Ռուբեն Սաֆրաստյան. «Իմ վարկածով` Թուրքիան երեք փաստաթուղթ ունի»

Հարցազրույց | | November 10, 2011 14:32

Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ մեր հյուրն է լինելու ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ասել էինք նաև, որ հարցազրույցը բացառիկ է, բացառիկ նրանով, որ վերաբերում է թուրքական արխիվներին, ցեղասպանության կանխամտածվածության և ծագումնաբանության հարցերին: Սպասված հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Պրն Սաֆրաստյան, խոսենք մի փոքր ցեղասպանության կանխամտածվածությունից

– Ասեմ, որ ցեղասպանությունը հանցագործություն է, որը տարբերվում է այլ հանցագործություններից, որովհետև այն քրեականացված է ՄԱԿ-ի 1948 թ. փաստաթղթով: Ու ամենատարբերակիչ հանգամանքը, որ ցեղասպանությունը դարձնում է ցեղասպանություն, կանխամտածվածությունն է: Ինչպե՞ս կարելի է  դա ապացուցել: Եթե ապացուցվում է, որ կա կանխամտածվածություն, որը իրականացվել է պետության կողմից, ապա դա ցեղասպանություն է: Եթե չկա կանխամտածվածության փաստագրումը, ապա նշանակում է, որ դա կոտորած է կամ զանգվածային սպանություն:

Պրն Սաֆրաստյան, ինչպե՞ս կարելի է ապացուցել կանխամտածվածությունը, չէ՞ որ դա պետական ծրագիր է և կասկածից վեր է` հույժ գաղտնի:

– Կանխամտածվածությունը կարող է ապացուցվել երկու ձևով: Առաջին` գործողության, այսինքն` ցեղասպանության գործընթացի ուսումնասիրությամբ, ասենք` ամբողջ գործընթացն ուսումնասիրում ես ու համադրելով, համեմատելով, վերլուծելով տարբեր դրվագներ` գալիս ես եզրակացության, որ դրանց հիմքում մեկ կանխամտածվածություն կա: Իսկ երկրորդ տարբերակը փաստաթղթերն են: Փաստաթղթերն այս պարագայում ներկայացվում են որպես ծրագիր, որովհետև ցեղասպանությունը և՛ կանխամտածվածություն, և՛ ծրագիր ունի: Մեր օրերում ցեղասպանությունը ժամանակակից հանցագործություն է համարվում, այն էլ` լայնածավալ հանցագործություն, որի իրականացման մեջ ներգրավվում են պետական տարբեր կառույցներ: Եթե հնարավոր է լինում  ցեղասպանության ծրագիրը բացահայտել, ապա, միանշանակ, կա կանխամտածվածություն, իսկ եթե կա կանխամտածվածություն, ուրեմն դա ցեղասպանություն է:

Ձեր հաշվարկներով կա՞ն այսօր պետական փաստաթղթեր, որոնք կարող են ապացուցել ցեղասպանության փաստը:

– Եթե կոնկրետ պատմական իրողությանն անդրադառնանք, ապա երեք փաստաթուղթ է եղել, իմ վարկածն է դա, որոնք արտահայտում են ցեղասպանության կանխամտածվածությունը և ներկայացնում են ծրագիր, թե ինչպես պետք է այն իրականացնել: Այդ երեք փաստաթղթերը հետևյալն են. մեկը մոտավորապես 1915 թվականի հունվարի վերջին, փետրվարի սկզբին հաստատված փաստաթուղթ է, որը ներկայացնում է Օսմանյան կայսրության 5 ղեկավարների գաղտնի հանդիպման եզրակացությունների շարադրանքը: Եղել է վեցերորդը, որը դա գրի է առել: Գաղտնի հանդիպմանը մասնակցել են Թալեաթը, Վեանդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Ջամփուրադը, գնդապետ Սեյֆին և ևս մեկ գնդապետ, որը շարադրել է հանդիպման մանրամասները: Այդ փաստաթուղթը բաղկացած է տասը կետից, և եթե մենք խորությամբ ենք նայում, իմ գնահատմամբ, դա հիմնական փաստաթղթերից մեկն է: Այն առաջին անգամ հայտնի է դարձել 1919 թ. և հայտնի է դարձել հայկական թերթերից: Այն ժամանակ Անգլիան էր աշխատում Օսմանյան կայսրությունում, ուզում էին երիտթուրքերի ղեկավարներին դատել, դատն էին նախապատրաստում, հենց այդ ժամանակ էլ անգլիացիների մոտ հայտնվել է այդ փաստաթուղթը և հետո տպագրվել հայկական մամուլում: Հետո արդեն անգլիական արխիվներում հայտնաբերվել են  ուրիշ մանրամասներ` կապված այդ փաստաթղթի հետ: Վեցերորդին, որը գրի է առել, անգլիացիները ցանկացել են ձերբակալել: Գնդապետը ցանկացել է անգլիացիներին փաստաթուղթը վաճառել: Նրանք, իհարկե, փաստաթուղը վերցրել են, փողը չեն տվել, բայց նա էլ փախել է, կամ էլ ազատ են արձակել:

Երկրորդ փաստաթուղթը, իմ գնահատմամբ, մայիսի 24-ին է կնքվել Անտանտի երկրների կողմից: Երբ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Թուրքիայի մասին հատուկ հայտարարություն արեցին, «որ մեզ տեղեկություններ են հայտնի, որ Հայաստանում տեղի են ունենում ահավոր սպանություններ, որոնք կազմակերպված են թուրքական իշխանությունների կողմից, և պատասխանատվությունը դրա համար անձամբ դրվում է Օսմանյան կառավարության անդամների վրա»: Այդ փաստաթուղթը տարածել են հեռագրական գործակալությունների միջոցով:

Թալեաթը երկու տարի Սալոնիկում աշխատել է հեռագրավար, և երբ հետագայում մեծ պաշտոնների է հասել, հեռագրական մեքենան իր հետ տարել է տուն: Հենց որ Օսմանյան կայսրություն ինչ-որ հաղորդագրություն էր գալիս հեռագրական ճանապարհով, առաջինը Թալեաթն էր կարդում: Եվ այս հայտարարությունից մեկ օր անց` մայիսի 25-ին, փաստորեն,  նա զեկուցագիր է գրում կառավարությանը, ՊՆ նախարար Էնվերին` պահանջելով, որ ՊՆ ևս մասնակցի այս գործին: Արդեն փետրվարից հայերի ցեղասպանությունը սկսվել էր, և սկսվել էր  նրա հրամաններով: Ու նա վախենում էր, որ այդ հրամանի ամբողջ պատասխանատուն ինքն է լինելու: Այդ փաստաթղթում մի հետաքրքրական արտահայտություն կա` «Հայկական ապստամբություններին վերջնական լուծում տալու համար պետք է նրանց աքսորել, դեպորտ անել»: Փաստորեն, սա նշանակում է, որ աքսորը կատարվում է հայկական հարցին վերջնական լուծում տալու համար: Եվ կառավարության որոշումը դառնում է փաստորեն երկրորդ հիմնական փաստաթուղթը, այսինքն` հայերին տեղահանում են` հարցին վերջնական լուծում տալու համար:

Իսկ երրորդ փաստաթուղթն արդեն օրենքն է, որը ընդունվում է կառավարության կողմից` խախտելով իրենց օրենսդրությունը: Հունիսի 1-ին հրապարակվում է «Տեղահանության մասին» օրենքը: Եվ համաձայն այդ օրենքի` պատասխանատվությունը դրվում է բանակի վրա` անձամբ Էնվերի: Թալեաթը այնպես է անում, որ, այսպես ասած, ջրից չոր դուրս գա: Այդ օրենքում մի հետաքրքրական ձևակերպում կա. «Եթե որևիցե տեղանքում տեղակայված զորամասի հրամանատարը նախազգում է, որ հայերը կարող են վնասակար գործողություններ անել, ապա նա պարտավոր է իրականացնել հայերի տեղահանություն»: Փաստորեն, բանակին հրաման է տրվում իրականացնել այդ տեղահանությունը: Այդ ժամանակ այս ամենը հրատարակվում էր պաշտոնական թերթում, ու միայն այդ թերթը մնաց ապացույց, մյուս բոլոր փաստաթղթերը սկսած 1918-ից կեղծվեցին, թուրքերը սկսեցին աղավաղել փաստաթղթերը:

Պրն Սաֆրաստյան, Ձեր գնահատմամբ, ի՞նչ վիճակում են օսմանյան արխիվները:

Գիտեք, օսմանյան արխիվները երկար ժամանակ շատ վատ վիճակում են եղել: Որովհետև օսմանյան արխիվները եվրոպական արխիվներ չէին: Արխիվ պահելու ավանդույթ թուրքերը չունեին: Նույնիսկ 30-ական թթ. սկզբներին արխիվների որոշ մասը նրանք որպես թուղթ վաճառեցին բուլղարներին: 80-ական թթ. վերջերից, երբ ցեղասպանության հարցը ավելի սրվեց, նրանք սկսեցին արդեն աշխատել արխիվները մաքրելու վրա. հատուկ խմբեր ստեղծվեցին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը Թուրգութ Օզալն էր: Նա հայտարարեց, որ Թուրքիայի արխիվները բաց են, բայց հայտարարությանը զուգահեռ այդ խմբերը սկսեցին նաև մաքրել կարևոր արխիվները: Կառավարության արխիվը, ասենք, բաց էր, բայց հիմնական որոշումները ընդունվել են երիտթուրքական կուսակցության կենտկոմի կողմից:

Այսինքն` չպե՞տք է գերագնահատել թուրքերի արխիվները:

– Արդեն որևէ ազդեցություն  դրանք չեն կարող ունենալ, որովհետև ցեղասպանության փաստն արդեն փաստարկված է, դա փաստ է: Իսկ հիմա արխիվներում այդ ինչ պետք է գտնվի, որ նոր բացահայտում լինի: Այս դեպքում թե՛ նպատակադրվածությունը կա, թե՛ կանխամտածվածությունը և  թե՛ ծրագրի որոշակի հատվածներ… Անգամ նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում ցեղասպանությունն արդեն փաստարկված է:

Ասում են` թուրքական արխիվները բաց են բոլոր ցանկացողների համար: Նաև մե՞զ համար:

– Թուրքիան պաշտոնապես, այո, ասում է, որ թուրքական արխիվները բաց են: Բայց դա չի նշանակում, որ բոլոր արխիվներն են բաց: Հիշում եմ` 1980-ական թթ. վերջերին, երբ առաջին անգամ Թուրքիան հայտարարեց, որ արխիվները բաց են, Հայաստանի և սփյուռքի մի խումբ պատմաբաններ, այդ թվում նաև ես, միանգամից ցուցակ կազմեցինք ու դիմեցինք Թուրքիայի կառավարությանը, որ թույլ տան ուսումնասիրել այդ արխիվները: Բայց նրանք մերժեցին: Ասացին` դա դեռ հնարավոր չէ:

Դրանից հետո ինձ հայտնի է երկու հայի անուն, ովքեր աշխատել են թուրքական արխիվներում, բայց երկուսն էլ` ցեղասպանության հետ կապ չունեցող թեմաներով: Նրանց, միանշանակ, թույլ են տվել…

Իսկ լեզվի խնդիր չկա՞ն այդ արխիվներում:

– Դա շատ կարևոր հարց է: Շատերին թվում է, որ եթե մարդ օսմաներեն կարդում է, կարող է օսմանյան արխիվներում էլ աշխատել: Դա սխալ է, որովհետև օսմաներենին տիրապետել չի նշանակում, որ կարող ես օսմանյան արխիվներում աշխատել: Օսմանյան արխիվներում աշխատանքը ենթադրում է նաև օսմանյան պետական կառավարման համակարգի մանրամասների իմացություն, որը շատ ժամանակ է պահանջում: Իսկ շփոթվելու հնարավորությունը մեծանում է, եթե ամեն ինչ չգիտես: Հետո ամենակարևոր հարցն այն է, թե ինչ ես իրականում փնտրում: Որովհետև շատ դժվար է միայն հենց իրենց տված տեղեկությունների հիման վրա գնահատել, թե փաստաթուղթը ինչի մասին է:

Պրն Սաֆրաստյան, ևս մի հարց ու վերջ: Թուրքական կայքերում դրված են որոշ փաստաթղթեր, դրանք կարևոր նշանակություն կարո՞ղ են ունենալ:

– Նախ պետք է ասեմ, որ այդ փաստաթղթերը դրված են մի քանի լեզուներով: Սկզբունքորեն դրված է բնագիրը, հետո ժամանակակից թուրքերենով ու երբեմն նաև անգլերեն տարբերակով: Այդ թարգմանություններում ես շատ տարբերություններ եմ հայտնաբերել: Այսինքն`  եթե մարդը չի տիրապետում օսմաներենի, կարդում է միայն ժամանակակից թուրքերեն կամ անգլերեն, այդ տարբերությունները չի կարող տեսնել: Դա կարծում եմ` միտումնավոր են անում: Հիմա շատ բաներ համացանցում դրել են, բայց էլի դու պետք է իմանաս` ինչ ես փնտրում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply