23 օրինախախտ տնտեսվարողներ ենթարկվեցին պատասխանատվության

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 16:07

Այսօր`նոյեմբերի 9-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
Տեղեկացնենք, որ վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:
Իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ: Տեղեկացնենք, որ 2011թվականի ընթացքում ՏՄՊՊՀ-ը մեծ ռեսուրսներ է տրամադրել մարզերում առկա խնդիրների լուծման համար: Հանձնաժողովի նման գործելաոճը լինելու է շարունակական, քանի որ մրցակցային միջավայրի բարելավման առումով մարզերում ևս անելիքները շատ են:
ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:
Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվեցին ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի
Դրանք են. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ:
Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:
Նախազգուշացման վերաբերյալ որոշում կայացնելիս` Հանձնաժողովը հաշվի է առել նաև այն, որ այս  տնտեսվարողները հիմնականում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են և նրանց հանդեպ կիրառվող տուգանքը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա: Այնուամենայնիվ, ինչպես նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի:
Հարկ է նաև նշել, որ տնտեսվարողները հիմնականում ընդունեցին իրենց կողմից կատարված խախտումը` նշելով, որ բավարար տեղեկացված չեն եղել օրենքին և հետայսու կբացառեն նման դեպքերի կրկնությունը:
Տեղեկացնենք նաև, որ վարույթների հարուցումից հետո Հանձնաժողովը հետևողական է եղել, որպեսզի տնտեսվարողների կողմից նախևառաջ վերացվեն օրենքի բոլոր խախտումները, ինչը և արվել է:

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply