Ո՞վ է լինելու Հայաստանի խորհրդարանի ապագա փոխնախագահը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 15:48

Նոյեմբերի 14-ին, երբ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում ներկայացնի եւ գնա Հանրապետական կուսակցության շտաբը ղեկավարելու, ԱԺ-ն պետք է ընտրի ոչ միայն նոր նախագահ, այլեւ, մեր տեղեկություններով, նաեւ նոր փոխնախագահ: NEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ Ազգային Ժողովի հաջորդ նախագահը, առնվազն հաջորդ հինգ ամիսների համար, լինելու է ներկայիս փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս, արդեն համաձայնվել է զբաղեցնել խորհրդարանի նախագահի պաշտոնը եւ ակտիվորեն նախապատրաստվում է ԱԺ նախագահի սենյակ տեղափոխվելու գործընթացին, թեեւ լրագրողների հետ զրույցում հրաժարվում է մեկնաբանել նման հավանականությունը:

Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանը պետք է ընտրի նաեւ փոխնախագահ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ում այդ պաշտոնի համար ընտրել են «ամենաանշառ» տարբերակը, թեեւ կարկառուն մի քանի հանրապետականներ, մասնավորապես Համլետ Հարությունյանը իրենց կապերն էին օգտագործում փոխնախագահ դառնալու համար: Փոխնախագահի պաշտոնում որոշվել է կին նշանակել, եւ այդ պաշտոնի լավագույն թեկնածուն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է, ով եւս, ըստ ամենայնի, կզբաղեցնի Նիկոյանի ներկայիս աշխատասենյակն ու տեղը ԱԺ նախագահությունում: Ի դեպ, խորհրդարանական վերադասավորումներին իր մասնակցությունն էր ցանկանում ունենալ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը` տարատեսակ լուրեր շրջանառելով, թե փոխնախագահ է նշանակվելու Հեղինե Բիշարյանը, սակայն հանրապետականները կտրականապես դեմ են արտահայտվել նման հեռանկարին:

NEWS.am-

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply