Արագած լեռան ստորոտից իջեցվել է ուսանողների խումբը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2011 13:59

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.10-ին Ապարանի հիվանդանոցից Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը տեղեկություն է ստացել, որ Արագած լեռ բարձրացած մի խումբ ուսանողներ իրենց են դիմել բժշկական օգնության համար։ Կանչը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել շտապօգնության երկու մեքենա, սակայն ձնաբքի պատճառով շտապօգնության մեքենաներից մեկը խրվել է ձյան մեջ և չի կարողացել շարունակել ճանապարհը։

Իրավիճակը պարզելու համար մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը հեռախոսով կապ է հաստատել ուսանողներից մեկի հետ, որն ասել է, որ իրենց անհրաժեշտ է լուսավորություն`Արագածի լանջից իջնելու համար։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։

Ճանապարհին, հեռախոսային կապ պահպանելով խմբի անդամներից մեկի հետ, փրկարարները պարզել են, որ 18 հոգանոց խմբից 8-ն արդեն իջել-հասել են «Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Արագած գիտական կենտրոն», իսկ մնացած 10-ը հասել են «Արագած» բարձր լեռնային կայան, որտեղից 300 մետր հեռավորության վրա շտապօգնության մեքենաներից մեկը խրվել էր ձյան մեջ։ Հեռախոսակապով կայանից ճշտվել է, որ կայանում գտնվող խմբի 10 անդամներից երկուսին անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Փրկարարներն ոտքով շարունակել են ճանապարհը մինչև «Արագած» կայան, առաջին բուժօգնություն են տրամադրել տուժածներին, իսկ նրանցից մեկին պատգարակով իջեցրել են մինչեւ շտապօգնության մեքենա։ Փրկարարներն ուղեկցել են նաև խմբի մյուս անդամներին և բոլորին հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին։ Փրկարարների օգնությամբ շտապօգնության մեքենան դուրս է բերվել ձնից։

Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Փրկարարական ջոկատը վերադարձել է տեղակայման վայր։

 

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply