Ներկայացվել է տրանսպորտային տեսչության 9 ամիսների աշխատանքը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 15:36

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարին ներկայացվել է այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես`  2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար  դրամ:

Նախարար Մ.Վարդանյանին այդուհանդերձ չի բավարարել Տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու եւ բարելավելու համար:

Մ.Վարդանյանը նշել է, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նմանատիպ դեպքերի պատճառով Տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Նախարարը հայտնել է նաեւ, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դեպքերից:

 

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply