Ին՞չ է ծրագրում Սերժ Սարգսյանը, կամ ո՞ր «օպերայից» են հրաժարականները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 11, 2011 7:00

Հրաժարականների «վարակիչ» ալիքը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտն ամբողջությամբ վերադասավորումների ենթարկվեց` փոխելով նախընտրական արշավին ոչ պաշտոնական մեկնարկին զուգահեռ քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Ընդ որում, հատկապես իշխանական դաշտում «աղմկահարույց» հրաժարականների դրդապատճառներն ակնհայտորեն վկայում են, որ խոսքը զուտ նախընտրական խաղերի մասին չէ:

Գործընթացները շատ ավելի խորքային են, քանի որ խոսքն իշխանական վերնախավում առկա լուրջ տեղաշարժերի մասին է: Ընդ որում, ֆորմալ առումով  այդ վերնախավի մեջ մտնող ոչ բոլոր անձինք են լիովին տիրապետում զարգացումների տրամաբանությանը կամ մասնակցում ընդունվող որոշումներին, չնայած հետո ասուլիսներում հայտարարություններ են անում, թե բոլոր որոշումները Սերժ Սարգսյանն ընդունում է ոչ թե միանձնյա կամ շատ նեղ շրջապատում, այլ կոլեգիալ սկզբունքով, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ: Համենայն դեպս, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն հեռացնելու մասին ընդդիմադիր թերթերից է իմացել: Եվ սա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատում խմբագրումներ է անում ընտրություններից առաջ` փորձելով խիստ վստահելի մարդկանց թիմ ստեղծել: Հետևաբար, Սերժ Սարգսյանի քայլերի տրամաբանությունը հուշում է, որ այս պահին միանգամից մի քանի խնդիր է լուծում, և բոլոր հրաժարականներն ու պաշտոնանկությունները «նույն օպերայից չեն»:

1. Սերժ Սարգսյանը փորձում է առավելագույնս վերահսկելի դարձնել ընտրական գործընթացը: Հենց սրանով էր պայմանավորված քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն ու Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը: Կարեն Կարապետյանը «հմուտ կառավարիչ է», ինչպես գովազդվում էր նրան քաղաքապետ դարձնելու շրջանում, սակայն Երևանում կանխատեսելի արդյունքներով ընտրությունների ապահովման ծրագրի իրականացման ու քաղաքական պայքարում ներգրավելու համար լավագույն թեկնածուն չէ (չնայած հրաժարական տվողների շարքում նա միակն է, որ իր ցանկությամբ է հեռացել): Այլ հարց է Տարոն Մարգարյանը, որ նախ` Հանրապետական կուսակցության հավակնոտ ներկայացուցիչ է, ընտրական գործընթացում թրծված նախկին թաղապետ, իսկ բնակչությունն ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի նրա նկատմամբ: Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ապա նրա քաղաքապետ աշխատելու ողջ շրջանում ոստիկանությունն էապես հեղինակազրկվել է, բացի այդ, նա այդպես էլ լիովին ընկալելի ու «свой» չդարձավ նաև ոստիկանական համակարգի ներսում, իսկ իր աշխատանքային գործունեությունը հենց այս համակարգից սկսած նորանշանակ Վլադիմիր Գասպարյանն  առավել ընդունելի է ոստիկանական համակարգում ու լավ է տիրապետում ներքին խոհանոցին: Հիմա կանխատեսելիության ապահովման համար Սերժ Սարգսյանին նման մարդիկ են պետք:

2. Սերժ Սարգսյանին իր կառավարման ողջ ժամանակահատվածում այդպես էլ չհաջողվեց ազատվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից: Սակայն այժմ, երբ հաջորդ ընտրություններից հետո իր միահեծան իշխանության ապահովման ամենամեծ վտանգը համարում է Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին, ամեն կերպ փորձում է ազատվել Քոչարյանի «մարդկանցից»: Ահա հենց այս «օպերայից» էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Մինչ այս Հայաստանում երբևէ չի եղել իրավիճակ, երբ պաշտոնյան հրաժարվի աթոռից նախընտրական շտաբը գլխավորելու համար: Եվ չնայած զուտ հանրային ընկալման տեսանկյունից սա կարող էր ազնիվ մոտեցում դիտվել` իբր նա իր դիրքը չի օգտագործի նախընտրական արշավի ժամանակ, սակայն բոլորը հանգեցին այն մտքին, որ Սերժ Սարգսյանն ուղղակի չի վստահում Քոչարյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ համարվող Հովիկ Աբրահամյանին, ինչն ավելի քան ակնհայտ դարձավ հատկապես Սերժ Սարգսյանի փեսային` նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Միքայել Մինասյանին նրա օգնական նշանակելուց հետո: Ընդ որում, Հովիկ Աբրահամյանն  ուղղակի անակնկալի է եկել այդ հանգամանքից` իրեն օգնական «ուղարկելու» մասին իմանալով «Հայլուրից»:

Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ կապված ուշագրավ իրողությունները սրանով չեն ավարտվում: Հովիկ Աբրահամյանը Հանրապետականի նախընտրական  շտաբի ղեկավար նշանակվելու նպատակահարմության մասին խոսելիս նշել է, թե Հանրապետականը նպատակ ունի ապահովել առավելագույն ազատ, արդար ու ազնիվ ընտրություններ, քանի որ սա փորձաքար է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ճանապարհին: Սակայն հենց այս առնչությամբ հարկ է նշել, որ ընտրությունների արդարության ու թափանցիկության ապահովման երաշխիքը ոչ թե Հովիկ Աբրահամյանի գլխավորելիք շտաբի խնդիրն է, այլ, ինչպես նորմալ երկրներում, ըստ օրենսդրության, ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը: Ավելին` հարց է առաջանում, թե ինչու է Հանրապետական կուսակցությունը դեռ ընտրություններից 7 ամիս առաջ սկսում ձևավորել նախընտրական շտաբներ:

Նկատենք նաև, որ պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է հիշել, որ հրաժարականների վարակիչ ալիքը սկսվեց վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից և Ռուսաստանից վերադառնալուց հետո: Սակայն այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ գնահատականները շատ տարբեր են, քանի որ, մի կողմից, շատերը կարծում են, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է իր քայլերի համար ստանալ Պուտինի «դաբրոն», մյուս կողմից` տարակուսանք է առաջացնում այն, որ Սերժ Սարգսյանի թիմից հեռացվող մարդիկ հիմնականում ռուսամետ կողմնորոշում ունեցողներն էին:

Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքական դաշտն իր ձեռքում կենտրոնացնել: Լայն առումով Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող վերադասավորումներն ուղղված են ամբողջ իշխանության ու քաղաքական դաշտի կենտրոնացմանն իր ձեռքում: Չնայած մի քանի անգամ արված վերամեկնաբանություններին` Տիգրան Սարգսյանը շատ ուղղակի է տեղ հասցրել Սերժ Սարգսյանի նպատակները` պնդելով, որ այն ուժերը, որոնք չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ, կմնան «կոտրած տաշտակի» առաջ: Ընդ որում, հենց ՀՀԿ-ի բազմատարրությունը հաշվի առնելով, կարելի է պնդել, որ այդ հայտարարությունն ուղղված էր ոչ միայն ընդդիմությանը կամ ԲՀԿ-ին, այլև հենց իշխանության ու ՀՀԿ-ի վերնախավում գտնվող բոլոր ֆիգուրներին, եթե հաշվի առնենք, որ հանրապետականների շարքում ևս կան Քոչարյանի աջակիցներ:

Այս հայտարարությանը շատ արագ ու «կառուցողական» արձագանքեցին Հայաստանի քաղաքական դաշտի ավագ սերնդի ներկայացուցիչները կամ, այսպես ասած, «թոշակառուները»` Պարույր Հայրիկյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը, Յուրի Մանուկյանը, որոնք, ենթադրաբար, կհայտնվեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Իսկ որոշ ակտիվ ու ասուլիսների սիրահար ՀՀԿ-ականներ մտավախություններ ունեն, որ նույնիսկ անկախ Սերժ Սարգսյանին հավատարմորեն ծառայելու կամ չծառայելու իրենց պատրաստակամությունից, կարող են դուրս մնալ ՀՀԿ-ի համամասնական ցուցակից, քանի որ Սերժ Սարգսյանը, նաև իր փեսա Միքայել Մինասյանի միջամտությամբ, այս ընտրությունների ժամանակ խաղադրույք է անելու նոր մարդկանց վրա` մտցնելով նրանց քաղաքական խաղի մեջ:

ԲՀԿն ու ՀԱԿը դեռ չեն շտապում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտի մյուս երկու հիմնական խաղացողներին` ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, ապա բացի տարբեր մակարդակներով տրվող գնահատականներից ու մեկնաբանություններից, իրենց դիրքորոշման առումով որևէ լուրջ մեսիջ երկուսն էլ դեռ չեն հաղորդել:

ՀԱԿ-ն ուղղակի հասկացավ, որ եթե նույն տեմպերով շարունակի երկխոսության շուրջ քննարկումները, ապա էլ ավելի շատ ընտրազանգված է կորցնելու, ու կրկին անցավ առավել կոշտ դիրքորոշման: Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց թաշվյա հեղափոխություն սկսելու մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին պնդեց, որ իրենց համար առաջնային է Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն այս  անգամ արդեն հստակ հայտարարվեց, որ դա կարող է լինել ոչ թե արտահերթ ընտրությունների ճանապարհով, այլ հերթական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի հետ համախմբման միջոցով Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու տարբերակով: Ավելին` ՀԱԿ-ը դեռ չի ասել, միայն պնդել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իշխանության վերնախավում, առկա ճգնաժամի հետևանք է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Գագիկ Ծառուկյանն այդ փուլում նախընտրեց չգնալ բացահայտ առճակատման Սերժ Սարգսյանի հետ` իր հավատարմությունը հայտնելով այս տարեսկզբին ընդունված կոալիցիոն հուշագրի «տառին ու ոգուն», չնայած մինչ այս ընդհանրապես ակտիվանում էին խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ն առհասարակ կարող է դուրս գալ կոալիցիայից: Բայց, իհարկե, Ծառուկյանի հայտարարությունը չի նշանակում, որ լարվածությունը հարթված է, քանի որ կասկած չկա` այդ ընտրություններում ԲՀԿ-ն Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կոնֆլիկտային հարաբերությունների ինտրիգների հիմնական առանցքն է լինելու:

Ու ամենևին էլ կարևոր չէ, որ պաշտոնապես չհաստատվեց այն տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանի դեմ Ռոբերտ Քոչարյանը դավադրություն է ձեռնարկել, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը և Արմեն Գևորգյանը: Այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս հարաբերությունների իրական դրվածքը:

 

 

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply