Ադրբեջանը` ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ. արդարացումները լուծում չեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 10, 2011 14:17

Այն, որ Ադրբեջանին հաջողվեց դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Հայաստանում ամենաքիչը լուրջ անհանգստության տեղիք պիտի տար: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հայաստանի իշխանական թևը և իշխանամետ քաղաքագետները սկսեցին բնակչությանը համոզել, թե իրականում այդ փաստը հայության շահերի տեսանկյունից որևէ վտանգ չի ներկայացնում: Անգամ մեկնաբանություններ եղան, թե ՄԱԿ-ում Ադրբեջանին ԱԽ-ի անդամ ընտրեցին նրան զսպելու նպատակով:

Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ Հայաստանում հնչող բոլոր  մտահոգությունների պատճառը համարեց ադրբեջանական քարոզչությունից տպավորված լինելը: Նորից պնդեց, թե միջազգային հանրության ու Հայաստանի կարծիքները  Լեռնային Ղարաբաղի լուծման սկզբունքների հարցում համընկնում են: «Ադրբեջանն ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Միջազգային հանրությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, և չէի ասի, որ համահունչ է Ադրբեջանի մոտեցումներին, հակառակ դեպքում այն չէր մերժվի»,- հանգստացրեց նա` պնդելով, թե   անդամակցության փաստն արժանի չէ մեծ արձագանքի. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Սակայն իրականում ոչ թե զուտ Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին, այլ Հայաստանի իշխանական վերնախավի արձագանքը դրան շատ ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն ընդամենը դինամիկ գործընթացներին պասիվ արձագանքող և հստակ ռազմավարական նպատակ չունեցող քայլերի ամբողջություն է:     Մինչև այդ հարցի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում էր, թե ինչպե՞ս կարող է հայատյացության ակնհայտ դրսևորումներ թույլ տվող ու անընդհատ ռազմական հռետորաբանություն օգտագործող պետությունը լինել միջազգային անվտանգության ու խաղաղության ապահովման համար պատասխանատու կառույցի անդամ: Սակայն արդեն քվեարկությունից հետո «պարզվեց», որ այդ անդամակցության փաստը բնավ «արժանի չէ   մեծ արձագանքի»: Ու այլևս ոչ մի բողոք չբարձրացվեց ՄԱԿ-ում:

Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը ոչ մի կապ չունի երկրի պետական շահն ու կենսական խնդիրները հոգուտ հայկական կողմի լուծելու նպատակամղվածության հետ. հայտարարությունները զուտ իրավիճակային  են:  Հայաստանը մշտապես փորձում է «մատ թափ տալ» Ադրբեջանի վրա` պնդելով, որ միջազգային հանրությունը կամ գերտերությունները համաձայն չեն Ադրբեջանի խիստ ագրեսիվ, զիջման որևէ եզր չպարունակող քաղաքականությանը և Ղարաբաղյան հարցում աջակցում  են Հայաստանին: Սակայն քանի դեռ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է գերտերությունների շահերին համապատասխան և անընդհատ կրկնում է նույն կարծրացած արտահայտությունները, ուղղակի հեգնանքով արտահայտվում արդեն տեղի ունեցածի մասին, Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացնում են իրենց հակահայկական ջանքերը:

Եվ հենց Ադրբեջանի ընտրվելու փաստը ցույց է տալիս, որ չի կարելի հույս դնել միայն գերտերությունների կողմից Ադրբեջանին զսպելու վրա:

Իհարկե կարելի է որպես արդարացում բերել այն փաստարկը, որ նույնիսկ Սլովենիան, որը, որպես եվրոպական պետություն, ավելի մեծ շանսեր ուներ անցնելու, ի վերջո հրաժարվեց պայքարից` հայտարարելով, որ իր պետությունը հավանություն չի տալիս պայքարի նման ձևին: Ըստ առկա տեղեկատվության` Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ այս  տեղին իր անհամապատասխանությունը ծածկելով դրամական  պարգևներով, Ադրբեջանը մեծ դժվարությամբ կարողացավ  2 օր տևողությամբ 17 քվեարկություններից հետո  ստանալ անհրաժեշտ ձայները և միայն այն ժամանակ, երբ նրա հիմնական մրցակից Սլովենիան, ի նշան բողոքի, հրաժարվեց մասնակցելուց, սակայն սրանից վերջնական արդյունքը չփոխվեց:

Ադրբեջանը ստացել է ՄԱԿ-ի անդամ պետություններից 155-ի ձայները, որոնց թվում են ոչ միայն իսլամական  երկրները, Արաբական լիգայի անդամները կամ «Չեզոք պետությունների շարժման»  անդամ պետությունները, այլև  ԱՊՀ երկրները, այդ թվում` Ռուսաստանը: Ավելին` Հայաստանի ռազմավարական դաշնակից, ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ Ադրբեջանի ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալը ցույց տվեց նաև Ռուսաստանի տարած աշխատանքն այդ ուղղությամբ:

Սա  վկայում է հայկական դիվանագիտության ակնհայտ թերացումները, ինչպես նաև Սփյուռքի ներուժն օգտագործելու անկարողությունը:  Ու անկախ այն հանգամանքից, որ դժվար թե Ադրբեջանին հաջողվի այստեղ ինչ-որ բանաձև անցկացնել, միևնույն է, Ադրբեջանը սրանով էապես բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը և հակահայկական քաղաքականությունն առաջ տանելու նոր ամբիոն ձեռք բերեց:  Ի վերջո, այս կառույցում են ընդունվում միջազգային ամենակարևոր որոշումները: Եվ ընտրվելուց անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ օգտագործելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում իր ձեռք բերած հնարավորությունները ղարաբաղյան կոնֆլիկտի հարցը բարձրացնելու նպատակով:

Բնական հարց է առաջանում, թե ինչպե՞ս ծայրահեղ հայատյացություն քարոզող և մշտապես ռազմական հռետորաբանությանը դիմող պետությունը պետք է նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը: Սակայն, եթե միջազգային հարաբերությունները դիտարկում ես «real politik»-ի սկզբունքով, այս հարցը միանգամից մղվում է երկրորդ պլան, քանի որ ամեն պետություն իր շահով է առաջ շարժվում:

Մյուս կողմից` Ադրբեջանն ամեն ինչ անում է սեփական քաղաքականությունը Հայաստանին վերագրելու համար և փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանի ապակառուցողականությունն է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:  Եվ սրա շուրջ ոչ թե երբեմն ելույթներ է ունենում, այլ նպատակամղված լոբբիստական քայլեր է իրականացնում: Արդեն իսկ հայտնի թեզերին վերջերս ավելացել է ևս մեկը: Ադրբեջանն անընդհատ աղմուկ է բարձրացնում, որ Հայաստանը խաղաղ պայմաններում սպառնում է ադրբեջանական քաղաքացիական անձանց, մասնավորապես` մանուկներին: Ու իբրև  թե Հայաստանի ագրեսիվ քայլերից և դիպուկահարներից իր քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար հայ-ադրբեջանական սահմանին` Աղդամի հատվածում,  սկսեց պատ կառուցել: Եվ այս պայմաններում չի կարելի ուղղակի սահմանափակվել հիշեցումով, որ Հայաստանը մշտապես հայտարարել է` պատրաստ է ետ քաշել դիպուկահարներին, եթե նույնն անի նաև Ադրբեջանը: Միջազգային հանրությունը տեղեկատվությունը ստանում է կողմերից, շահում է նա «ով ավելի բարձր է գոռում»:

Կան նաև անհանգստության այլ հիմքեր: Ադրբեջանը շատ ավելի վաղուց է փորձում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դուրս բերել ԵԱՀԿ-ի շրջանակներից, պնդում է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքն անբավարար է: Թուրքիան ու Ադրբեջանը փորձեցին ղարաբաղյան խնդիրը տեղափոխել ԵԽ` Չավուշօղլուի ջանքերով վերակենդանացնելով ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքները: ՄԱԿ-ը ևս դիտարկում են որպես այլընտրանք:

Իսկ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը վերջերս թուրքական Զամանին տված հարցազրույցում ասել է, թե Ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ-ի «մենաշնորհը չէ», ինչքան էլ բանակցություններն ընթանան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ: «Իհարկե, Թուրքիան պաշտոնապես բանակցությունների մեջ ներգրավված չէ, բայց որպես Հայաստանի և Ադրբեջանին հարևան երկիր` կարող է Ղարաբաղյան գործընթացին աջակցել քաղաքականապես: Թուրքիան կարող է կողմերի միջև երկխոսության ձևավորման համար պայմաններ նախապատրաստել»,-ասել է  նա: Այլ կերպ ասած` կաթիլ առ կաթիլ առաջ է տարվում այն գաղափարը, որ ԵԱՀԿ-ն միակ  ձևաչափը չէ, որը պետք է նպաստի կոֆլիկտի կարգավորմանը: Սրան գումարած նաև այն, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է աջակցություն ստանալ ոչ միայն իսլամական կոնֆերանսի երկրներին ու Թրքախոս ժողովուրդների ու համայնքների կազմակերպության անդամներին, այլև փորձում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ձևաչափեր առաջարկել, իր կողմ քաշել ու գործընթացում ներառել մեր հարևան հետխորհրդային երկրներին` Վրաստանին, Ուկրաինային: Եվ խնդիրն այն չէ, որ սրանք առաջին հայացքից անհավանական են թվում, այլ այն, որ այլ ձևաչափերի դիտարկման հավանականության շուրջ քննարկումներն են ակտիվանում, չնայած, ըստ մեր ազգային անվտանգության դոկտրինի, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման դուրս բերումը ԵԱՀԿ ձևաչափից վտանգ է  Հայաստանի անվտանգության համար: Իր հերթին, ԵՄ-ն էլ փորձում է որոշակիորեն սեփական խաղը առաջ տանել Հարավային Կովկասում:

Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի իրապես լինի նախաձեռնողական, ոչ թե հերքողական, ուղղված լինի ոչ թե սեփական քայլերն արդարացնելուն, կրկնի արդեն իսկ կարծրացած մոտեցումները, այլ վերանայի դրանք տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ: Ավելին` նոր իրավիճակում Հայաստանը պետք է կրկնապատկի իր ջանքերը:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply