Նոր մանրամասներ փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակումից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 21:24

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակումից:

Ավազակային հարձակման արդյունքում, հրազենային վնասվածքներ են ստացել փոխանակման կետի երկու աշխատակիցները, որոնցից մեկը 40-ամյա Ռադիկ Վիրոյանն է, մյուսը` 52-ամյա Լեւոն Ավետիսյանը: NEWS.am-ի տեղեկություններով, նրանք երկուսն էլ վիրավորվել են ոտքից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանց այժմ օգնություն է ցուցաբերվում: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Վիրոյանը մարտունեցի է եւ շրջիկ գումար փոխանակող, ինչից կարելի է ենթադրել, որ հափշտակման պահին նրա մոտ մեծ գումար է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել էր, որ անհայտ անձինք ժամը 19:00-ի սահմաններում հարձակվել էին Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա: Նրանք զենքի սպառնալիքով, գանձապահից գումար են հափշտակել ու դիմել են փախուստի:

Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Նախնական տեղեկություններով վիրավորվել է երկու մարդ, որոնցից առնվազն մեկը փոխանակման կետի աշխատակիցն է:

Երկու հանցագործները կարողացել են դիմել փախուստի, արձակելով 4-5 կրակոց:

Այս պահին դեպքի վայրում ոստիկանները աշխատանքներ են իրականացնում` վարժեցված շների օգնությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply