ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը հարցին Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 13:51


Մեծարգո պարոն նախարար,

 

Տիկնայք եւ պարոնայք

 

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իմ գործընկերոջը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Ստյորեին: Անցյալ տարի ես գտնվում էի պաշտոնական այցելությամբ Օսլոյում եւ սա պատասխան պաշտոնական այցելությունն է Հայաստան:

 

Այսօր լավ հնարավորություն ունեցանք շարունակել մեր երկխոսությունը՝ քննարկելու համար մեր երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ նաեւ, որ այս օրերին մենք նշում ենք Նորվեգացի հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը եւ նախարարի հետ միասին այսօր կմասնակցենք Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված հուշարձանի բացմանը, նաեւ երեկոյան ներկա կգտնվենք այդ առիթով կազմակերպված համերգին:

 

Ուրախ եմ, որ պարոն Ստյորեի այցելությունը ոչ միայն քաղաքական, մշակութային այլ նաեւ տնտեսական բաղադրիչ ունի: Այսօր առավոտյան մենք ներկա գտնվեցինք Նորվեգիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի մեկնարկին, որը նվիրված է էներգետիկ անվտանգությանը եւ փոքր հիդրոէներգետիկայի զարգացմանը:

 

Նաեւ մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեր տարածաշրջանին առնչվող հարցերին: Նախարար Ստյորեն ներկայացրեց Նորվեգիայի արտաքին քաղաքականությունը, սկանդինավյան երկրների եւ այդ տարածաշրջանի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ Նորվեգիայի մոտեցումները:

 

Քիչ առաջ ստորագրեցինք երկու ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացման հուշագիր, որը, կարծում եմ, կարեւոր է մեր երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության իմաստով: Մենք այսօր նաեւ մեկ այլ փաստաթուղթ ստորագրեցինք` համաձայնագիր, որը վերացնում է մուտքի արտոնագրերի պահանջը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:

 

Երկու երկրների միջեւ շատ պայմանագրեր չկան ցավոք: Անցյալ տարի իմ այցելության ժամանակ մենք ստորագրել էինք երկու փաստաթուղթ, այսօր եւս երկուսը: Փաստաթղթերի ընդհանուր թիվը այսօր միայն հինգ դարձավ:

 

Մենք նաեւ քննարկեցինք թե ինչպես կարող ենք ընդլայնել երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը:

 

Գլխավորն այն է, որ թե մեր կողմից եւ թե նորվեգական կողմից հայտնեցինք երկուստեք ձգտումը, ցանկությունը երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում զարգացնել, ամրապնդել, ընդլայնել եւ անելու ենք հնարավորը, որ մոտակա ժամանակ մեր հարաբերությունները թե քաղաքական երկխոսության, թե տնտեսական, թե մշակութային, թե կրթական ոլորտներում նոր թափ ստանան:

 

Շնորհակալություն:

Հարց. Պարոն Նալբանդյան, ինչպես նշեցիք, այսօր ստորագրվեց համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին, արդյոք սա նախատեսում է նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում սովորական անձնագրեր ունեցող անձանց համար:

Պատասխան.Դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերվում է մուտքի արտոնագրերի, վիզային ռեժիմի դյուրացմանը, եւ այդ շրջանակներում կլինի համապատասխան դյուրացում սովորական անձնագրեր կրողների համար:

 

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply