Մեկնարկել է դեղագործության մրցունակության համաժողովը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 10:32
Երեկ մեկնարկել է դեղագործության մրցունակության 4-րդ միջազգային համաժողովը, որը նվիրվել է Հայաստանի անկախության 20 ամյակին: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը։
Ներկաներին ողջունել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
Համաժողովի 1-ին նիստը կրել է «Անկախ Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագիրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են դեղարտադրող ձեռնարկությունները, Հայաստանում գործունեություն ծավալած միջազգային դեղագործական ընկերությունները, առաջատար ներկրող ընկերությունները, լաբորատորիաները. կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության որակով ու սահմանած չափանիշներով բացառիկ են և ունեն տարածաշրջանային նշանակություն։ Համաժողովի շրջանակներում լավագույն մասնագետ-փորձագետների շնորհիվ ու մասնակցությամբ ներկայացվել է Եվրամիության չափորոշիչներին համահունչ տեղական արտադրությունը՝ կատարված աշխատանքները, տեսանելի արդյունքները։
Համաժողովի 2-րդ նիստը, որը կայանալու է նոյեմբերի 10-ին, կրում է «Միջազգային լավագույն ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագիրը։ Հայաստանում գործող հեղինակավոր միջազգային դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները կներկայացնեն իրենց փորձը, արտերկրից ժամանած աշխատակիցները զեկույցներ կկարդան’ նշելով վերջին ձեռքբերումները, ապրանքատեսակները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները։
Միջոցառմանը հրավիրվել են միջազգային փորձագետներ ու դեղագործության ոլորտի առաջատար մասնագետներ, բժիշկներ և դեղատնային ցանցերի աշխատակիցներ։
Այսպիսով` հայ բժիշկները ներգրավվել են համաշխարհային դեղագործության զարգացումներին, հնարավորություն է ընձեռնվել հատկապես օտարերկրյա մասնագետներին ուղղել իրենց հուզող հարցերը, ունենալ քննարկումներ։






Facebook
Tweet This
Email This Post
