«Բիլայն»-ը կազմել է իր աշխատակիցների համար արգելված բառերի ցանկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 12, 2009 14:13

Ձախից՝ Անուշ Բեղլոյան, Բուրաստան Մովսիսյան

Ձախից՝ Անուշ Բեղլոյան, Բուրաստան Մովսիսյան

Այսուհետ «Բիլայն»-ի սպասարկման կենտրոններում «չեմ կարող», «ընդմիջման եմ գնում», «վաղը կգաք, կտեղեկանաք» և նման այլ արտահայտություններ լսելիս հաճախորդը կարող է բողոք ներկայացնել գործող թեժ գծով և տվյալ աշխատակիցը կպատժվի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենտել»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Բիլայն»-ը սպասարկման կենտրոնների բարեկարգումից և թվաքանակի ավելացումից հետո սկսել է սպասարկման որակի բարելավման գործընթացը. ստեղծվելու է մասնագետներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից և հաճախորդներից կազմված հանրային խումբ, որը մոնիթորինգ կիրականացնի սպասարկման կենտրոններում և հարցումներ՝ հաճախորդների շրջանում:

Բեղլոյանն ասում է, որ կբացվի նաև հանրային ընդունարան, որտեղ հերթագրվելով՝ քաղաքացիները կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքները և առաջարկությունները:

Գործում է նաև թեժ գիծ՝ 0 8000 4444՝ քաղաքային հեռախոսահամարից զանգահարելու դեպքում և 4444՝ բջջային կապի բաժանորդների համար. այս համարներով ևս հաճախորդները կարող են ներկայացնել իրենց բողոքները և առաջարկությունները:

«Մարդիկ հաճախ դիմում են բողոքով, բայց աշխատակցի անունը չեն նշում՝ չուզենալով որևէ մեկին վնասել: Այսուհետ մոնիտորինգի միջոցով կկարողանանք բացահայտել թերությունները, որ ներսից հաճախ հնարավոր չէ նկատել»,- ասում է Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:

Դիտվել է 2638 անգամ:
Print Friendly

Leave a Reply