Ուրվագծվեցին հայ-նորվեգական համագործակցության ընդլայնման ուղիները

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 13:47

Նոյեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ իր նորվեգացի գործընկերոջ այցը լավ հնարավորությունն է` շարունակելու դեռեւս անցյալ տարի իր Նորվեգիա կատարած այցի ժամանակ մեկնարկած երկխոսությունը եւ քննարկելու հայ-նորվեգական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Յոնաս Գահր Ստյորեն գոհունակություն հայտնեց, որ իր այցելությունը համընկնում է Հայաստանում մեծ շուքով նշվող իր անվանի հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենի 150 ամյակի միջոցառումների հետ:

Բանակցություններին ծավալված քննարկումներն կենտրոնացան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վրա:

Նախարարներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, պայմանավորվեցին առավել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ` ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանման միջոցով, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման առնչվող հարցեր:

Տնտեսական համագործակցության քննարկման ենթատեքստում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին իրենց մասնակցությամբ Norsk Energi ընկերության հետ համագործակցությամբ «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացում» հայ-նորվեգական նոր ծրագրի մեկնարկը՝ նշելով, որ այն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հնարավորություններ է ընձեռում:

Զրուցակիցները քննարկեցին կրթական ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Այս առումով Նորվեգիայի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Նորվեգիայի ԲՈՒՀ-երում Հայաստանի քաղաքացիներին ուսուցման  առավել լայն հնարավորություններ ստեղծելու հարցը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին` Նորվեգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացված քայլերը:

Նախարար Նալբանդյանն իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը:

Յոնաս Գահր Ստյորեն տեղեկացրեց իր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ Եվրոպայի հյուսիսում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացների մասին:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Ստյորենն ստորագրեցին «ՀՀ Կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջեւ խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիրը»:

ԱԳՆ-ում կայացած ստորագրման արարողությունից հետո նախարարներ Նալբանդյանն ու Ստյորեն կատարեցին Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշի մարումը:

Այնուհետեւ տեղի ունեցավ նախարարների համատեղ մամլո ասուլիս:

Օրվա երկրորդ երկրորդ կեսին Հայաստանի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները կմասնակցեն Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, իսկ երեկոյան ներկա կգտնվեն Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:

 

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply