Սերգեյ Մինասյանը կոչ է անում ուշադրություն դարձնել ջավախահայության խնդիրներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 15:46

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր ասել է, որ եթե Հայաստանն այսօր ուշադրություն չդարձնի ջավախահայության խնդիրներին, ապա հետագայում կկանգնի լուրջ խնդիրների առջեւ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա նշել է, որ Հայաստանի քաղաքական վերնախավն ու հասարակությունը մինչեւ այժմ չի պատասխանել այն հարցին, թե ինչ նշանակություն ունի Ջավախքը եւ ջավախահայությունը իր համար:

“Ջավախքի հայության խնդիրների շուրջ լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Այս հարցին ոչ միայն պետական մոտեցում չկա, այլեւ հասարակությունն իր ներսում չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Ջավախքը”,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, այս հարցի լայն քննարկումը կնպաստի, որպեսզի եւ հայ, եւ վրաց հասարակությունները ձերբազատվեն փոխադարձ վախերից եւ կարծրատիպերից:

Քաղաքագետի համոզմամբ, Վրաստանի իշխանություններն էլ մինչեւ այժմ չունեն հստակ ռազմավարություն Ջավախքի հարցում, եւ փորձում են հարցը լուծել ուժային միջոցով կամ տնտեսական բարեփոխումներով:

“Երկիր” միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանն իր հերթին նշել է, որ Ջավախքի հարցում ՀՀ իշխանություններն ընդառաջ են գնացել վրաց իշխանությունների ցանկությանը` ջավախահայության խնդիրները բերելով հայ-վրացական միջպետական հարաբերությունների դաշտ, մինչդեռ դա, ըստ նրա, սխալ է:

Ռոբերտ Թաթոյանի կարծիքով, հենց այս հանգամանքը Վրաստանն այսօր օգտագործում է Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար:

 

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply