Վազգեն Մանուկյան. «Եթե օրենքով չամրագրվենք, կդառնանք սովորական հասարակական կառույց»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2011 20:40

«Հասել ենք եզրի, երբ այլևս առանց ՀԽ մասին օրենքի հնարավոր չէ,-այսօր` նոյեմբերի 8-ին,  տեղի ունեցած ՀԽ 14-րդ լիագումար նիստին այս  մասին հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: -Եթե օրենքով չամրագրվենք, կդառնանք սովորական հասարակական կառույց»:

Մանուկյանը որպես օրինակ մատնանշում է ռուսական հասարակական խորհուրդը, որի լիազորություններն ամրագրված են օրենքով և նրա բարձրացրած ցանկացած հարց պարտավոր են քննարկել թե տեղական ինքնակառավարման մարմինները, թե պետդուման:

Մանուկյանն առաջարկեց ՀԽ անդամներին մտածել ՀԽ մասին օրենքի նախագիծ մշակելու շուրջ:

Այնուհետև անդրադարձ կատարվեց Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի խնդրին. վերջինս կառավորության որոշմամբ պետք է դառնա հիմնադրամ, ինչին դեմ է ինստիտուտի աշխատակազմը: Վերջիններս նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ՀԽ նախագահին, ինչն էլ հիմք է դարձել, որ հարցն ուսումնասիրվի ՀԽ-ում:

ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանը ներկայացրեց, որ դեռ 2009-ին կառավարության որոշմամբ ստեղծվել է միջազգային փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրել է ֆիզիկայի ինստիտուտի գործունեությունը`  հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, կառավարման բարեփոխումներ առաջարկելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ գործող կառավարման համակարգը բարդ է և արդյունավետ գործունեություն չի ապահովում:  Ըստ այդմ, կառավարությունը որոշել է ինստիտուտը վերանվանել գիտական լաբորատորիա և դրան տալ պետական ոչ առևտրային կառույցի կարգավիճակ: Կառավարության մեկ այլ որոշմամբ, սակայն, ավելի ուշ որոշվել է ինստիտուտը վերածել հիմնադրամի:

Ղուկասյանը նշեց, որ փորձել են պարզել ինստիտուտը հիմնադրամի վերածելու դրդապատճառները, սակայն վերջնական պատասխան այդպես էլ չեն ստացել:

«Մեծ բացթողում է, որ հիմնադրամի վերափոխելու ընթացքում դադարեցված է գիտական խորհրդի` որպես կառավարման օղակի, գործունեությունը: Այն պետք է գործեր մինչև իրավական կարգավիճակի վերջնական հստակեցումը»,- ասում է Ղուկասյանը:

Վազգեն Մանուկյանը նշեց, թե Ներսես Երիցյանը ՀԽ-ին նամակով տեղեկացրել է, որ հիմնադրամը կառավարման ավելի արդյունավետ հնարավորություն է ընձեռում, ինչի պատճառով էլ նախապատվությունը դրան են տվել: Սակայն այս պարագայում մի քանի մտահոգություններ կան. հիմնադրամը մասնավոր կառույց է և պետությունը որևէ կերպ պարտավորված չէ այն ֆինանսավորել, մինչդեռ ողջ աշխարհում հիմնարար գիտությունը պետությունից պարտադիր ֆինանսավորում է ստանում:  Հստակեցված չէ նաև, թե արդյոք ինստիտուտի առաջատար գիտնականները որևէ մանսկացություն կունենան որոշումների կայացման գործընթացին կամ ընդգրկված կլինեն հոգաբարձուների խորհրդում, որն էլ որոշելու է հիմնադրամի թե գիտական ուղղվածությունը, թե ֆինանսական հարցերը:

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը նշեց, որ մինչ կորոշվի ինստիտուտի կարգավիճակը, տուժում է դրա գիտական ներուժը, ուստի կարգավիճակի հարցը պետք է հնարավորինս շուտ լուծվի. «Մենք գիտնականներ ենք և պետք է ֆիզիկայով զբաղվենք, ոչ թե օրենք ուսումնասիրենք»:

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Ասատրյանն ասում է, որ ինստիտուտում զբաղվում են հիմնարար գիտությամբ, որի արդյունքները տասնյակ տարիներ հետո նոր կարող են երևալ, և կողքից դժվար կլինի հասկանալ, թե ինչ են անում այդ գիտնականները. «Հիմնարար գիտությունը ենթադրում է պետական կառավարում, բացի այդ գիտնականն ինքը պետք է որոշի, թե ինչով զբաղվի»:

Ասատրյանը նշում է, որ հայաստանյան իրականությունում հիմնադրամի մասին օրենքը հարմարեցված չէ գիտական հիմնարկի համար. «Փորձը կարող է ողբերգական լինել: Փորձը կտապալվի, հիմնարար գիտությունը կջնջվի, փորձելու են զարգացնել կիրառական գիտությունը, խոսքը միջուկային բժշկության մասին է»: Նրա խոսքով` ֆիզիկայի ինստիտուտը պետք է գտնվի ԿԳՆ ենթակայության տակ որպես ՊՈԱԿ:

ՀԽ անդամ Էդիկ Ղազարյանն էլ դեմ արտահայտվեց ֆիզիկայի ինստիտուտի անվան փոփոխությանը. այն հիմնադրվել է 1943-ին և գիտության ոլորտում համարվում է «ազգային մայր հիմնարկ»:

«Միջազգային բրենդը Երևանի ֆիզիկայի ինստիտուտն է, ոչ թե ազգային լաբորատորիան: Եկեք մատենադարանի անունն էլ փոխենք: Առանց այդ էլ բրենդները քիչ են»:

Ղազարյանը նշում է, որ հոգաբարձուների խորհրդում լավագույն դեպքում կարող են ընդգրկվել 1-2 գիտնականներ, որոնք որոշիչ դեր չեն ունենա որոշումների կայացման գործընթացում, մինչդեռ հիմնարար գիտության պարագայում զրագացման ուղղությունները պետք է որոշեն գիտնականները:

ՀԽ-ն 26 կողմ և մեկ ձեռնպահ արդյունքով ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի պետք է ԿԳՆ-ին առաջարկել մինչև ինստիտուտի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը  վերականգնել գիտական խորհուրդը և նրան շնորհել նախկին լիազորություններով: Իսկ կառավարությանը կառաջարկվի հնարավորության դեպքում կասեցնել ինստիտուտը հիմնադրամի վերածելու գործընթացը և քննարկումների արդյունքում գտնել խնդրի լուծման առավել արդյունավետ և բոլորի համար ընդունելի տարբերակ: ՀԽ-ն նաև հետամուտ կլինի հարցի հետագա զարգացումներին և անհրաժեշտության դեպքում այն նորից օրակարգ կընդգրկվի:

ՀԽ օրակարգում էր նաև կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրմանն առնչվող օրչենսդրական փաթեթի հարցը. Քաղաքացիական հասարակության կայացման հարցերով հանձնաժողովի նիստերում քննարկումների արդյունքում մշակվել էր առաջարկությունների փաթեթ, որն էլ հավանության արժանացավ ՀԽ անդամների կողից: Ըստ այդմ, ՀԽ-ն կառաջարկի կառավարությանն ու ԱԺ-ին օրենքով ամրագրել կենսաչափական տվյալներով անձնագրերի,  նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների ձեռքբերման կամավորության սկզբունքը և դրանցից հրաժարվող քաղաքացիների կամ նրանց գործատուների հանդեպ վարչական պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությունը:

Օրենքում շարադրել կենսաչափական և անձնական տվյալների ամբողջ ցանկը և դրա փոփոխությունների իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը: Օրենսդրական երաշխիքներ սահմանել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տվյալների բազայի անվտագնությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու համար: Նպաստել նոր համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների ծավալմանը, իրականացնել քարոզչական-բացատրական ծրագրեր:

ՀԽ-ն միաձայն հաստատեց նաև գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի` 2012-ը Հայաստանում ընտանիքի տարի հայտարարելու մասին առաջարկը:  ՀԽ-ն գործադիրին կառաջարկի մշակել հատուկ համալիր ծրագիր և Ընտանիքի տարվա միջոցառումների ֆինանսավորման հարցը ներառել 2012թ. պետբյուջեում:

ՀԽ-ն  հավանության արժանացրեց  նաև գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով  հանձնաժողովի ներկայացրած ծրագիրը՝ ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման մասին: Որոշվեց այն ներկայացնել ՀՀ կառավարությանը՝ Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրում ընդգրկելու առաջարկությամբ:

 

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply