իրենք` սերիալ դիտողներն են բողոքում, որ կախվածության մեջ են սերիալներից: Վահրամը դա բացատրում է նախ նրանով, որ մարդ, բացի գիտակցականից, ունի նաև բնազդային կողմ, իսկ սերիալներն ազդում են հենց բնազդային կողմի վրա. «Չկրթված կամ ոչ այնքան բարձր ինտելեկտ ունեցող զանգվածներին գրավում են բնազդային ձևերով,- ասում է նա,- բայց, մյուս կողմից, պետք է նկատել, որ սերիալը բացասական երևույթ չէ, բացասական է դրա բովանդակությունը, օրինակ` հիշենք Արևմուտքում ընդունված կառուցողական սերիալները ոստիկանության կամ ազնիվ մարդկանց մասին: Հայաստանում անունը դնում են ոստիկանության մասին սերիալ, բայց ամբողջ ֆիլմում քրեական հերոսներ են ցուցադրում` ճոխ-ճոխ ներկայացնելով հանցագործների կյանքը, որոշ սերիալներ էլ, անգամ, դրական սոցիալական դիրքորոշումներ են ձևավորում քրեական վարքի ու հանցագործ անձանց նկատմամբ»:
Հեռուստասերիալներ արտադրող հեռուստաընկերություններն առաջ են քաշում մի քանի հիմնական թեզ` «ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ սերիալներն են» կամ «հեռուստասերիալները ցույց են տալիս մեր իրականությունը, այն, ինչ կա մեր շրջապատում» և այլն: «Ողջ աշխարհում հեռուստատեսությունն է լսարանի վրա ազդող միջոցը, մեզ մոտ հակառա՞կն է,- զարմանում է Վահրամը,- կամ որ ասում են` ցույց ենք տալիս իրականությունը, այո, մեր իրականության մեջ կան հանցագործներ, բայց կան նաև մարդիկ, որ գնացել են Արցախ, զոհվել կամ կենդանի են մնացել ու այսօր էլ շարունակում են նվիրված աշխատել հայրենիքի համար: Ինչու՞ այդ կերպարներին չեն ընտրում, այլ ընտրում են հանցագործ, քրեական, ապասոցիալական կերպարներին»:
Նրա կարծիքով` պետությունը վաղը լուրջ խնդիրներ կունենա, քանի որ իր գլխին պատուհաս կդառնան հենց այն հակասոցիալական, գողական ենթամշակույթը կրող կերպարները, որոնց համար խորթ են պետականամետությունը, պետության շահերը, պետությանն օգտակար արժեքները, և որոնք «վխտում են» անգամ իր կողմից ֆինանսավորվող Հանրայինի եթերում: Բացի այդ, սերիալներում ներկայացվող մռայլ, բացասական մթնոլորտը, գումարվելով երկրում տիրող սոցիալ-քաղաքական դժգոհություններին, կարող է ավելացնել բողոքական տրամադրությունները:
Հայկական սերիալների մեկ այլ առանձնահատկությունն էլ, ըստ փորձագետի, համատարած շքեղ կյանքի նկարագրությունն է: «Եթե այդ շքեղության ցուցադրությունը դիտարկենք Հայաստանում անապահով խավի հոծ զանգվածի տեսանկյունից, սերիալները կարող են նաև շքեղ կյանքն իդեալականացնող դեր ունենալ,- կարծում է նա,- իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը հնարավորություն չի տալիս լայն զանգվածներին ապրելու նման բարեկեցիկ պայմաններում, այդ դրվագների կրկնությունը կարող է հանգեցնել արտագաղթի կամ հակաօրինական գործողությունների»:
Ընդհանրացնելով` Վահրամն առանձնացնում է սերիալների բացասական ազդեցության մի քանի եղանակներ` լեզվամտածողության խեղումներ, ընտանեկան ինստիտուտի խեղված պատկերի ներկայացում, նյութապաշտական գաղափարների, շքեղ կյանքի քարոզ, «գողական» ենթամշակույթի իդեալականացում, ոչ կոնստրուկտիվ, լարված միջանձնային հաղորդակցության ներկայացում, վերբալ և ֆիզիկական վարքի ագրեսիվ մոդելների քարոզ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետն այս հարցի լուծումը տեսնում է հետևյալ կերպ. «Բովանդակային վերահսկողություն իրականացնող այսօրվա մարմինը պետք է սահմանի հստակ չափանիշներ և ամենակարևորը` հետևի դրանց իրականացմանը: Բացի այդ, պետք է ձևավորվի գիտնականներից (սոցիոլոգներ, հոգեբաններ և այլն) բաղկացած խորհուրդ, որը լծակներ կունենա և կվերահսկի դաշտը, հակառակ դեպքում մեր հասարակությունը կգնա կործանման»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները, Հայկական հեռուստաեթերի մոնիթորինգի և խորհրդատվության մշտական հանձնախմբի հետ համատեղ ընդունեցին «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա»` պարտավորվելով մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամավոր և անշեղորեն հետևել 19 կետով սահմանված նորմերին ու վարքականոններին: Այդ կետերից մի քանիսում նշված է` զերծ մնալ հասարակական տարբեր արատները դրական համատեքստում ներկայացնող և դրանց նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից, բացառել գռեհկաբանությունները, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններն ու անբարո ապրելակերպի քարոզչությունը, մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք, խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից և այլն:
Ինչպես տեսնում ենք, հեռուստաընկերություններն այնքան էլ լուրջ չեն ընդունել խարտիան, քանի որ այսօր հեռուստասերիալներում ճիշտ հակառակ պատկերն է:






Facebook
Tweet This
Email This Post
