ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Երեւանում Ֆրիտյոֆ Նանսենի արձանի բացման արարողությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 16:41

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգելի գործընկեր, նախարար Ստյորե,

Հարգարժան տիկին Գրեվ,

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր մեր մայրաքաղաքի կենտրոնում, կարելի է ասել՝ Երեւանի սրտում, բացվում է հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկի` Ֆրիտյոֆ Նանսենի արձանը:

Այո, Երեւանի սրտում, որպես վկայություն, որ հայ ժողովուրդն իր երախտավորների հիշատակը կրում է իր սրտում։

Այս արձանը գալիս է ավելանալու Նանսենի անունը կրող այն բազմաթիվ դպրոցներին, փողոցներին, մանկատներին ու հիվանդանոցներին, որոնք սփռված են Հայաստանի տարբեր անկյուններում՝ Երեւանում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում եւ այլուր, խորհրդանշելով հայ ժողովրդի ջերմությունն ու ակնածանքը Նանսենի պայծառ հիշատակի ու անվան հանդեպ։

Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ է պահում լուսավոր անունները նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են բարության սերմեր ցանելուն՝ հանուն համամարդկային բարձր արժեքների։

Այդ լուսավոր անուններից մեկն էլ Ֆրիտյոֆ Նանսենն է, որն այդ սերմերը ցանել է երկրագնդի տարբեր կողմերում, եւ այդ սերմերն այսօր ծիլեր են տալիս՝ նրա ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների տեսքով, որոնք կազմակերպվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ իհարկե՝ նաեւ Հայաստանում։

Օգնության հասնելով մեր ժողովրդի համար ամենածանր պահին, Նանսենը փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլեւ մեր ժողովրդի սասանված հավատը առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնի մարդը եւ մնա միայն ցեղասպան բարբարոսը։

Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան փրկել հավատը, հավատը մարդկային էության հանդեպ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլեւ մարդկության վաղվա օրվա հանդեպ, հավատն առ այն, որ ապրիլի 24-ին հաջորդելու է ապրիլի 25-ը։

Ազգերի Լիգայում գաղթականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենը նաեւ առաջիններից մեկը եղավ, ով անվերապահորեն դատապարտեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը եւ միջազգային բարձր ատյաններում ու քաղաքական հարթակներում իր զեկույցներով եւ  դասախոսություններով բացահայտեց Օսմանյան կայսրության քաղաքականության էությունը ու ազգերի իրավունքների պաշտպանության հարցը Ազգերի Լիգայում դարձրեց օրակարգային խնդիր:

Ահա թե ինչու նաեւ Հայաստանը չէր կարող անմասն մնալ Նանսենի ծննդյան 150-ամյակի միջոցառումներից, եւ ահա թե ինչու 2011 թվականը Հայաստանում հռչակվել է այս անվանի գործչի ու մեծ հումանիստի մեծարման տարի։

Ուրախ ենք եւ շնորհակալ, որ այս նշանակալի իրադարձությանը մասնակցելու համար Նորվեգիայից ժամանել է Նանսենի թոռնուհի, տիկին Մարիտ Գրեվը:

Սա նաեւ առիթ է շնորհակալություն հայտնելու պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար պարոն Ստյորեին։ Կցանկանայի ի դեմս Ձեզ, սիրելի գործընկեր, երախտիքի խոսք հայտնել նորվեգացի ժողովրդին՝ մարդկությանն այսպիսի զավակ, իսկ մեր ժողովրդին այսպիսի բարեկամ պարգեւելու համար։

Այսօր, կցանկանայի նաեւ հիշատակել մեկ այլ մեծ նորվեգացու`  Բոդիլ-Կատարինա Բյորնին, ում անունը եւս շատ թանկ է հայերի համար: Ցեղասպանությունից մազապուրծ հայ բազմահազար որբ մանուկների համար այս նորվեգուհին դարձավ բարեգութ մայր, սեր ու ջերմություն ներշնչող հարազատ հոգի: Որպես հիշատակի ու հարգանքի տուրք` նորվեգացի այս երկու մեծերի` Ֆրիտյոֆ Նանսենի եւ Բոդիլ-Կատարինա Բյորնի շիրիմներից բերված ու մասունք դարձած հողն ամփոփված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հայ ժողովրդի համար Նանսենն ու Բյորնը հավերժ խորհրդանշում են Նորվեգիան` նորվեգացու մեծահոգությունը, բարեսիրությունն ու նվիրվածությանը մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանությանը։ Հենց նրանք են հանդիսանում հայ-նորվեգական հարաբերությունների ամենամեծ գրավականը, որից սնուցվում է մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Կցանկանայի նաեւ շնորհակալության եւ շնորհավորանքի խոսք ասել բոլոր նրանց, ում շնորհիվ Ֆրիտյոֆ Նանսենն այսուհետ կլինի մեր մայրաքաղաքի սրտում։

Այո, Երեւանի սրտում, որովհետեւ հայ ժողովուրդն իր երախտավորների հիշատակը կրում է իր սրտում։

Շնորհակալություն։

 

 

 

 

 

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply