Ստեփան Սաֆարյանը ֆիզիկապես Ժառանգությունում, հոգեպես` ՀԱԿ-ում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 12, 2009 16:42

stepan-safaryan3Մոտ 15 տարի շարունակ  ընտրական գործընթացին մասնակից գործիչը բացահայտում է, որ «Ժառանգություն» խմբագցության նորընտիր նախագահ և կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը 1996թ. նախագահական ընտրությունների օրը աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին և ձգտել նրա ձայները ավելացնել:

«Կարծում եմ` այսքան տարի է անցել, բայց Ստեփան Սաֆարյանը հոգով մնացել է տերպետրոսյանական»,-«Անկախին» ասաց 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ Վազգեն Մանուկյանի վստահված անձ «Հոգևոր Հայաստան» հ/կ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանում լրագրության դասախոս  Անահիտ Հարությունյանը:

Նա որպես վստահված անձ`մասնակցել է բոլոր ընտրություններին`բացի նախորդ տարվա նախագահականից: Ասում է, որ հիասթափվել է քաղաքականությունից:

Հարությունյանը պատմում է, որ 1996թ. Նորքի 2-րդ զանգվածի մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հանձնաժողովի նախագահ Ստեփան Սաֆարյանը ամեն ինչ անում էր, որ իր թեկնածուն ձայների մեծամասնությունը ստանար: Իսկ 1998թ. արդեն Սաֆարյանը հանդես էր գալիս` որպես ընդդիմադիր:

«Հիշում եմ` մի կին կար, որ նստել էր քվեատուփի կողքին ու չէր ուզում վեր կենալ ու զուգարան անգամ գնալ` վախից, որ լցոնելու են,- պատմում է Անահիտ Հարությունյանը,- Չեմ էլ հիշում` ում վստահված անձն էր այդ կինը: Շատ էին նաև դեպքերը, երբ մեկ հոգին մի քանի անգամ էր գալիս ընտրելու»:

Հարությունյանի խոսքով`իրենց ընտրատեղամասում ձայների մեծամասնությամբ Վազգեն Մանուկյանը 1-ին տեղում էր, իսկ երբ թաղապետարանում պետք է ամփոփվեին արդյունքները, պարզվեց, որ մյուս բոլոր ընտրատեղամասերում առաջատարը Լևոն-Տեր Պետրոսյանն էր:

«Թաղապետարանի տվյալներից ակնհայտ երևում էր, որ մյուս ընտրատեղամասերում լցոնումներ էին եղել, իսկ մենք պայքարեցինք»,- պատմում է նա:

Ստեփան Սաֆարյանը հերքում է, ասելով որ ինքը այն ժամանակ կուսակցական չի եղել:

«Ես այն ժամանակ երիտասարդ էի ու չեմ էլ հիշում` որ կուսակցության անդամ էի, բայց շատ լավ եմ հիշում, որ ոչ մի թևին էլ չէի հարում,- «Անկախին» ասաց Սաֆարյանը,- Ես եղել եմ հանձնաժողովի փոխնախագահ, ոչ թե նախագահ և քվեները կեղծելու որևէ փորձ անգամ չեմ տեսել»:

Նրա խոսքով` իրեն փորձում են զրպարտել`«Ժառանգությունում» տեղի ունեցող վերջին իրադարձություններից ելնելով:

«Ժառանգության» վարչության անդամներ Զոյա Թադևոսյանին, Մովսես Արիստակեսյանին ու Վարդան Խաչատրյանին կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն այն էր, որ նրանք գաղտնի համագործակցել են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի հետ: Նրանց հեռացնողների մեջ է նաև Ստեփան Սաֆարյանը:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply